Մատչելիության հղումներ

Կառավարությունն առաջարկում է տրանսպորտային միջոցների տեխզննման գործառույթը պետավտոտեսչությունից փոխանցել մասնավոր ընկերությունների


Հայաստանի կառավարությունն հինգշաբթի օրը կայացած նիստում որոշում է կայացրել տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության մասին համապատասխան օրենքում փոփոխությունների մասին, որոնց՝ Ազգային ժողովի կողմից ընդունվելու դեպքում տեխզննման գործառույթը այսուհետ իրականացնելու է ոչ թե պետավտոտեսչությունը, այլ մասնավոր լիցենզավորված ընկերություններ:

Ինչպես պարզաբանեց տրանսպորտի եւ կապի փոխնախարար Հրանտ Բեգլարյանը, նոր մոտեցումը ենթադրում է տեխզննման բոլորովին նոր համակարգեր. դրանք լիովին ավտոմատացված հոսքային գծեր են, եւ մեքենան սարքին է թե անսարք՝ որոշելու է մեկ այլ մեքենա, այլ ոչ թե մարդը:

Կոռուպցիոն ռիսկերի առնչությամբ փոխնախարարը հայտարարեց. «Մարդկային գործոնը բացակայում է, իհարկե, ոչ 100 տոկոսով, քանի որ կան այլ ստուգումներ, որոնք վերաբերում են մեքենաների կառուցվածքի փոփոխությանը: Բայց, միեւնույն ժամանակ, դա սերվերը ֆիքսում է, եւ դա հաղորդվում է ե’ւ ոստիկանություն, ե’ւ տրանսպորտի նախարարություն: Այսինքն, այդ ամբողջը վերահսկելի է»:

Տեխզննումն իրականացնելու են մասնավոր լիցենզավորված ընկերություններ, որոնք ընտրվելու են մրցույթով, ընդ որում, ինչպես վստահեցրեց Բեգլարյանը, քանի որ այս բիզնեսը բավական մեծ ներդրումներ է պահանջելու, մրցույթին մասնակցելը հեշտ չի լինի. «Կհրապարակվի, կլինեն ցանկացողներ, կգան, կանեն: Ճիշտ է, սկիզբը դժվար կլինի, բայց կլինի հիմնավոր»:

Կառավարության երեկ ընդունած մեկ այլ որոշում վերաբերում է տրանսպորտային ծառայություններ մատուցող ընկերությունների լիցենզավորմանը: Մանրամասն խոսվեց հատկապես տաքսի ծառայությունների մասին: Ըստ փոխնախարարի, «այսօր տաքսիներում աշխատող, հարկ վճարող մեքենաների մեծամասնությունը ուղղակի դարն ապրած մեքենաներ են»:

Հրանտ Բեգլարյանը վստահեցրեց, որ որոշակի պահանջներ մշակված են նաեւ երթուղային տաքսիների համար. «Արդեն օրենքով եւ տարբեր որոշումներով սահմանված է, որ որոշակի տիպի ավտոմեքենաներ որոշակի տարիքից հետո այլեւս չեն կարող ուղեւոր տեղափոխել: Որոշակի արտաքին տեսքի, ներքին կահավորանքի պահանջներ կլինեն»:

Կառավարությունը մշակել է նաեւ միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհներին հարող տարածքների կառուցապատման սխեմաների ժամանակացույց, որ պետք է իրականացվի երեք տարվա ընթացքում: Քաղաքաշինության նախարարության վարչության պետ Սարգիս Մկրտչյանն ընդունեց, որ «այս պահին կան դեպքեր, որ միջպետական կամ հանրապետական ճանապարհներին հարող տարածքներում բացօթյա առեւտուր է կազմակերպված, ինչը ուղղակիորեն խանգարում է տրանսպորտի անվտանգ երթեւեկությանը»:

Կառավարությունը տարիների ուշացումով որոշել է անդրադառնալ այդ խնդրին: Օրինակ, ինչպես հայտնեց վարչության պետը, Փարաքար-Արգավանդ խճուղու համար որոշ լուծումներ գտնվել են. «Հիմնական ճանապարհի ամեն կողմից երթեւեկելի երկու գոտի է թողնվում, դրանից հետո ցանկապատ է դրվում: Ստացվում է, որ օդանավակայան գնալու դեպքում այդ սպասարկող օբյեկտների հետ չենք առնչվում»:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG