Մատչելիության հղումներ

Սփյուռքահայ երիտասարդները կրկին Հայաստանում են


Այս տարի հունիսի 15-ին Հայաստան ժամանեց երիտասարդների 14 հոգուց բաղկացած խումբը: Այժմ նրանցից ոմանք աշխատում են արտաքին գործերի եւ ֆինանսների նախարարություններում, ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակում, կան նաեւ տարբեր հիվանդանոցներում աշխատողներ: Նրանց ծրագրի համակարգող Վռամ Կարաքեշիշյանն ասում է, որ ծրագրի գլխավոր նպատակներից մեկը նաեւ երիտասարդներին հայկական մշակույթին ծանոթացնելն է:

Արտաքին գործերի նախարարությունում աշխատող երիտասարդները շատ գոհ են իրենց աշխատանքից: Ասում են՝ շատ հետաքրքիր է: Հիմա աշխատում են Հայսստանի սահմանամերձ գյուղերի վիճակի բարելավման ծրագրի վրա: «Բոլորս շատ ջանք ենք թափում այս ծրագիրը մինչեւ սահմանված ժամկետը ավարտելու համար», - ասում են երիտասարդ կամավորները:

Մասնակիցներից Ջասթինն ասում է, որ սա շատ լավ հնարավորություն է իր համար ծանոթանալու Հայաստանի արտաքին քաղաքականությանը եւ զուգահեռներ անցկացնելու 2 պետությունների՝ Ամերիկայի եւ Հայաստանի արտաքին քաղաքականությունների միջեւ:

Նաիրին աշխատում է ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակում եւ նույնպես շատ գոհ է իր աշխատանքից: Նրա համար շատ կարեւոր է նաեւ շփումը գործնկերների հետ: «Ուրախացա, մտերմանալով նրանց հետ», - նշում է նա: Իսկ Իլոնան ասում է, որ երբ 3 տարի առաջ եկավ Հայաստան, այքան էլ չհավանեց մեր երկիրը, սակայն 3 տարի հետո որոշեց կրկին գալ 2 ամսով: «Այս ծրագիրն ինձ բոլորովին այլ հնարավորություններ տվեց ծանոթանալու Հայաստանին»:

Երիտասարդների համար կազմակերպվել են հանդիպումներ տարբեր պաշտոնատար անձանց՝ արտգործնախարար Վարդան Օսկանյանի, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի, Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի եւ այլոց հետ: Հանգստյան օրերին էլ կամավորականները այցելում են Հայաստանի տեսարժան վայրեր, 3 օր անցկացրել են Ղարաբաղում:

Այն հարցին, թե արդյո՞ք կուզեին տեղափոխվել Հայաստան, ոմանք դրական պատասխանեցին, իսկ մյուսներն էլ ասացին, որ հիացած են հայաստանցիների հյուրասիրությամբ ու ջերմությամբ, բայց մշակույթները շատ տարբեր են, հաճախ կայցելեն Հայաստան, սակայն ապրել դժվար թե կարողանան:


Անի Թադեւոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG