Մատչելիության հղումներ

Անտոնիո Գուտերեշ. «Մենք խիստ հետաքրքրված ենք ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմամբ»


«Մենք փայլուն համագործակցում ենք Հայաստանի կառավարության հետ»,- այսօր Երեւանում հայտարարեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեշը:

Նա ողջունեց կառավարության ջանքերը փախստականների համար կացարանների, ինչպես նաեւ Հայաստանի հասարակությանը ինտեգրման պայմանների ապահովման ուղղությամբ: ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը հատուկ գոհունակություն հայտնեց Հայաստանում ներգաղթի, այսինքն՝ երկրում ապաստան խնդրող մարդկանց համար օրենսդրական եւ ինստիտուցիոնալ դաշտի ձեւավորման ուղղությամբ աշխատանքների առումով: Գուտերեշը նաեւ շնորհակալություն հայտնեց Լիբանանից փախստականներին ընդունելու համար:

Ղարաբաղյան կարգավորման առնչությամբ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը հայտարարեց. «Թեեւ մենք լիովին ապաքաղաքական կառույց ենք, այդուհանդերձ, մենք խիստ հետաքրքրված ենք խնդրի խաղաղ կարգավորմամբ եւ կարծում ենք, որ համաձայնությունները, որոնք հնարավորություն կտան տեղահանվածներին վերադառնալ իրենց բնակավայրերը, կարող են փոխադարձ վստահության ձեւավորման տարր դառնալ, որը կարող է նպաստել առաջիկայում խնդրի վերջնական կարգավորմանը»:

Հարցին, թե քննարկվելո՞ւ է արդյոք Ադրբեջանում հայ փախստականների թողած գույքի ու սեփականության վերադարձի հնարավորությունը, Անտոնիո Գուտերեշը պատասխանեց, որ խաղաղ կարգավորման դրական արդյունքներից կարող է լինել երկու կողմերի գույքային իրավունքների վերականգնումը. «Եթե քննարկվում է փախստականների վերադարձի տարբերակը, ապա դա կարող է լինել սեփականության իրավունքի վերականգնումը, եթե վերադարձի տարբերակը չի քննարկվում, ապա դա կարող է լուծվել փոխհատուցման ճանապարհով»:

Համատեղ ասուլիսին մասնակցած Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտնեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկում են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման հնարավորությունները, թեեւ սա առայժմ քննարկման փուլում է եւ կոնկրետ վայր կամ ժամկետ չի նշվում:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG