Մատչելիության հղումներ

Երեկ Երեւանում գրանցվել է ռեկորդային ջերմաստիճան. շոգ եղանակը կպահպանվի մինչեւ օգոստոսի 14-ը


Հայաստանում բարձր ջերմաստիճանային ռեժիմը մոտակա երկու-երեք օրերին կպահպանվի: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց «Հայպետհիդրոմետ» ծառայության փոխտնօրեն Ալբերտ Թորոսյանը:

Ըստ նրա, Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում երեկ գրանցվել է 41,8 աստիճան, «Հաղթանակ» զբոսայգու մոտ՝ 40,4 աստիճան տաքություն: Թորոսյանն ընդգծեց, որ 41,8 աստիճանը վերջին հարյուր տարվա դիտարկումների ընթացքում Երեւանում արձանագրված ամենաբարձր ջերմաստիճանն է. 1976 թվականին ջերմաստիճանը հասել է մինչեւ 41,6 աստիճանի:

Այսօր օդերեւութաբանները կանխատեսում են ջերմաստիճանի բարձրացում մինչեւ 41,5-42 աստիճան: Ըստ «Հայպետհիդրոմետ»-ի փոխտնօրենի, շոգ, չոր եղանակը կպահպանվի մինչեւ օգոստոսի 14-ը:

Ալբերտ Թորոսյանը հաստատեց, որ 42 աստիճանը կարելի է վտանգավոր համարել բնակչության համար. «Բավականին թվով մարդիկ կան, որոնք սրտից են թույլ, սրտանոթային համակարգը լավ չէ: Մարդիկ կան, որոնք այնքան էլ ֆիզիկապես ուժեղ չեն, որոշ հիվանդություններ ունեն, եւ դա կարող է որոշակիորեն ազդել»:

Ներկայիս տաքացումը, ըստ «Հայպետհիդրոմետ»-ի փոխտնօրենի, պայմանավորված է հարավից տաք, չոր, շոգ արեւադարձային օդային զանգվածների Հայաստան ներթափանցմամբ, ինչին գումարվում է արեւի ճառագայթների կողմից տաքացումը:

Առողջապահության նախարարությունը նույնպես զգուշացնում է, որ 42 աստիճանը վտանգավոր է առողջության համար: Նախարարության լրատվական ծառայությունից փոխանցեցին, որ ժամը 12:00-17:00-ը խորհուրդ չի տրվում տնից դուրս գալ. խոսքը հատկապես վերաբերում է հղիներին, երեխաներին, առողջական խնդիրներ ունեցողներին: Նախարարությունն այս օրերին խորհուրդ է տալիս օրական 3 լիտր ջուր խմել, թան եւ հանքային ջուր օգտագործել, փողոց դուրս գալ միայն գլխարկներով եւ հովանոցներով, միայն բամբակից հագուստ կրել:

Այս օրերին շտապ բուժօգնության ծառայությունն սկսել է ավելի մեծ ծանրաբեռնվածությամբ աշխատել: Հաճախակի են դարձել փողոցում ուշաթափության դեպքերը. երեկ մայրաքաղաքում այդպիսի 5 դեպք է արձանագրվել: Մասնավորապես, Երեւանի շտապօգնության ավագ բժշկուհի Էլմիրա Գեւորգյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ մայրաքաղաքում օրական մոտ 450 կանչ են ստանում, որոնցից 50-ը կապված են շոգերի հետ:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG