Մատչելիության հղումներ

Բոբ Մարլին՝ Յամայկայի խորհրդանիշ


Մարլիի կիսադեմով հուշադրամի արժեքը ուղիղ 100 դոլար է, բայց բանկի ղեկավարները կասկած չունեն, որ թողարկված բոլոր հուշադրամները՝ ընդհանուր առմամբ հազար հատ, շատ արագ սպառվելու են: Դրանց վաճառքը կմեկնարկի արդեն այս շաբաթ:

Բոբ Մարլիի մահվանից անցել է 25 տարի, բայց շարունակում է մնալ հարյուր հազարավոր երաժշտասերների կուռքը, ինչպես նաեւ բազմաթիվ վեճերի առարկա: Զուտ երաժշտական գործունեությամբ Մարլին իր կարճատեւ կյանքի ընթացքում չէր չսահմանափակվել: Նրա երգերի մեծ մասը հստակ գաղափարական հիմք ուներ՝ սեւամորթների հավասարություն, պայքար գաղութատիրության դեմ: Մահվանից հաշված ամիսներ առաջ Մարլիին հրավիրեցին Հարարե՝ մասնակցելու Զիմբաբվեի անկախության հռչակման առթիվ կազմակերպված տոնակատարություններին: Ու թեեւ երաժիշտն անբուժելի հիվանդ էր՝ նրա մոտ բժիշկները գլխուղեղի քաղցկեղ էին հայտնաբերել, նա մեկնեց Հարավային Աֆրիկա՝ հայտարարելով, թե նման համերգը ամենամեծ պարգեւն է իր համար:

Յամայկայի իշխանությունները Մարլիի նկատմամբ երկակի վերաբերմունք ունեին: Մի կողմից, նա, կարծես, կղզու այցետոմսը լիներ ողջ աշխարհում, մյուս կողմից՝ ողջ կյանքում նա միշտ ընդդիմադիր հայացքների տեր է եղել: Այդ պատճառով էր երեւի, որ առաջին ու վերջին շքանշանը հայրենիքը Մարլիին պարգեւեց մահվանից մեկ ամիս առաջ, իսկ ազգային հերոսների շարքին նրան դասեցին մահվանից շատ տարիներ անց՝ այն էլ հասարակական կարծիքի հզոր ճնշման ներքո:

Հուշադրամի թողարկումն էլ, կարծես, առանց բարդությունների չանցավ. այն պետք է պատրաստ լիներ դեռ անցած տարի, երբ լրացել էր Մարլիի 60-ամյակը: Բայց առանց շքանշանների, հուշադրամների ու հերոսի կոչման էլ մահվանից 25 տարի անց Մարլին շարունակում է մնալ 20-րդ դարի երաժշտության ամենաճանաչված, սիրված ու հարգված դեմքերից մեկը: Իսկ նրա No woman no cry երգը աշխարհի ռադիոկայաններով ամենահաճախ հեռարձակվող երգերից մեկն է:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG