Մատչելիության հղումներ

Կառավարությունը գերադասում է գիտությունը բարեփոխել կոնսենսուսային քայլերի տարբերակով


Կառավարության այսօրվա նիստում, որը վարում էր նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հաստատվել է գիտության ոլորտի բարեփոխումներին ուղղված միջոցառումների ցանկը:

Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը հիշեցրեց, որ այդ նպատակով մեկ ամիս առաջ ստեղծվել էր միջգերատեսչական հանձնաժողով, որն էլ մշակել է գիտության առաջնահերթությունները, բովանդակային խնդիրները, կառավարման հետ կապված հարցերը:

Ի պատասխան հարցի, թե որքանո՞վ է ՄԱԿ-ի փորձագետների կողմից առաջարկված Գիտությունների ազգային ակադեմիայի բարեփոխումների՝ աղմուկ բարձրացրած ծրագիրն ընդունելի կառավարության համար, նախարարը հիշեցրեց, որ Հայաստանի անկախացումից ի վեր պարբերաբար արվել են գիտության ոլորտի բարեփոխման փորձեր, եւ հնի ու նորի մշտական սինթեզը հանգեցրել է տարբեր խնդիրների: Դրանցից մեկն, օրինակ, գիտական ինստիտուտների թվաքանակի աճն է, որը զուգորդվում է գործող գիտնականների թվի կրճատմամբ. «5-6 հազար գիտնականների համար, որոնք Հայաստանում այսօր աշխատում են, մենք ունենք շուրջ 200 գիտական ինստիտուտներ»:

Մյուս կողմից, նախարարի համոզմամբ, չի կարելի խոսել արմատական օպտիմիզացիայի մասին. յուրաքանչյուր փոփոխություն պետք է հնարավոր լինի հիմնավորել գիտնականների համար: ՄԱԿ-ի զեկույցում, օրինակ, ընդհանուր իրավիճակի գնահատման սկզբունքներ կային, որոնք ընդունելի էին, սակայն առաջարկվող քայլերն այնքան արագ էին ու անսպասելի, որ բազմաթիվ քննարկումների ու քննադատության առիթ դարձան:

Այնպես որ, կառավարությունը գերադասելու է գիտությունը բարեփոխել կոնսենսուսային՝ փոխհամաձայնեցված քայլերի տարբերակով:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG