Մատչելիության հղումներ

«Քննությունը հետաձգելն արժե 50-100 դոլար»,- փաստում են դիմորդները


Մինչ օրս հայոց պատմության քննությունն ընդհատելու 13 դեպք է գրանցվել, մինչդեռ այլ քննություններում նման իրադրություններ կամ ընդհանրապես չկան, կամ չնչին տոկոս են կազմում: Ստեղծված վիճակը լրջորեն անհանգստացրել է քննական մարաթոնին հետեւող բժիշկներին: Նրանք թեեւ փաստում են, որ բարոյահոգեբանական մթնոլորտը ներսում նորմալ եւ հանգիստ է, բայց նաեւ հարկ են համարում տեղեկացնել, որ դիմորդները խուճապի մեջ են՝ բացի լարվածությունից, նրանք քննասենյակում տարբեր երեւույթների են ականատես լինում:

Չնայած դրան, բժիշկներն այս տարվա քննաշրջանում արձանագրում են մի դրական տեղաշարժ՝ քննասենյակներում իրենց վրա ճնշումներ չեն գործադրվում, հանձնաժողովները բժշկին չեն ստիպում առողջ դիմորդին քննության կեսից ազատել եւ տեղեկանք տալ, որ նա հիվանդ է: Օրինակ, անցյալ տարիներին այս դեպքերի համար անձամբ «հոգացել է» կրթության եւ գիտության նախկին նախարար Սերգո Երիցյանը: Նույնիսկ եղել են դեպքեր, երբ նա համոզիչ չի համարել բժշկի հիմնավորումները եւ պահանջել է, օրինակ, տոնոմետրը տալ իրեն, որ անձամբ չափի դիմորդի ճնշումը:

«Սերգո Երիցյանն ասաց՝ «Տվեք ես չափեմ ճնշումը», ասացի՝ «Դուք արդեն բժի՞շկ եք դարձել, արդեն դու՞ք եք ստուգում»: Ակնհայտորեն ուզում էին, որ ես երեխային ազատեի: Կասկած չկար, որ այդ երեխան «իրենցն էր»,- պատմեց բժիշկներից մեկը:

Դիմորդներից շատերն էլ գերադասում են նշված օրը պարզապես քննության չներկայանալ: Այդպես ե’ւ դիմորդն է ապահով, ե’ւ ֆինանսական լուրջ օգուտ է տալիս տեղամասային պոլիկլինիկային, որն այս սեզոնին բժշկական տեղեկանքների «գները» 5-6 անգամ թանկացնում է: «Մաքս Լիբերթի»-֊ի հետ զրույցներում դիմորդները մանրամասն պատմեցին՝ ծնողը տուն է հրավիրում տեղամասային պոլիկլինիկայի հանձնաժողովին, համաձայնության են գալիս, վճարում է գումարը՝ եւ տեղեկանքը պատրաստ է:

«Բա իհարկե, փողով է, անպայման, մինչեւ 100 դոլար տալիս ենք բժշկին, բա առանց դրա ո՞վ կանի»,- պատմում էին դիմորդների ծնողները:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG