Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանը հրամայական է համարում «քաղաքացիական զորաշարժը»


«Ժառանգություն» կուսակցությունը օգոստոսի 1-ին Հայաստանի Գրողների միության դահլիճում կայացած աշխատանքային համագումարում որոշ կանոնադրական փոփոխություններ կատարեց, ընտրեց նոր ղեկավար մարմին՝ 9-հոգանոց վարչություն, եւ ընդունեց բանաձեւ: 5-էջանոց բանաձեւն անդրադառնում է ներքին եւ արտաքին քաղաքական բոլոր խնդիրներին՝ ընտրակեղծիքներից մինչեւ տնտեսական խնդիրներ ու ղարաբաղյան հիմնահարց:

Այդ խնդիրների մեծ մասին իր ելույթում անդրադարձավ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ելույթի հիմնական դրույթներն ընդգրկվեցին նաեւ բանաձեւում:

Խոսքի ազատության վերաբերյալ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ ամեն ինչ արվում է, որպեսզի ընդդիմության եւ, մասնավորապես, «Ժառանգության» ձայնը տեղ չհասնի: «Հատկապես հեռուստատեսությունների գերակշիռ մեծամասնությունը այդ մասին խնամքով հոգացել է: Բայց դա հիասթափության պատճառ լինել չի կարող: Փույթ չէ, մեր պայքարը նաեւ նրանց անվախ, նրանց ազատ գործունեության համար է», - ասաց նա:

Ընտրակեղծիքների եւ, մասնավորապես, ընտրակաշառքով գալիք ընտրությունները «գնելու» հեռանկարի առնչությամբ Հովհաննիսյանը հայտարարեց. «Հասկանալ է պետք, որ իր եւ իր զավակների ապագան վաճառողը, միեւնույն է, տեղ չի ունենալու ընտրակաշառքի հայրենիք կերտողների միջավայրում»:

Քաղաքացիական հասարակության եւ քաղաքացիների ինքնագիտակցության արթնացման անհրաժեշտության մասին համագումարում շատ խոսվեց: «Ո՞րն է այն մեխանիզմը, որը պետք է նպաստի, որ հասարակությունը դուրս գա անտարբերության թմբիրից»,- «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Հրամայական է, իհարկե, քաղաքացիական զորաշարժը, քաղաքացիական մասնակցության վերաարժեւորումը եւ այն, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին վերջապես հասկանա, որ իր քվեի, իր մասնակցության, իր ակտիվության հետ է կապված մեր երկրի ճակատագիրը»:

«Ժառանգության» առաջնորդն ընդունեց, որ դժվար է միանշանակ դրական պատասխան տալ հարցին, թե արդյո՞ք հասարակությունը պատրաստ է ինքնակամ մտնել այդ պայքարի մեջ. «Մեզնից է կախված, թե ինչպիսի առաջընթաց կունենա քաղաքացիական զանգվածը, վերջապես կկարողանա՞ մեկը մյուսի կողքը կանգնելով, մեկը մյուսի իրավունքը պաշտպանելով, ստեղծել այդ շարժը, այդ շարժընթացը դեպի քաղաքացիական հասարակություն եւ դեպի ժողովրդավարական ընտրություններ, թե՞ ոչ: Եթե անցյալը մեր նախանշանն է, ուրեմն հոռետես լինելու հիմքեր ունենք»: Միաժամանակ, նա ընդգծեց, որ «մեր սերունդը պետք է գիտակցի, որ Հայաստանի Հանրապետության որակը, ապագայի որակը հիմա է դրվում»:

Նորաստեղծ կուսակցությունների եւ, մասնավորապես, «Դաշինք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ համագործակցության հեռանկարների առնչությամբ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ «Ժառանգություն»-ը բաց է ցանկացած ուժի առջեւ, որի համար ժողովրդավարությունը եւ ազգային շահը գերակա են: Նա հայտնեց, որ Բաբայանի հետ հանդիպել է, իսկ Ծառուկյանի հետ առիթ չի ունեցել զրուցելու:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG