Մատչելիության հղումներ

Հայ, վրացի եւ ադրբեջանցի բնապահպանները մշակում են գետերի աղտոտվածության ստուգման ընդհանուր չափորոշիչներ


Փետրվարից «Եվրասիա» հիմնադրամի աջակցությամբ Հայ էկոլոգների միությունը՝ Վրաստանի եւ Ադրբեջանի բնապահպանական հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ, իրականացնում է անդրսահմանային Քուռ եւ Արաքս գետերի ջրային ռեսուրսների կառավարման ծրագիր:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում պարզաբանեց ծրագրի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆայել Հովհաննիսյանը, պետք է ընդունվեն ջրի որակի որոշակի ստանդարտներ, «որպեսզի կարողանանք մեկ լեզվով իրար հետ խոսել բնապահպանական հարցեր լուծելու համար»:

Ադրբեջանական բնապահպանական հասարակական կազմակերպություններն արդեն երեք տարի է հայտարարում են, թե Հայաստանում սկիզբ առնող գետերն Ադրբեջանի տարածք են հոսում բավական աղտոտված: Ոլորտի հայաստանյան կազմակերպությունների ներկայացուցիչներն առաջարկել են մշակել ջրային պաշարների աղտոտվածության ընդհանուր չափորոշիչներ, ինչին էլ միտված է այս ծրագիրը:

Ըստ Ռաֆայել Հովհաննիսյանի, քանի որ Հայաստանը բարձրլեռնային երկիր է, այստեղ գետերը բավական մաքուր են, եւ դրանց ջրերը նույնիսկ օգտագործվում են խմելու համար. «Բայց ներքեւներում արդեն դրանք աղտոտվում են, որովհետեւ մեր բնակչությունը կենտրոնացված է հիմնական գետային հուներում: Իրոք, աղտոտվում է մեր կողմից, դա այդպես է»:

Բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ Վոլոդյա Նարիմանյանը հերքում է, թե գետերը Հայաստանում միտումնավոր աղտոտվում են: Ըստ նրա, «դա ընդամենը ֆոնային աղտոտվածություն է, որը բնորոշ է տարածաշրջանի երկրներին»:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG