Մատչելիության հղումներ

Մեթյու Բրայզա. «Խնդիրը լուծելու քաղաքական կամքն առկա է»


Շաբաթ օրը Ռոբերտ Քոչարյանին հանդիպելուց հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ բավարարված է այդ հանդիպմամբ, որն իր համար օգտակար էր: «Ես տեսնում եմ, որ խնդիրը լուծելու քաղաքական կամքն առկա է, իսկ մեր առաջարկների հիմքում ընկած փիլիսոփայությունը՝ ընդունելի»,- ասաց Մեթյու Բրայզան:

Խոսելով առաջարկների մանրամասների մասին, նա ասաց, որ դեռ հարցեր կան կապված Քելբաջարի եւ Լաչինի, ինչպես նաեւ հանրաքվեի հետ: Բրայզան հաստատեց, որ համանախագահների համոզմամբ, Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է որոշի Ղարաբաղի ժողովուրդը:

«Բայց հարց այն է, թե ո՞ւմ համարենք Ղարաբաղի ժողովուրդ: Կան նաեւ 1988 թվականին այնտեղ բնակվողներ, որոնք նույնպես ցանկանում են մասնակցել հանրաքվեին», - ասաց Բրայզան՝ ակնարկելով Ղարաբաղի տեղահանված ադրբեջանական փոքրամասնությանը. - «Բոլոր այս հարցերը դեռ պետք է մշակվեն որպես [համաձայնության] ծավալուն փաթեթի մաս»:

«Սկզբունքները, որոնք այսօր սեղանին են, դեռեւս համաձայնություն չեն», - նշեց ամերիկացի դիվանագետը՝ հավելելով. - «Դրանք միայն սկզբունքներ, առաջարկություններ են: Այնպես որ, հնարավոր չէ խուսափել համաձայնությունից, եթե այդպիսին չկա»:

Երեւանից Մեթյու Բրայզան ուղեւորվում էր Ստեփանակերտ:

«Դուք ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի օգնականն եք եւ ուրեմն ԱՄՆ-ի ամենաբարձրաստիճան պաշտոնյան, որը երբեւէ այցելել է Ղարաբաղ, այդպես չէ՞»: «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին Մեթյու Բրայզան պատասխանեց.-«Ես ճիշտն ասած չգիտեմ պատմությունը՝ թե ովքեր են այցելել Ղարաբաղ, բայց ես այնտեղ գնում եմ ոչ թե որպես պետքարտուղարի տեղակալի օգնական, այլ որպես Մինսկի խմբի համանախագահ: Լինելու եմ նաեւ Ադրբեջանում, իսկ հետո տպավորություններս կկիսեմ մյուս համանախագահների՝ Բեռնար Ֆասիեյի եւ Յուրի Մերզլյակովի հետ»:

Հարցին՝ շանս կա արդյոք համաձայնության հասնելու այս տարի եւ եթե այս տարի հարցը չլուծվի, ուրեմն ամեն ինչ հետաձգվում է առնվազն մինչեւ 2009 թվականը՞, Մեթյու Բրայզան պատասխանեց. - «Իհարկե, շանս կա, եւ երկու երկրների ղեկավարների համար էլ շատ շահեկան կլիներ ընտրություններին ներկայանալ հարցը լուծած: Սակայն ընտրություններն էլ բանակցային գործընթացի համար խոչընդոտ չեն: Պարզապես հարցը ավելի հեշտ է լուծել այն ժամանակ, երբ քաղաքական գործընթացները դեռ չեն թեժացել»:

Դիտարկմանը, թե Մինսկի խումբը գործում է արդեն 10 տարուց ավելի, բայց հարցը չի լուծվել, եւ հարցին, թե պատրաստ է արդյոք այդ խումբը գործել եւս 10 տարի, ամերիկացի համանախագահը արձագանքեց.-«Մենք պատրաստ ենք գործել այնքան ժամանակ, քանի դեռ կողմերը լուրջ են մոտենում բանակցային գործընթացին: Մենք տեսնում ենք, որ մեր բարեկամները Հայաստանում լրջորեն են վերաբերում գործընթացին»:

Անդրադառնալով Հայաստանում ժողովրդավարության վիճակին՝ Մեթյու Բրայզան ասաց. - «Հուսով ենք, որ Հայաստանը ընթանում է ճիշտ ուղղությամբ: Միացյալ Նահանգների կապերը Հայաստանի հետ կլինեն այնքան ուժեղ, որքան ուժեղ կլինի ժողովրդավարությունը Հայաստանում: Իսկ Հայաստանի մասնակցությունը «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին ԱՄՆ-ի համար ամենից լավ միջոցն է համոզված լինելու, որ Հայաստանը առաջ է շարժվում ժողովրդավարական ուղիով: Ժողովրդավարությունը գործընթաց է»:

Հարցին, թե իրեն է վերագրվում արտահայտությունը, որ Ադրբեջանում ժողովրդավարության ավելի տեսանելի միտումներ կան, ամերիկացի դիվանագետը պատասխանեց. - «Ես նման բան չեմ ասել: Հայաստանն ու Ադրբեջանը ընդհանրապես չի կարելի համեմատել: Երկուսն էլ ունեն իրենց պլյուսներն ու մինուսները: Իմ միտքն այն էր, որ Ադրբեջանը չի համապատասխանում որոշ չափանիշների, բայց դա չի նշանակում, որ առաջընթաց չկա: Ադրբեջանում միտումները վերջին ամիսներին դրական են: Դրական են միտումները նաեւ Հայաստանում»:


Էմիլ Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG