Մատչելիության հղումներ

Հարաշտին հրապարակել է Հայաստանում մամուլի ազատության վերաբերյալ իր զեկույցը


«Հայաստանը նշանակալի առաջընթաց է գրանցել մամուլի ազատության բնագավառում, սակայն լրատվամիջոցների բազմակարծությունը շարունակում է սահմանափակ մնալ», - անցած ամիս Հայաստան կատարած այցի հիման վրա կազմած՝ երկրում մամուլի ազատության վիճակի մասին իր զեկույցում գրում է Մամուլի ազատության գծով ԵԱՀԿ ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտին:

«Սահմանափակ բազմակարծությունը խոշոր խնդիր է հատկապես հեռարձակման ոլորտում», - ասված է զեկույցում: - «Բացառությամբ սահմանափակ թվով հաղորդաշարերի, որոնք այլընտրանքային տեսակետներ ներկայացնում են, հասարակությունը չի ստանում օբյեկտիվ ու բազմակողմանի տեղեկատվություն: Էլեկտրոնային լրատվամիջոցները կարելի է առավել շատ բնորոշել որպես կառավարամետ, չնայած նրան, որ Պետական հեռուստատեսությունը վերափոխվել է Հանրայինի եւ որ երկրում գոյություն ունեն մի շարք մասնավոր հեռուստաալիքներ»:

Հարաշտին արձանագրում է, որ ոլորտը կարգավորող հանձնաժողովի անդամներին դեռեւս նշանակում է երկրի նախագահը: Հունիսյան երկօրյա այցի ընթացքում Հարաշտիին ընդունել էր նախագահ Քոչարյանը, եւ եվրոպացի պաշտոնյան բարձրացրել էր այդ հարցը: Ռոբերտ Քոչարյանը նկատել էր, որ փոփոխությունները միանգամից չեն կատարվի: Հարաշտին զեկույցում կիսում է իր տպավորությունը. - «Դա նշանակում է, որ մինչ 2007-ի խորհրդարանական ընտրություններն այս հարցում նշանակալի փոփոխություններ չեն արձանագրվի»:

Հայաստանյան այցի օրերին Միկլոշ Հարաշտին բավական մեծ թվով հանդիպումներ է ունեցել հայաստանյան թե’ իշխանական, թե’ լրագրողական ու թե’ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ. - «Իմ շատ զրուցակիցներ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից «Ա1+»-ին եւ «Նոյյան Տապան»-ին կապուղի չտրամադրելը պայմանավորում էին քաղաքական դրդապատճառներով»:

«2005-ից սկսած բազմաթիվ բռնություններ են կիրառվել լրագրողների նկատմամբ», - ասված է զեկույցում: - «Գովելի է, որ մինչեւ հիմա չկան լրագրողների դեմ զրպարտության համար հարուցված քրեական գործեր, չնայած օրենսգրքի համապատասխան` զրպարտության հոդվածը դեռեւս ապաքրեականացման կարիք ունի»:


Աստղիկ Բեդեւյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG