Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայաստանը Սիցիլիա է դառնում»,- այսպես է «Ազգ»-ի մեկնաբանը արձագանքում վերջին երկու աղմկահարույց սպանություններին՝ շեշտելով. - «Հերթական դաժան սպանության մասին լուրը եկավ հաստատելու, որ, այնուամենայնիվ, հետ չենք մնում աշխարհի կրիմինալ մայրաքաղաքներից: Պարզվում է` այնքան էլ ճիշտ չէ ոստիկանության պատասխանատուի հայտարարությունը, թե մեզ մոտ հանցագործությունների աճը գրանցվել է ի հաշիվ կենցաղային մանր-մունր հանցագործությունների. ինչ-ինչ, բայց երկու օրում երկու պատվիրված սպանությունն, անկախ դրդապատճառներից, ոչ մի կերպ կենցաղային չես անվանի», - եզրակացնում է մեկնաբանը:

«168 ժամ»-ը զետեղել է «Ֆրանս-Արմենի» ամսագրին Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի տված հարցազրույցից մի հատված, որտեղ խորհրդարանի խոսնակը մասնավորապես, ակնարկելով, որ Հայաստանի Հանրապետության հաջորդ նախագահը կուսակցական է լինելու, նկատում է. - «Շատ կարեւոր էր, որ կուսակցությունները, որ աջակցում էին պարոն Քոչարյանին, լրացնեին քաղաքական ասպարեզը եւ ժողովրդավարության ասպարեզում այն բացը, որն իրեն զգալ է տալիս, որովհետեւ իրենք էին, որ ունեին քաղաքական ասպարեզում փորձառություն»։ «Պետք է ասեմ, որ դա առանձնապես չհաջողվեց», արձանագրել է խոսնակը ու միաժամանակ նորմալ համարում խորհրդարանում մեծաթիվ գործարար պատգամավորների առկայությունը, հիմնավորելով. - «Եթե գործարարի հայտնվելը խորհրդարանում կարող է երկրի համար վտանգ ներկայացնել, ապա Իտալիան պետք է վաղուց վերացած լիներ երկրի երեսից»:

«Առավոտ»-ի խմբագրականը, անդրառնալով քաղաքական դաշտի կուսակցական-ծրագրային խնդրիներին, ուրվագծում է. - «Թեեւ ոզնուն էլ հասկանալի է, որ Հայաստանում գործող կուսակցությունների ծրագիր-կանոնադրություները մեծ հաշվով ոչինչ չեն նշանակում եւ թխվում են բացառապես գրանցման ֆորմալ կողմն ապահովելու համար, վերջին շրջանում որոշ հին ու նոր կուսակցականներ սկսել են ինչոր հղումներ անել իրենց որդեգրած այս կամ այն գաղափարական հիմնադրույթին կամ պարծենալ կուսակցության «շատ լավ» ծրագրի «ազգանպաստ» բովանդակությամբ։ Ասել է, թե կուսակցական ծրագրերը ինչինչ պատճառներով զուտ ձեւական-բյուրոկրատականից բացի, սկսել են նաեւ կիրառական իմաստ ձեռք բերել», - գրում է խմբագիրը։

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը «Առավոտ»-ին տված հարցազրույցում իր գնահատականն է փոխանցում վարչապետ-պաշտպանության նախարար միասնության հայաստանյան փորձի վերաբերյալ. - «Ինձ համար ակնհայտ է՝ Հայաստանի 3-րդ հանրապետության պատմության մեջ, երբ պաշտպանության նախարարն ու վարչապետը դառնում են մեկ մարդ՝ դա ուղղված է նախագահի դեմ», - նկատում է նախկին վարչապետն ու հավելում. - «Ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանը չի ցանկանում հեռանալ քաղաքականությունից։ Իսկ Սերժ Սարգսյան֊-նախագահի պայմաններում Ռոբերտ Քոչարյանը կլինի շատ թույլ վարչապետ։ Եւ մենք ուզում ենք, թե չենք ուզում, իսկ դա հրաշալի է հասկանում Ռոբերտ Քոչարյանը, 2006-ի հուլիսի 22-ից պարոն Քոչարյանը հայտնվել է անգլիական թագուհու կարգավիճակում։ Քանի որ ցանկացած գյուղապետ կամ նույնիսկ գյուղի ավագանու անդամ, որն իշխանամետ է՝ ապագա նախագահ չի տեսնում Վարդան Օսկանյանին կամ Դավիթ Հարությունյանին, այլ տեսնում է Սերժ Սարգսյանին, ու սկսում է ամեն ինչ անել նրան դուր գալու համար»։

«Ժամանակ-Երեւան» թերթը փոխանցում է, թե անկախ ու մասնավոր համարվող հեռուստաընկերություններում արդեն իսկ կոշտ գրաքննություն է մտել, ու այդ ֆունկցիան, ըստ թերթի, դրված է անձամբ նախագահ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի վրա։ Թերթը գրում է. - «Գրաքննությունն այլեւս պոստֆակտում իրականացվող կլիզմայի ձեւով չի կիրառվում, այլ ամենակոպիտ ու լկտի եղանակով։ Այսպես, բոլոր հեռուստաընկերությունների լրատվականների ու որոշ այլ հաղորդաշարերի ղեկավարներն ամեն օր առավոտյան շուտ զանգահարում են «նորին գերազանցություն Վիկտոր Սողոմոնյանին եւ զեկուցում, թե այդ օրն ինչ են հաղորդելու իրենց չակերտված «ազատ եւ պատասխանատու եթերից»։ Ըստ թերթի. - «Զեկուցվում եւ քննարկվում է ոչ միայն լուրերի բովանդակությունը, այլեւ որոշ այլ հաղորդումների բովանդակույթունն ու ծրագիրը. ասենք, ով է լինելու այդ օրվա «Հորիզոն»-֊ի կամ Արծրուն Պեպանյանի հյուրը, եւ ո՞ր թերթերի ո՞ր հոդվածներն են ներկայացվելու մամուլի տեսությամբ»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG