Մատչելիության հղումներ

Հրանտ Բագրատյանը դոլարի արժեզրկման պատճառ է համարում Կենտրոնական բանկի սխալ քաղաքականությունը


Հայաստանում դոլարի արժեզրկումը շարունակվում է. տարադրամի փոխանակման կետերում դոլարն արդեն գնում են 390, լավագույն դեպքում՝ 395 դրամով, վաճառում՝ 400-402 դրամով: Դոլարի նման արժեզրկումը աննախադեպ է վերջին տարիների համար:

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում որպես դոլարի արժեզրկման պատճառներից մեկը նշեց համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող փոփոխությունները, մասնավորապես, դոլարի նշանակության նվազումը: Սակայն դա, ըստ նրա, Հայաստանում դոլարի փոխարժեքի 35-40 տոկոսանոց անկման ընդամենը մեկ երրորդ մասն է:

Դոլարի արժեզրկման երկրորդ գլխավոր պատճառը նախկին վարչապետը համարում է Կենտրոնական բանկի սխալ քաղաքականությունը կամ քաղաքականության բացակայությունը: Ըստ նրա, բացատրությունները, թե դոլարն արժեզրկվում է տնտեսության աճի հետեւանքով, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը. վերջին երկու տարվա ընթացքում տնտեսության աճ տեղի չի ունեցել, իսկ վիճակագրական թվերն էլ, նախկին վարչապետի պնդմամբ, «պարզապես օդից են վերցվել»: Իրականում դոլարը Հայաստանում արժեզրկվում է արտերկրից մեծ քանակի դոլար ստացվելու հետեւանքով, այլ խոսքով, դրսից եկած տրանսֆերտների հավելաճի տեմպը էականորեն գերազանցում է տնտեսության աճի տեմպերը:

Բագրատյանը վկայակոչեց Կենտրոնական բանկի տվյալները, ըստ որոնց, երկիրը 1 միլիարդ 300 միլիոն դոլար է ստանում դրսից, այն դեպքում, երբ արտաքին առեւտրի բացասական սալդոն 1 միլիարդ դոլար է. «Ուրեմն, երկրում մնում է 300 միլիոն դոլար ավելի փող: Այսինքն, մենք թողնում ենք, որ այդ ավելցուկ 300 միլիոն դոլարը ճնշի շրջանառությունում առկա դրամի զանգվածի նկատմամբ: Քանի որ դոլարի զանգվածը շատանում է, իսկ Կենտրոնական բանկը տանում է դրամի ծավալների զսպման, խիստ վերահսկողության, երբեմն նույնիսկ, ժամանակ առ ժամանակ, կրճատման քաղաքականություն, զարմանալի չէ, որ նման կատաստրոֆիկ ձեւով փոխվում է դրամի եւ դոլարի հարաբերությունը»:

Նախկին վարչապետի խոսքերով, արհեստականորեն խրախուսվում է դրամի արժեւորումը, որը «մեզ բոլորովին պետք չէր եւ բերում է նրան, որ մեր տնտեսությունը զարգանալու տեղ չունի»:

Ընդգծելով, որ դոլարի նկատմամբ դրամի արժեւորումից մեծապես շահում են ներմուծողները, Հրանտ Բագրատյանը միաժամանակ նշեց, որ չի կարող ասել, թե այդ ամենը կատարվում է որոշ ներմուծողների շահերից ելնելով, քանի որ հստակ տվյալներ չունի, թե Կենտրոնական բանկի նախագահը ներքին համաձայնության է եկել ներմուծողների հետ: «Ուզում եմ հավատալ, որ նման բան չի եղել, եւ մենք այդքան ներքեւ չենք իջել որպես երկիր»,- հայտարարեց նախկին վարչապետը՝ համոզմունք հայտնելով, որ սա ավելի շատ Կենտրոնական բանկի «ծուլության» արդյունք է:

«Սպառել է մի տեսակ բանկի ղեկավարությունն իրեն: Ըստ էության, աշխատանք չկա, մթնոլորտ չկա, մակրոտնտեսական կառավարում չկա, դրամաշրջանառության կառավարում չկա, կոնցեպցիա չկա, միտք չկա»,- ընդգծեց նա:

Բագրատյանը նաեւ վստահ է, որ առաջիկայում էլ դոլարի արժեզրկումը շարունակվելու է, քանի որ դրսից ստացվող գումարների քանակն ավելի արագ է աճելու, քան երկրի տնտեսական ցուցանիշները:

Դոլարի արժեզրկումից բողոքում են թե դրամով եկամուտ ունեցողները եւ թե տարբեր երկրներից դոլարով օգնություն ստացողները: Դրսից ստացվող գումարների հաշվին ապրող շարքային քաղաքացիները դժգոհում են, որ վերջին օրերին տարադրամի շուկայում տեղի ունեցող գործընթացներն էապես ազդել են իրենց ընտանեկան բյուջեի վրա: Դրամով եկամուտ ունեցողներն, իրենց հերթին, դժգոհում են, որ միեւնույն է, որքան էլ դոլարի փոխարժեքը նվազի, ապրանքների գները չեն իջնում, հակառակը՝ բարձրանում են:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG