Մատչելիության հղումներ

Թռիչքների հետաձգումը «Արմավիա»-ում բացատրում են շոգ եղանակով


Արդեն մի քանի օր է, ինչ բողոքներ են ստացվում, որ «Արմավիա» ավիաընկերության թռիչքները հետաձգվում են՝ անհարմարություն պատճառելով ուղեւորներին: Մասնավորապես, կիրակի օրվա Սոչի-Երեւան չվերթը հետաձգվել է մոտ 24 ժամով:

«24 ժամ ոչ հաց, ոչ ջուր: Ոչ մի հայտարարություն: Ոչ մի բացատրություն չտվեցին պատճառների վերաբերյալ»,- «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց ուղեւորներից մեկը:

Չվերթի ուղեւորների մի մասը նույնիսկ մտադիր է եղել բողոքի ցույց կազմակերպել: «Որեւէ բանով չէին ապահովում, չէին մոտենում, չէին խոսում, ուղեւորներին ուրեւէ բացատրություն չէին տալիս: Մարդիկ ուղղակի հուսահատված էին, ու վերջում ուղղակի ուզում էին ցույց կազմակերպել»,- նշեց չվերթի մեկ այլ ուղեւոր: Նա համոզմունք հայտնեց, որ ավիատոմսը շատ թանկ է, իսկ սպասարկումը չի համապատասխանում այդ գնին:

«Արմավիա» ընկերության ղեկավարությունը հավաստիացնում է, որ անսարքություն չի եղել, եւ թռիչքի ուշացման միակ պատճառը շոգն է: «Այս սեզոնին չվերթները շատ շատ են, եւ Հայաստանում էլ եղանակի հետ կապված խնդիրներ կան. ոչ մի տարի այսքան շոգ չի եղել»,- ասաց ընկերության փոխտնօրեն Իլարիոն Ղարիբյանը: Նա հավաստիացրեց, որ հետաձգված չվերթի ուղեւորներն ապահովվել են ջրով եւ սննդով:

Ինչ վերաբերում է «Արմավիա»-ի ունեցած խնդիրներին՝ Ռուսաստանի աերոնավիգացիայի դաշնային ծառայությանը պարտքի պատճառով, որի հետեւանքով օգոստոսի 14-ից թռիչքները դեպի Ռուսաստան կարող են արգելվել, ապա Իլարիոն Ղարիբյանն այդ լուրերը եւս հերքեց: «Կուտակված պարտք «Արմավիա»-ն չունի»,- վստահեցրեց ընկերության փոխտնօրենը:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG