Մատչելիության հղումներ

Իրացված տարածքների նախկին բնակիչները պատրաստվում են երթեր կազմակերպել


Հյուսիսային եւ Գլխավոր պողոտաների նախկին բնակիչները երեքշաբթի օրը կրկին հավաքվել էին նախագահի նստավայրի մոտ՝ ցույց տալու, որ իրենց վճարված փոխհատուցումից գանձված եկամտահարկի գումարները վերադարձնելուց հետո էլ խնդիրը փակված համարել չի կարելի:

Երեւանի կենտրոնի իրացված տարածքների նախկին բնակիչներին վճարված փոխհատուցումից գանձված 10 տոկոս եկամտահարկը վերադարձնելու մասին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր անցյալ շաբաթ Լոռու մարզ կատարած այցելության ժամանակ:

Հյուսիսային եւ Գլխավոր պողոտաների նախկին բնակիչները, որոնց մեծ մասը սեփականության դիմաց տրված փոխհատուցումներով այդպես էլ բնակարան գնել չի կարողացել, պնդում են, թե 2-3 հազար դոլար հետ ստանալով, միեւնույն է բնակարանի խնդիր լուծել հնարավոր չէ, եւ կրկին պահանջում են վերանայել իրենց բնակարանների դիմաց տրված փոխհատուցման չափերը. «Մեզ պետք է ապահովեն բնակարանով: Մենք մնացել ենք փողոցներում, մենք անտուն ենք»:

Ոմանք էլ խոստովանեցին, թե իսկապես շնորհակալ են, որ մի քանի տարի հետո նախագահը որոշել է բնակիչներից «գողացված» գումարները հետ տալ: Սակայն ցուցարարները պնդում էին, որ այդ 10 տոկոսը պետք է վերադարձվի համապատասխան հավելավճարներով, քանի որ իրենցից գանձված գումարներից 3 տարի շարունակ ոմանք շահույթ են ստացել, իսկ իրենք տուժել են. «Հիմա այդ 3 տարվա շահույթն էլ հետը թող վերադարձնեն: Մեզնից վերցրել, ավելի շուտ՝ հափշտակել են այդ գումարը, հաշվել են դոլարի փոխարժեքով, որն այն ժամանակ 560 դրամ էր, իսկ հիմա՝ 390: Նախկին 560-ով պետք է մեզ վերադարձնեն»:

Ցուցարարներին երեկ ընդունել է նախագահի գրասենյակի նամակների բաժնի ղեկավարը, ում Երեւանի կենտրոնի նախկին բնակիչները փոխանցել են, թե վերջին անգամ են ներկայացնում իրենց պահանջները եւ պատրաստվում են առաջիկայում երթեր կազմակերպել:

Կենտրոնի նախկին բնակիչները սկսել են համագործակցել միջազգային մի շարք կազմակերպությունների հետ, որոնց օգնությամբ պատրաստվում են իրենց ոտնահարված իրավունքների հարցը բարձրացնել միջազգային ատյաններում:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG