Մատչելիության հղումներ

Տիգրան Թորոսյանը կտրականապես հերքում է Ազգային ժողովի աշխատակազմի «հանրապետականացումը»


Հայաստանի Ազգային ժողովի նախագահ, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Թորոսյանը կտրականապես հերքում է խորհրդարանի աշխատակազմի «հանրապետականացումը»:

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նա տեղեկացրեց, որ լուծարվել են կառույցներ՝ երկու վարչություն, երկու ծառայություն, ընդ որում, իր համար «ոչ մի նշանակություն չունի, թե ով որ կուսակցությունից է, ով որ կուսակցության ղեկավար կազմի մեջ է եւ այլն»:

«Եթե խորհրդարանի աշխատակազմի լուծարումների հետ կապված՝ մարդիկ խոսում են կուսակցական խնդիրների մասին, նշանակում է՝ համարում են, որ խորհրդարանում եղել են կառույցներ, որոնք կուսակցական ենթատեքստում էին»,- հայտարարեց Ազգային Ժողովի նախագահը, ավելացնելով, որ դրանով իսկ հիշյալ մարդիկ «շատ վատ վիճակի մեջ են դնում» Ազգային Ժողովի նախկին նախագահ, «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանին:

Կուսակցական խնդիրը, ըստ Տիգրան Թորոսյանի, Ազգային Ժողովի աշխատակազմի հետ բացարձակապես կապ չունի, եւ «այն կառույցները, որոնք կապ չունեն Ազգային Ժողովի գործունեության հետ, լուծարվել են»:

Նա նաեւ հայտնեց, որ խորհրդարանի աշխատակազմի լուծարված կառույցներում եղել է մոտ 35 հոգի:

Ամռան սկզբին, երբ Տիգրան Թորոսյանը նոր էր ընտրվել խորհրդարանի նախագահ, Ազգային ժողովի աշխատակազմում կար մոտ 500 աշխատակից:

Հայաստանյան մամուլը գրել էր, որ գործադիր իշխանության կառուցվածքում եւ Ազգային Ժողովի աշխատակազմում նշանակալի բոլոր պաշտոնները կուսակցականացվում են՝ այդ պաշտոններն զբաղեցնող անձանց առաջարկվում է Հանրապետական կուսակցությանն անդամակցություն կամ հրաժարական: «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը եւս հայտարարել էր վարչական համակարգի տարբեր օղակների պարտադիր «հանրապետականացման» մասին:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG