Մատչելիության հղումներ

SOS գյուղն ու նրա փոքրիկ բնակիչները


Ծրագրի հիմնական նպատակն էր՝ երկրաշարժից տուժած երեխաների համար ստեղծել տանիք: Այս նախագծի ազգային տնօրեն Աշոտ Քոչարյանը նշում է, որ ի տարբերություն մյուս խնամակալական կազմակերպությունների, այստեղ փորձում են երեխաների համար ստեղծել ընտանեկան միջավայր, սա իրականացվում է, այսպես կոչված, SOS ընտանիքների միջոցով:

Այսօր SOS մանկական գյուղում ապրում է 13 ընտանիք՝ ամեն ընտանիքում 7-10 երեխա:

«Նրանք ապրում են իրենց SOS մայրիկի հետ, ով ամբողջությամբ փոխարինում է իրենց կենսաբանական մորը ու տալիս այն ջերմությունը, որը նրանք ինչ-ինչ պատճառներով կորցրել են», - ասում է նա:

Համաձայն ՀՀ օրենքի, եթե լրացել է մանկատանը ապրող երեխայի 18 տարին, մանկատունը այլեւս նրա խնամակալությունը չի իրականացնում: SOS-֊ը այն եզակի կազմակերպություններից է, որն իրականացնում է երկարաժամկետ խնամակալություն:

Մինչեւ 14 տարեկան երեխաները բնակվում են գյուղում, այնուհետեւ տեղափոխվում երիտասարդական տներ: Ըստ տնօրենի, սա արվում է առավել վաղ տարիքից ինքնուրույնություն ձեւավորելու համար:

Այս գյուղի մշտական հյուրերից է երգչուհի Քրիստինե Պեպելյանը: Նա իրեն համարում է այս մեծ ընտանիքի անդամը:

«Երեխաների հետ շփումից հաճույք եմ ստանում ու հանգստանում, գիտեմ բոլորին անձամբ», - ասում է երգչուհին:

«Սակայն ունենալ եւ կազմակերպել դաստիարակչական նման մոդել բավական թանկ հաճույք է», - փաստում է ազգային տնօրենը: - «Այս ամենը կապված է մեծ գումարների հետ: ՀՀ կառավարությունը լավ է վերաբերվում մեր կազմակերպությանը, քաջ ծանոթ է մեր դաստիարակչական մեթոդներին, սակայն պետական ֆինանսավորում դեռ չունենք: Գյուղի հիմնական միջոցները հանգանակվում են մեր մայր կազմակերպությունից` Հերման Մայների ֆոնդից, որը գտնվում է երմանիայում»:

Այսօր «SOS-կինդեռդոռֆ ինտեռնացիոնալ»-֊ը ունի մոտ 6 միլիոն անհատ ձեռներեց հովանավորներ: Այսինքն՝ եթե տարեկան նրանցից յուրաքանչյուրը անի 1 դոլար ներդրում, կազմակերպությունը կունենա 6 մլն դոլար:

«Իհարկե, աշխատանքներ ենք տանում նաեւ տեղական հովանավորներ գտնելու համար», - ասում է տնօրենը:

Սակայն, ինչպես ասվում է, մայրական ջերմությունից առավել աշխարհում ոչինչ չկա: «Ու որքան էլ կազմակերպությունը հարուստ լինի, ապահովի ամենակատարյալ պայմանները, միեւնույն է ոչ մի կազմակերպություն չի կարող գնել կամ ապահովել ցանկացած երեխայի համար ամենակարեւորը՝ մայրական սերը»,- ասում է մանկական հոգեբան Վահե Դանիելյանը:


Անի Թադեւոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG