Մատչելիության հղումներ

Երկու զոհ ավտովթարից


Ինչպես այսօր տեղեկացրել է Հայաստանի գլխավոր դատախազությունը, շաբաթ օրը ժամը 14:30-ի սահմաններում՝ Վանաձոր-Երեւան ավտոճանապարհի 35,7 կիլոմետր հատվածում ընթացող «ՄԱԶ» բեռնատար ավտոմեքենային ամրակցված քարշակի վրա գտնվող գազի գլանաձեւ տարան պայթել է, կցորդը անջատվել մեքենայից, որը, դուրս գալով ճանապարհի երթեւեկելի մասից, գլորվել է Աղստեւ գետի ձորը: «ՄԱԶ» մակնիշի մեքենայի հետեւից ընթացող «ՎԱԶ 21-06», «ՎԱԶ 21-07» եւ Peugeot մակնիշի ավտոմեքենաները պայթյունի հետեւանքով այրվել են:

Նշված մեքենաների բոլոր ինը ուղեւորները եւ «ՄԱԶ» մակնիշի մեքենայի վարորդ Արամայիս Մեջլումյանը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են Երեւանի Այրվածքաբանության կենտրոն: «ՎԱԶ 21-07»-ի վարորդ Սամվել Հովսեփյանը եւ «ՎԱԶ 21-06»-ի վարորդ Արա Օչիկյանը հիվանդանոցում մահացել են:

Փաստի առթիվ Տավուշի մարզի դատախազության կողմից հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այսինքն՝ «ավտովթար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ»: Կատարվում է նախաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG