Մատչելիության հղումներ

Վիկտոր Սողոմոնյան. «Առայժմ Քոչարյան-Ալիեւ հանդիպման մասին խոսելը վաղաժամ է»


Հայաստանի նախագահի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը այսօր հայտարարել է, թե այս պահի դրությամբ Քոչարյան-Ալիեւ հանդիպման մասին խոսելը վաղաժամ է:

«Բառացիորեն նախօրեին պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ, եւ դա, փաստորեն, ձեւավորված ընթացակարգ է. երբ նախարարները հանդիպեն, կփորձեն նախապատրաստել երկու նախագահների հանդիպումը»,- այսօր կայացած ասուլիսում հայտարարեց Վիկտոր Սողոմոնյանը՝ հավելելով.- «Բացառել այն հանգամանքը, որ մինչեւ այս տարվա ավարտը կարող է տեղի ունենալ բանակցությունների այդ փուլը, ուղղակի այսօր չի կարելի»:

Անդրադառնալով Մերձավոր Արեւելքի իրադարձություններին՝ Վիկտոր Սողոմոնյանը ասաց.- «Այս պահի դրությամբ Հայաստանը չի պատրաստվում իր զորամիավորումը ներկայացնել խաղաղարար առաքելություն իրականացնելու համար իսրայելա-լիբանանյան հակամարտության գոտում»:

«Նախ, խաղաղարար ուժերի մանդատը վերջնականապես հստակեցված չէ, այսինքն, պարզ չէ՝ նրանց գործողությունները ինչ շրջանակներով են սահմանափակվում: Մյուս կողմից, Հայաստանը չի կարող չմտահոգվել Լիբանանում մեծաթիվ հայ համայնքի շահերով՝ հասկանալով, որ տարբեր բախումներում հայ խաղաղապահների մասնակցությունը կարող է խնդիրներ առաջացնել հայ համայնքի համար: Այս մասին պաշտոնական Երեւանը ուղղակի պարտավոր է մտածել», - նշեց նախագահի մամլո խոսնակը:

Սողոմոնյանը տեղեկացրեց, որ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը մինչեւ այս տարեվերջ աշխատանքային այցով մեկնելու է Գերմանիա, մասնակցելու է Մինսկում ԱՊՀ գագաթնաժողովին եւ պաշտոնական այցով կմեկնի Ղազախստան:

Ինչ վերաբերում է բարձրաստիճան պաշտոնյաների՝ Հայաստան կատարելիք այցերին, ըստ Վիկտոր Սողոմոնյանի, այժմ դիվանագիտական խողովակներով քննարկվում է Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի պաշտոնական այցի հնարավորությունը: Մինչեւ տարեվերջ սպասվում են Սլովենիայի եւ Ռումինիայի նախագահների այցերը Հայաստան:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG