Մատչելիության հղումներ

Բենզինը թանկանում է, դոլարը արժեզրկվում է


Վերջին երկու օրվա ընթացքում միջին որակի բենզինի լիտրը թանկացել է 10 դրամով, դրան զուգընթաց դոլարը միջին հաշվով 10 դրամով «թեթեւացել» է։ Դոլարի արժեզրկումը լուրջ հարված է հայաստանյան այն ընտանիքներին, որոնք ապրում են արտասահմանից, գլխավորապես, Ռուսաստանից փոխանցվող գումարներով:

«Ազատություն» ռադիոկայանի կողմից հարցված երեւանցիների մի մասը հակված է այն մտքին, որ արտարժույթի շուկան իրականում կարգավորվում է ապրանքների ներմուծմամբ զբաղված գործարարների լավ կազմակերպված խմբերի կողմից, որոնք արտարժույթի փոխարժեքի միջոցով «խաղեր են տալիս»՝ գերշահույթ կորզելու նպատակով՝ իրական երաշխիք ունենալով, որ պետությունը ի դեմս Կենտրոնական բանկի չի միջամտելու. ու դա նրանց հաջողվում է։ Դրսից փոխանցված մասնավոր գումարները, այդպիսով, դեռ չհասած հասցեատիրոջը արժեզրկվում են:

Այդուհանդերձ, մարդիկ չեն հավատում դրամի երկարաժամկետ կայունությանը ու ստեղծված իրավիճակը բացատրում են քաղաքական շարժառիթներով։ Հարցվածների մի մասը, դոլարի արժեզրկման մեջ արհեստական բան տեսնելով, այն կապում է արդեն թափ առնող նախընտրական զարգացումների հետ, ակնարկելով, թե քաղաքական շուկա մտած օլիգարխները արհեստականորեն արժեզրկում են դոլարը ու այն հավաքում շուկայից, որպեսզի բուն ընտրությունների շրջանում կարողանան լավ գին վճարել ընտրողների ձայների դիմաց:

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, այս տարվա առաջին կիսամյակում գները հանրապետությունում աճել են 4,4 տոկոսով, ընդ որում, ամենամեծ աճ գրանցել է պարենային ապրանքախումբը՝ 6,7 տոկոս։ Այնինչ, այդ ընթացքում առանձին ապրանքատեսակներ թանկացել են երկնիշ տոկոսներով։ Բենզինը թանկացել է շուրջ 16 տոկոսով, շինանյութը՝ 36 տոկոսով։ Թերեւս նաեւ այս հանգամանքով է բացատրվում շինարարության մեջ առաջին կիսամյակում գրանցված ավելի քան 35 տոկոսանոց աճը։



Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG