Մատչելիության հղումներ

Դավիթ Հարությունյանը առաջիկայում, հավանաբար, կանդամակցի որեւէ քաղաքական ուժի


Երեքշաբթի օրը Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, չբացառեց առաջիկայում հայաստանյան կուսակցություններից մեկին իր անդամակցության հնարավորությունը:

«Եթե որոշեմ մնալ պետական քաղաքականության մեջ՝ այո», - ասաց նա՝ շարունակելով. - «Որոշել եմ՝ այո: Այս պահին, համենայն դեպս, որոշումս այդպիսին է: Բայց դա չի կարող այլեւս լինել առանց որեւէ կուսակցության շարքերում ընդգրկվելու»:

Իսկ թե ո՞րը կլինի այդ քաղաքական ուժը, նախարարը չբացահայտեց. - «Ես ոչ մեկին ոչ ասել եմ այո, ոչ ասել եմ ոչ: Ես ասել եմ՝ այո, կան կուսակցություններ, որոնց կազմում երբեւէ ես չեմ հայտնվի, ուղղակի ի սկզբանե գիտեմ: Բայց չեմ էլ թվարկել այդ կուսակցությունները: Իսկ իմ որոշումը կհայտնեմ այն ժամանակ, երբ ինձ համար արդեն պարզ դառնա իմ հաջորդ քայլը»:

Հարությունյանը բացառեց սեփական կուսակցության ստեղծման գաղափարը՝ փաստարկելով. - «Այդ մեկը ես մերժել եմ: Ուղղակի համարել եմ ոչ նպատակահարմար: Հայաստանում այդ գաղափարն է արդեն արժեզրկված՝ էգոկենտրոն կուսակցություններ են, ցավոք սրտի, դառնում եւ այդպես էլ ընկալվում... Քաղաքական դաշտում առկա են գոնե մի քանի կուսակցություններ, որոնց շուրջ կարելի է մտածել»:

Իր նախագահական հավակնություններին վերաբերող հարցին, որ ձեւակերպված էր այսպես՝ վատն է այն զինվորը, որը չի ուզում դառնալ գեներալ», արդարադատության նախարարը արձագանքեց. - «Կարող եք ինձ համարել վատ զինվոր, քանի որ ես չեմ ուզում դառնալ գեներալ»:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG