Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Մեթյու Բրայզայի ծրագրված այցը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության տարածաշրջան տարբեր սպասելիքներ է առաջացնում հակամարտող կողմերի շրջանում», - արձանագրում է ՀՅԴ պաշտոնաթերթ «Երկիր»-ը։ - «Երեւանը ակնկալում է, որ Վաշինգտոնին կհաջողվի համոզել Բաքվին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ շարունակելու կարգավորման սկզբունքների քննարկումները միջնորդների կողմից մշակված եւ վերջերս մասնակիորեն հրապարակված փաստաթղթի հիման վրա։ Բաքվում էլ ակնկալում են, որ Բրայզան նոր առաջարկներ կբերի իրենց... Սակայն արմատական նոր առաջարկներ ամերիկյան միջնորդը բերել չի կարող, քանզի դրանց մշակման համար անհրաժեշտ են երկար ժամանակ ու խորհրդակցություններ Մինսկի խմբի մյուս համանախագահներ Ռուսաստանի ու Ֆրանսիայի հետ։ Բացի այդ, համանախագահները, իրենց հայտարարություններից մեկում նշելով, որ սպառել են սեփական երեւակայությունը, նոր գաղափարների ու որոշումների են սպասում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներից»։

Այսօրվա թերթից մի քանիսը ներկայացնում են ՀՀՇ-ի հայտարարությունը, որտեղ, մասնավորապես, նշված է. - «Հաշվի առնելով տարածաշրջանում ընթացող թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական գործընթացները եւ հեռանկարները՝ Հայոց համազգային շարժումը գտնում է, որ ե՛ւ Հայաստանը ե՛ւ Լեռնային Ղարաբաղը պարտավոր են ընդառաջ գնալ եռանախագահության առաջարկներին»: «Ազգ» թերթի մեկնաբանությամբ՝ հայտարարության «ամբողջ իմաստն այն է, որ ղարաբաղյան հիմնախնդրում միակ ճշմարիտ դիրքորոշումը եղել է Հայոց համազգային շարժմանը»:

«Մեր տեսակետը շատ պարզ է՝ մենք հայրենիք չենք զիջելու։ Էդքա՛ն բան»,- երեկ «Փաստարկ» ակումբում իր դիրքորոշումն «ընդամենը մի նախադասությամբ, շատ կարճ՝ առանց երկարացնելու», այսպես ձեւակերպեց Ղարաբաղյան պատերազմի վետերանների «Երկրապահ» միության նախագահ Արկադի Կարապետյանը. - «Դիվանագետներ ունենք՝ թող դիվանագիտությամբ զբաղվեն։ Ոնց ուզում են՝ զբաղվեն, բայց պահպանեն մեր շահերը։ Աշխարհում պրինցիպներ կան։ Հաղթել ենք, ուրեմն՝ մենք ուրիշ ձեւ պիտի խոսենք, իրենք՝ ուրիշ ձեւ... Եթե դիվանագիտություն ունենայինք, էդ հարցերը չէին ծագի։ Չունենք, դրա համար էլ մեզ քցել են էս կռուգավառոտը՝ լավ կլինի, ըսենց կլինի, ընենց կլինի»։ Իսկ «Առավոտ»-ը փոխանցում է, որ ազատամարտիկը դատապարտել է նաեւ Սամվել Բաբայանին, «որը հնարավոր է համարում որոշ տարածքների զիջումն Ադրբեջանին»: «Սամվել Բաբայանը իմ տեղակալն էր, ես եմ իրեն տեղակալ նշանակել: Իր ասածն ինձ համար նշանակություն չունի», - նշել է Արկադի Կարապետյանը:

«Ժամանակ Երեւան»-ի մեկնաբանը գրում է. - «ՀՀԿ համագումարը ոչնչով չէր տարբերվում 80-ականների կուսակցական ժողովներից՝ իր նոմենկլատուրային բաղադրիչով, անդեմությամբ, գորշությամբ: «Բարգավաճ»-ի կուսժողովը դարձյալ հիշեցնում էր ոչ վաղ անցյալը՝ պալատական մտավորականության առատությամբ, «շեֆի» հասցեին հնչած շողոքորթությամբ»:

«Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանի ներքաղաքական կյանքում, շատերը գնահատում են որպես բացահայտ առճակատում Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ: Իբր՝ Սերժ Սարգսյանը պաշտոնապես միավորվում է ՀՀԿ-ի հետ, իր ողջ ռեսուրսները համախմբում է եւ փորձում է վերցնել ռեալ իշխանությունը: Իսկ Ռոբերտ Քոչարյանը «Բարգավաճ Հայաստան»-ի միջոցով փորձում է դիմադրել», - արձանագրում է «Չորրորդ իշխանություն»-ը՝ հակադրելով. - «Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, ինչ ասես, կարելի է անվանել՝ բացի Քոչարյան – Սերժ առճակատումից: Այսօր Հայաստանում դասական եռանկյունի է կառուցվում՝ հետեւյալ տրամաբանությամբ. Սերժ Սարգսյանը իշխող կուսակցության լիդերն է, Սամվել Բաբայանը իշխող կուսակցության «բեսպրեդելի» դեմ իբր պայքարող ուժերի առաջամարտիկը, Ռոբերտ Քոչարյանը՝ նախագահն եւ այդ երկու «բեւեռների» միջեւ հավասարակշռություն եւ կայունություն ապահովողը: Փաստորեն, «եթե նույնիսկ երկրում ընդդիմություն չլիներ, ես ստիպված կլինեի ստեղծել այն» սկզբունքը իրականացվում է: Բայց «ընդդիմության» ղեկավարը պիտի յուրային լինի, իսկ այս պահին ամենահարմար թեկնածուն հենց Սամվել Բաբայանն է»: «Սերժ Սարգսյանի նպատակն իրականում ոչ թե ՀՀԿ-ն ամրապնդելն ու հզորացնելն էր, այլ «փչացնելը», - եզրակացնում է թերթը:

«ՀՀԿ համագումարից անցել է արդեն վեց օր, իսկ գուշակները ոչ մի կերպ չեն կարողանում իրենց տեղը, կորցրել են քունը, ախորժակը, դադարը եւ մնացյալը։ Բացեք թերթերը, լսեք, թե ինչի մասին են խոսում կուսակցական գրասենյակներում. կկարողանա՞ արդյոք Սերժ Սարգսյանը դառնալ հաջորդ նախագահ, պատերազմ կսկսվի՞ ՀՀԿ-ի եւ «Բարգավաճ Հայաստանի» միջեւ, ով ում «դաբրո» տվեց», - գրում է «Հայոց Աշխարհ»-ի խմբագիրը՝ զուգահեռելով. - «Ինչպես խորհրդային ժամանակներում էինք երազում, որ վաճառասեղաններին գոնե ինչոր բան հայտնվի՝ բացի լուսավոր ապագայից, այնպես էլ այսօր ուզում ենք սրանց մոտ տեսնել ողջամտության ու տրամաբանության գոնե մի նշույլ։ Զո՛ւր ենք սպասում։ Ցավոք, ապրում ենք երկրում, ուր խոսքի ազատությունն անհամեմատ ավելի շատ է, քան ողջամտությունը»։


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG