Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Միջպետական ավիացիոն կոմիտեի պաշտոնական հաղորդագրությունը Ա-320 օդանավի աղետի հետաքննության արդյունքների վերաբերյալ ավելի շատ հարցեր է ծնում, քան պատասխաններ տալիս վթարից հետո մոտ երեք ամսվա ընթացքում ծագած բազմաթիվ կասկածներին», - գրում է «Ազգ»-ը: - «Պատասխանը կառուցված է այն վատթարագույն ենթադրությունների սխեմայով, որով Հայաստանում կանխատեսում էին, որ մեղքը կբարդեն մեռած օդաչուների վրա... Նույնիսկ ամենահոռետեսները հույս ունեին, որ այդ մարդկային գործոնը ներառում է նախ Սոչիի օդանավակայանի դիսպետչերի սխալը: Բայց եղավ այն, ինչ չպետք է լիներ, քանի որ ողջ տեղեկատվությունն էր առկա, որպեսզի Միջպետական ավիացիոն կոմիտեի այդպիսի եզրակացության չհանգեր` անկախ նրանից, թե ո՞ր երկրի շահն ինչ է ասում»:

«Առավոտ»-ում ընդգծված է. - «Ինչպես եւ կանխատեսում էինք, «մեղավոր» հռչակվեցին զոհված օդաչուները։ Ցանկացած այլ դեպքում պատասխանատվություն պիտի կրեին կենդանի մարդիկ»։

«Ուզում եմ, որ ժողովուրդը հավատա մեր օդաչուներին: Հայ օդաչուները չէին կարող այդպիսի պարզ իրավիճակում այդպիսի վթարի ենթարկվել», - «Հայոց Աշխարհ»-ում ասում է Ազգային ավիացիոն միավորման նախագահ Դմիտրի Աթբաշյանը: - «Սոչիի օդանավակայանը չունի համապատասխան տեխնիկական միջոցներ՝ վատ եղանակային պայմանները կանխորոշելու համար»: ՌԴ ավիացիոն կանոնների համաձայն՝ եղանակային վտանգավոր երեւույթների ժամանակ թռիչքներն արգելված են: A-320-ի վթարի վրա, ըստ Աթբաշյանի, ազդեցություն են ունեցել այդ երեւույթներից երկուսը. անձրեւային ուժեղ տեղումները եւ քամու արագ տեղաշարժը:

«Հայաստանի Հանրապետություն» թերթի ընդգծմամբ՝ պաշտոնապես հայտարարված պատճառները «ցանկացած պարագայում չեն կարող բավարարել բոլոր կողմերին, հատկապես՝ զոհվածների հարազատներին». - «Քանզի չափազանց դժվար, ավելի ճիշտ՝ անհնար է վերանալ զգացմունքներից: Իսկ իրատեսությունը պահանջում է առավելագույնս մի կողմ դնել հույզերը, ինչն այս դեպքում հնարավոր չէ: Ամեն դեպքում, այսօր հրապարակի վրա է Միջպետական ավիացիոն կոմիտեի եզրակացությունը, որը կոչված է լույս սփռելու մայիսի 3-ին Սեւ ծովում տեղի ունեցած ողբերգության վրա: Եզրակացություն, որ կատարվել է եղած փաստերի, «սեւարկղային» ձայնագրությունների վերծանման, դրանց մասնակցած եռակողմ մասնագետների կարծիքների համադրման հիման վրա: Եզրակացություն, որ կոչված է հանդարտեցնելու կրքերը, վերջ տալու տարաբնույթ շահարկումներին: Եզրակացություն, որ պիտի կարողանա վերացնել հարցական նշանները եւ կախման կետերի առիթ չտա: Եզրակացություն, որ ո’չ դատավճիռ է, ո’չ վերջնագիր»:

«Ժամանակ Երեւան»-ը փոխանցում է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամլո խոսնակի արձագանքը. - «Ինչ անենք, ստիպված պետք է հաշտվենք իրականության հետ»:

Գրելով, թե հնարավորինս մեծ թվով բարձրաստիճան ու հարուստ անձանցով սեփական շարքերը համալրելու մրցավազքը ՀՀԿ-ի եւ «Բարգավաճ Հայաստան»-ի միջեւ շարունակվում է՝ «Ժամանակ Երեւան»-ը հայտնում է. - ««Բարգավաճ Հայաստան»-ի համամասնական ցուցակի առաջին պատվավոր հորիզոնականներում հանգրվանելու առաջարկներ են արվել Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին, եւ, ուշադրություն, արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանին»:

Պատգամավոր (ՀՀԿ) Արմեն Աշոտյանը «168 ժամ»-ում ասում է. - ««Բարգավաճ Հայաստան»-ի եւ ՀՀԿ-ի միջեւ գոնե այս պահին լուրջ տարաձայնություն չկա: Եվ բախումների տեղ էլ չի լինի ապագայում: Ես այստեղ ավելի շատ տեսնում եմ այն մարդկանց մատը, ովքեր ուզում են քաղաքական ջուրը պղտորել եւ այնտեղ որսալ անձնական դիվիդենտներ: Ակնհայտ է, որ եթե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը անցնի մինչնախընտրական ժամանակահատվածը, հստակեցնի իր խնդիրները, ապա կարող է քաղաքական դաշտում հավակնել բավական լուրջ դերակատարության: ՀՀԿ-ի գերհզորացված պարագայում ունենալ եւս մեկ ուժեղ կուսակցություն, նշանակում է երրորդ, չորրորդ, հինգերորդ եւ այլ միցակիցներին շատ քիչ տեղ թողնել քաղաքական շուկայից ձայն ստանալու համար: Ուստի բնական է, որ այս երկու կուսակցությունների մեջ բախում են հրահրում, քանի որ դրա արդյունքում երկուսն էլ կթուլանան, մնացածը՝ կշահեն»:

«ժամանակ Երեւան» թերթի հարցազրույցում «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը ասում է. - «Սերժ Սարգսյանը եւ իր շրջապատը պատրաստվում են արտահերթ նախագահական ընտրությունների»:

«Առավոտ»-ի հարցին՝ հավատո՞ւմ է, որ Սերժ Սարգսյանը ամեն ինչ կանի, որ առաջիկա ընտրությունները լինեն լավագույնը, պատգամավոր Շավարշ Քոչարյանը ասում է. - «Շատ հաճախ ասվում է այն, ինչի հակառակն արվում է: Եվ եթե հայտարարում է, որ ինքն է երաշխավորը, չէ՞ որ մենք տեսել ենք իր մասնակցությունը ընտրություններին, այդ դեպքում, կարծում եմ, լավագույն մասնակցությունը կլինի այն, որ ինքը չմասնակցի այդ գործընթացին»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG