Մատչելիության հղումներ

Դպրոցների տնօրենները չեն վստահում գիտելիքների գնահատման նոր համակարգին


Նրանք իրենց դժգոհությունը հիմնավորում էին նրանով, որ նոր ուսումնական տարվան մնացել է ընդամենը երկու շաբաթ, իսկ հաջորդ տարի արդեն հայոց լեզվի եւ գրականության քննությունը պետք է անցկացվի դպրոցի ավարտական եւ բուհական ընդունելության միասնական կարգով: Դիմորդները եւ դպրոցը պետք է տարեսկզբից արդեն հստակ իմանան՝ ի՞նչ կարգի առաջադրանքներ են լինելու, որպեսզի հասցնեն նախապատրաստվել: Այնինչ, տեսական քննարկումներից բացի, դեռեւս կոնկրետ որեւէ առաջադրանք կամ փաստաթուղթ դպրոցներին տրված չէ:

«Մենք այս երկրում ենք ապրում եւ գիտենք, որ ամեն լավ գաղափար վարկաբեկվում է, մրոտվում է բարձրաստիճան պաշտոնյաների քմահաճույքների շնորհիվ»,- նշեց թիվ 27 դպրոցի տնօրեն Անահիտ Բախշյանը,- «Գաղափարը լավն է եւ կոչված է, իրոք, բարձրացնել դպրոցի հեղինակությունը, բայց այսօր նրանց կեցվածքն այն է, որ վերեւից են նայում դպրոցին»:

Դպրոցի ավարտական եւ բուհական ընդունելության գործող համակարգի արմատական փոփոխությունն ու գիտելիքների գնահատման նոր համակարգի ստեղծումը նախատեսված էր Համաշխարհային բանկի «Կրթության որակ եւ մատչելիություն» 19 միլիոն դոլարանոց վարկային ծրագրով: Այն ենթադրում է դպրոցի ավարտական եւ ընդունելության միասնական քննություններ՝ երկրի 40 քննական կենտրոններում: Քննությունները նախատեսվում է անցկացնել նույն օրը, նույն ժամին եւ միասնական թեստերով: Հեղինակի անուն-ազգանունն ամրագրված է բառ-կոդում եւ կարող է հայտնի դառնալ միայն աշխատանքի ստուգումից եւ գնահատումից հետո: Եւ այդ ամենն իրականացվում է միայն համակարգչով: Աշխարհի 40 երկրներում գործող այս համակարգի ներդրումը նպատակ ունի հնարավորինս բացառել մարդկային գործոնի դերը բուհական ընդունելության բնագավառում:

Ծրագիրն իրականացնելու համար 2004 թվականի ամռանը ձեւավորվեց Գիտելիքների գնահատման եւ թեստավորման կենտրոն, որն արդեն 8 առարկա փորձարկել է, իսկ հոկտեմբերին կանցկացնի եւս մեկ փորձարկում 4 առարկայից:

Տնօրեններին այսօր առավել հետաքրքրում էր, թե ինչպե՞ս է ապահովվելու միասնական քննությունների թափանցիկությունը, ի՞նչ սկզբունքով են ձեւավորվելու քննական հանձնաժողովները, եւ արդյոք առարկայական հանձնաժողովների արդեն ավանդական դարձած կազմը եւ ընդունելության քննությունների «մաֆիան» իրենց դերը չե՞ն խաղա նաեւ նոր համակարգում: Ի վերջո, որքան էլ արդյունքների ստուգման էլեկտրոնային համակարգը խոստումնալից է, սակայն քննություններից հետո գրավորները տարբեր մարզերից պետք է տեղափոխեն մարդիկ, ուստի՝ այստեղ հնարավոր է ամեն ինչ:

«Վերահսկողության եւ ծածկագրման հստակ մեխանիզմեր են մշակված, պատասխանատվությունը պետք է հստակ բաշխվի»,- վստահեցրեց Գիտելիքների գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Վանյա Բարսեղյանը,- «Աշխատանքները տեղափոխելիս պոլիէթիլենային ծրարներ են օգտագործվելու՝ կնքված, ստորագրված».

Խնդիրը համատեղ քննարկելու նպատակով հրավիրված հանդիպումն ավարտվեց նրանով, որ դպրոցների ղեկավարների մեծ մասը կեսից լքեց դահլիճը՝ պատճառաբանելով, թե իրենց հուզող հարցերի պատասխանն այդպես էլ չստացան:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG