Մատչելիության հղումներ

Համաշխարհային բանկ. «Կոռուպցիայի մակարդակով Հայաստանը, Վրաստանն ու Մոլդովան նույն վիճակում են»


Երեկ Վաշինգտոնում հրապարակվեցին կոռուպցիային նվիրված հերթական հետազոտության արդյունքները: Ուսումնասիրությունը հիմնված է Համաշխարհային բանկի եւ Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի տվյալների վրա:

Կոռուպցիայի մակարդակով եւ հիմնական բնորոշ գծերով Հայաաստանի հետ նույն խմբում են հայտնվել Վրաստանն ու Մոլդովան: Հետազոտության արդյունքներից պարզ է դառնում, որ Հայաստանի բիզնես հանրության կողմից կոռուպցիայի ընկալումը որպես լուրջ խոչընդոտ 2002 թվականից ի վեր առանձնապես չի փոխվել: Հետազոտության հեղինակների պնդմամբ՝ հայաստանցի, ինչպես նաեւ տաջիկ եւ ուզբեկ գործարարները կոռուպցիան՝ որպես խոչընդոտ, ավելի հազվադեպ են նշում, քան ԱՊՀ մյուս պետությունների գործարարները:

Փաստաթղթի հեղինակները պարզել են նաեւ, թե որքանով է պետությունը փորձում միջամտել մասնավոր հատվածի գործունեությանը՝ թելադրելով խաղի իր կանոնները: Այս առումով, ըստ Համաշխարհային բանկի փորձագետների, իրավիճակը 2002 թվականի համեմատ զգալիորեն վատթարացել է Հայաստանում, Ադրբեջանում, Ռուսաստանում եւ Ալբանիայում: Հայաստանում կոռուպցիայի մակարդակի ամենազգալի աճը Համաշխարհային բանկի ներկայացուցիչները արձանագրել են հարկահավաքության եւ մաքսային վճարումների ոլորտներում: Հարկային ոլորտում կոռուպցիան նախկինում ընդհանրապես շատ ավելի ցածր մակարդակ ուներ՝ պնդում են զեկույցի հեղինակները, իսկ մաքսային ոլորտի վիճակը վատթարացման միտում ունի՝ ի տարբերություն Վրաստանի, որտեղ Համաշխարհային բանկը զգալի բարելավում է արձանագրել:

Կոռուպցիայի մեկ այլ ավանդական դաշտում՝ դատական համակարգում, Հայաստանը հետընթաց է ապրում: Փոխարենը, ըստ փորձագետների, Հայաստանը Արեւելյան Եվրոպայի այն եզակի պետություններից է, որոնք լրջորեն զբաղվում են շարքային քաղաքացիների իրավական կրթությամբ: Համաշխարհային բանկի ներկայացուցիչների ուշադրությանն է արժանացել, մասնավորապես, «Իմ իրավունքը» հաղորդաշարը:

Ինչ վերաբերում է հետեւություններին, որոնց հանգել են Համաշխարհային բանկի ներկայացուցիչները, դրանք շատ հստակ են՝ կոռուպցիայի մասին խոսելը բավարար չէ, անհրաժեշտ է պայքարել դրա դեմ՝ արդյունքի հասնելու համար: Որպես ասվածի օրինակ մատնացույց է արվում Հայաստանը:

Զեկույցի հեղինակները հիշեցնում են, որ 2003 թվականին Հայաստանում հաստատվեց Կոռուպցիայի դեմ պայքարի գործողությունների ծրագիրը, իսկ 2004-ին ստեղծվեց Հակակոռուպցիոն պայքարի խորհուրդ՝ վարչապետի գլխավորությամբ:

«Չնայած դրան», - արձանագրում են Համաշխարհային բանկի փորձագետները, - «2005 թվականին մի շարք ցուցանիշներ Հայաստանում ավելի վատն են եղել, քան 2002 թվականին»:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG