Մատչելիության հղումներ

Արթուր Բաղդասարյան. «Կրիմինալը համախմբվում է հայտնի կուսակցությունների շուրջ»


«Կրիմինալը մտնում է քաղաքական դաշտ եւ համախմբվում հայտնի կուսակցությունների շուրջ»,- հայտարարեց «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, Հայաստանի Ազգային ժողովի նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանը կուսակցության երիտասարդական միության անդամների հետ հանդիպմանը, որ կայացավ շաբաթ օրը Աղավնաձորում:

Նրա խոսքերով, քրեական աշխարհի ներկայացուցիչները մուտք են գործում կուսակցություններ, «բռնությամբ, ծեծելով, ահաբեկելով փորձում են իրենց գործն առաջ տանել, օլիգարխները հարկեր չեն մուծում, փողերը հավաքում են, տալիս ժողովրդին, որ քվեներն առնեն»

Հանրապետական կուսակցությանը պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի անդամակցությանը խորհրդարանի նախկին խոսնակը դրական է վերաբերվում, քանի որ, ըստ նրա, գաղտնիք չէ, որ Սարգսյանը ստվերում միշտ էլ սատարել է Հանրապետական կուսակցությանը, ուստի համագործակցությունը բաց, թափանցիկ քաղաքական դաշտ տեղափոխելը ավելի խրախուսելի էր. «Շատ լավ է, որ Հայաստանում տեղի է ունենում բաց գործընթաց, որ մարդիկ տեսնում են, որ ոչ թե ստվերային միջոցներով են կուսակցություններին աջակցում, այլ՝ բաց: Հիմա Սերժ Սարգսյանը կուսակցության խորհրդի նախագահն է, կուսակցությունն ունի երկու նախագահ, եւ առաջիկայում հրապարակային քաղաքական դաշտում կոնկրետ երեւույթների եւ իրադարձությունների վաղվա զարգացումների շուրջ մենք մեր հստակ դիրքորոշումն արդեն կարտահայտենք»:

Ըստ «Օրինաց երկիր»-ի առաջնորդի, Հայաստանը հեռու է ժողովրդավարական արժեքներից, քանի որ այստեղ չի գործում խոսքի ազատության ինստիտուտը, եւ ոչ էլ երբեւէ ազատ եւ արդար ընտրություններ են եղել:

«Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հետ զրույցում Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ «Օրինաց երկիր»-ը վերսկսում է ակտիվ քաղաքական գործունեությունը եւ այն կծավալի ընդդիմադիր դաշտում: Նա տեղեկացրեց, որ կուսակցությունն արդեն սկսել է քաղաքական երկխոսությունը եւ պարբերաբար քաղաքական շփումների մեջ է տարբեր կուսակցությունների հետ, որոնցից մի քանիսի հետ հնարավոր է առաջիկայում համագործակցել. «Մեր երկիրը, հասարակությունը փոփոխություններ են ակնկալում, եւ բոլոր այն ուժերը, որոնք պատրաստ են իրենց շահերը դնել մի կողմ եւ համագործակցել հանուն այդ փոփոխությունների՝ մենք պատրաստ ենք»:

Միաժամանակ, Արթուր Բաղդասարյանի խոսքերով, «Օրինաց երկիր»-ը կուսակցությունների հետ դաշինք կազմելու անհրաժեշտություն դեռ չունի: Կոալիցիայից դուրս գալուց հետո կուսակցության շարքերը համալրվել են 15 հազար նոր անդամներով, որոնք, «Օրինաց երկիր»-ի նախագահի բնորոշմամբ՝ «ուղղակի ցուցակներ չեն», ինչպես «մյուս հայտնի» կուսակցությունների պարագայում է: Իսկ դա նշանակում է, որ չնայած 11 պատգամավորներ, նաեւ նախարարներ եւ այլ պաշտոնյաներ լքեցին «Օրինաց երկիր»-ի շարքերը, այնուամենայնիվ կուսակցությունը քաղաքական թիմ ունի:

Արթուր Բաղդասարյանը համոզված է, որ նույնիսկ առանց որեւէ կուսակցության հետ դաշինք կազմելու «Օրինաց երկիր»-ը կարող է անհրաժեշտ թվով ձայներն ստանալ 2007-ի խորհրդարանական ընտրություններում: «Հայաստանում չի եղել ընտրություն, որ «Օրինաց երկիր»-ը մասնակցի ու պարտվի: Մենք հաղթել ենք ե’ւ 1999-ին, ե’ւ 2003-ին, ե’ւ, վստահ եմ, 2007-ին ...»,- հայտարարեց խորհրդարանի նախկին խոսնակը:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG