Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Հուսով եմ, որ Ադրբեջանում կհաղթի սթափությունը»


«Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում, պատասխանելով պատերազմական գործողությունների վերսկսման հնարավորությանը վերաբերող հարցին, Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ասաց. - «Պաշտպանության նախարարը մշտապես պիտի համարի, որ վաղը ռազմական գործողություններ են վերսկսվելու: Բայց ես վերջիվերջո հույս ունեմ, որ Ադրբեջանում կհաղթի սթափությունը, որովհետեւ Ադրբեջանը որեւէ պարագայում ո’չ այսօր, ո’չ էլ տեսանելի ապագայում չի կարող Հայաստանի նկատմամբ ունենալ այնպիսի ռազմական գերազանցություն, որ կայծակնային պատերազմներ իրականացնի»:

«Ես կողմնակից եմ, որպեսզի խնդիրը լուծվի արագ եւ խաղաղ ճանապարհով», - շարունակեց նախարարը: - «Բայց ուզում եմ, որպեսզի ե’ւ դուք, ե’ւ մեր ժողովուրդը իմանա, որ այսօր հայկական բանակը ունի բավականաչափ ռեսուրս, որպեսզի կատարի իր առջեւ դրված խնդիրը»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հունիսի վերջին քողազերծած առաջարկությունների վերաբերյալ պաշտպանության նախարարը ասաց. - «Այսօրվա տարբերակը, բնականաբար, փաթեթային է: Փուլայինը այն ժամանակինն է, երբ ասում էին՝ կհանձնեք այս տարածքները, հետո կտեսնենք, թե ինչ է լինելու: Փաթեթայինը հենց այն է, երբ երեւում է վերջնական որոշումը, գիտես քայլերիդ հերթականությունը»:

«Այն ժամանակ խոսք չկար ինքնորոշման իրավունքի մասին», - շարունակեց նա: - «Այսօր մենք ասում ենք, այո՝ եթե կա Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչում»:

Դիտարկմանը, թե առաջարկվում է հիմա վերադարձնել տարածքները, իսկ տարիներ հետո՝ դեռեւս չճշտված ժամկետում, անցկացնել հանրաքվե, Սերժ Սարգսյանը հակադարձեց. - «Չի անցկացվի [հանրաքվեն], ուրեմն այդ ամբողջ ընթացքում Լեռնային Ղարաբաղը կունենա ժամանակավոր կարգավիճակ, կունենանք պատերազմ չվերսկսելու երաշխավորներ եւ երաշխիքներ, կունենանք մեծ տերությունների երաշխիքները առ այն, որ մենք մեր մասով մեր պարտավորությունները մեր ժողովրդի հանդեպ կատարել ենք»:

Հաջորդ դիտարկմանը, թե Հանրապետական կուսակցությանը իր անդամակցությամբ բանակի ողջ ռեսուրսները կարող են անցնել այդ կուսակցությանը, Սերժ Սարգսյանը արձագանքեց. - «Ես խիստ կասկածում եմ, որ ամբողջ ռեսուրսները կանցնեն Հանրապետական կուսակցությանը, որովհետեւ մի բան է բանակի հեղինակություն, մի ուրիշ բան է քաղաքական կուսակցության հեղինակություն կամ անհատի հեղինակություն: Եվ ասել, թե ամբողջը կանցնի Հանրապետական կուսակցությանը, սխալ կլինի»:

Նախարարը, սակայն, վատ բան չի տեսնում, եթե հանրապետությունում գտնվի մի քաղաքական ուժ, որ այդպիսի վստահություն ունենա. - «Մենք պիտի երազենք այսպիսի բանի մասին»:

«Ցանկացած սթափ մտածող մարդ պիտի ցանկանա, որ հանրապետությունում լինի քաղաքական ուժ, որին վստահում է մեր ժողովրդի մեծ մասը: Եթե մենք կարողանանք դրան հասնել, ես կհամարեմ, որ շատ մեծ գործ ենք արել», - հավելեց նախարարը:

Նա հերքեց, թե բանակը քվեարկում է այն ուժի օգտին, որին անդամակցում է պաշտպանության նախարարը. - «Այդպես չէ... Որովհետեւ անհնար է այդպես կազմակերպել: Իսկ եթե այդպես է, ուրեմն շատ լավ է: Ուրեմն նախարարի հեղինակությունը բանակում այնքան լավ է, որ բանակը նրա հետեւից գնում է: Դրանում ի՞նչ վատ բան կա: Ուրիշ բան, եթե մենք ստիպեինք: Բայց չենք կարող ստիպել, չէ՞: Բազմաթիվ են դիտորդները, բազմաթիվ են հանձնաժողովների անդամները, եւ վերջին ընտրությունների ժամանակ ոչինչ չգտան...»:

Դիտարկմանը, թե այդ դեպքում Հանրապետական կուսակցությունը ստանում է միանգամից 40-50 հազար ձայն, նախարարը արձագանքեց. - «Շատ լավ է: Եթե այդ ձայները ստացվում են օրինական, ապա ինչո՞ւ պիտի պրոբլեմ լինի»:

Հարցին՝ չէ՞ որ դրանք ոչ թե կուսակցության, այլ նախարարի օգտին տրված ձայներ կլինեն եւ չեն արտացոլի քաղաքական ուժի վարկանիշը, նախարարը հակադարձեց. - «Կուսակցության վարկանիշը բաղկացած է լինում կուսակցության անդամների վարկանիշից՝ պլյուս նրա պատմությունից, ծրագրային դրույթներից եւ այլն: Եվ Հանրապետական կուսակցությունը դրան արժանի է»:

Հերքելով Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի եւ իր վատ փոխհարաբերությունների մասին շրջանառվող լուրերը՝ նախարարը ասաց. - «Մենք Արկադի Ղուկասյանի հետ ընկերներ ենք շատ-շատ վաղուց, իսկ 79 թվականից հետո նաեւ՝ գաղափարի ընկերներ»:

Լրատվամիջոցների հաղորդմամբ, պաշտպանության նախարարը սերտ կապեր է պահպանում Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի հետ եւ անգամ քայլեր է ձեռնարկում վերջինիս հայաստանյան քաղաքական դաշտ վերադարձնելու ուղղությամբ: Այս կապակցության Սերժ Սարգսյանը ասաց. - «Առաջին մասը ճիշտ է, երկրորդը՝ սուտ»: Նրա կարծիքով, Արմեն Սարգսյանի համար դա «անցած էտապ է»:

Պաշտպանության նախարարը, ով նաեւ հայ-ռուսական միջակառավարական հանձնաժողովի նախագահն է, կտրականապես հերքեց Իրան – Հայաստան կառուցվող գազատարը Ռուսաստանին փոխանցելու մասին լուրերը. - «Այդպիսի բան չկա: Այսօր գոյություն ունի Իրան – Հայաստան գազատարի շինարարություն, որն իրականացնում է «Հայռուսգազարդ»-ը՝ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ... Եթե Կարեն Կարապետյանը, այսինքն՝ «Հայռուսգազարդ»-ը դրամ կգտնի Ռուսաստանում, թե Ճապոնիայում, թե Միացյալ Նահանգներում՝ մեզ շա՞տ է հետաքրքրում»:


Ռուզան Խաչատրյան, Հրաչ Մելքումյան եւ Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG