Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Երեկ վաղ առավոտյան մեր խմբագրությունը հրկիզելու փորձ են արել: Մեր խորին համոզմամբ, տեղի ունեցածի գլխավոր պատասխանատուն Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն է: Եթե վերջինս զբաղվեր իր անմիջական պարտականություններով, այս հանցագործությունը չէր կատարվի», - հայտարարում է «Չորրորդ իշխանություն»-ը:

«Հուլիսի 19֊-ին ամերիկահայ երգիչ Գեւորգ Չամիչյանը ենթարկվել է դաժան ծեծի, քանի որ իր մեքենայով համարձակվել է շրջանցել Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի մեքենան», - պատմում է «Առավոտ»-ը: - «Այժմ երգիչը գտնվում է հիվանդանոցում եւ, հավանաբար, նա չի կարող հանդես գալ մենահամերգով, որի համար ժամանել է Երեւան: Այս առիթով փորձեցինք պարզաբանում ստանալ Հայաստանում ԱՄՆ֊-ի դեսպանատնից: Վերջինիս մամուլի պատասխանատու Թագուհի Ջահուկյանը մեզ փոխանցեց, որ «ԱՄՆ֊-ի դեսպանատունը այս առիթով մեկնաբանություններ չունի անելու»: Պատգամավորի պարզաբանումներն առայժմ չի հաջողվել ստանալ»:

«Ժամանակ Երեւան»-ի՝ նախագահականին մոտ աղբյուրները թերթին փոխանցել են, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ինտենսիվ բանակցություններ է վարում Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ՝ նրան առաջարկելով հաջորդ տարի գլխավորել կուսակցության համամասնական ցուցակը. - «Հետն էլ լուսապայծառ ապագա են առաջարկում՝ հետագայում դառնալ նախագահի պաշտոնում իշխանության ժառանգորդը: Առայժմ Գագիկ Հարությունյանը հստակ պատասխան չի տվել»:

Շավարշ Քոչարյանը «Իրավունք» թերթին տված հարցազրույցում կանխատեսում է. - «2 սցենարներ կան, որոնք պայմանավորված են այն հարցով, թե ի՞նչ նպատակ ունի Ռոբերտ Քոչարյանը: Առաջին նպատակը կարող է սա լինել՝ նա ցանկանում է մնալ իշխանության առաջին դեմքը: Բայց ակնհայտ է, որ չի փորձի մնալ երրորդ ժամկետ: Հետեւապես, նրա նպատակը նշանակում է զբաղեցնել վարչապետի պաշտոնը, ինչն ունի իր տրամաբանությունն ու իր խաղը: Այդ տրամաբանության շրջանակներում է տեղավորվում այն հանգամանքը, որ խորհրդարանում ձեւավորվի խճանկարային մեծամասնություն, այն է՝ չլինի մեկը, որը չափազանց ուժեղ է, որովհետեւ այդ պարագայում նա կախման մեջ է ընկնում տվյալ քաղաքական ուժից: Բայց չի բացառվում նաեւ երկրորդ սցենարը՝ Քոչարյանն ընդմիջում է իր քաղաքական գործունեությունը եւ վերցնում 5-֊ամյա դադար: Իսկ այդ սցենարը ենթադրում է, որ նա պետք է ունենա հստակ երաշխիքներ: Նման պարագայում արդեն Քոչարյանին ոչ թե խճանկարային մեծամասնություն է պետք խորհրդարանում, այլ գերիշխող ուժ, որը դառնում է նրա երաշխավորը: Իմ կարծիքով՝ այսօր տրամաբանությունը տեղաշարժվել է դեպի երկրորդ սցենար»:

«Սուպերհամագումարին ընդառաջ» վերնագրի ներքո «Հայկական ժամանակ»-֊ը փաստում է. - «Վերջին շաբաթներին Հանրապետական կուսակցության վարկանիշը աննախադեպ աճել է: Այն այսօր շատ ավելի բարձր է, քան Սպիվակովի նվագախմբի եւ անգամ Լուչանո Պավարոտիի վարկանիշը: Համենայնդեպս երեկ ընդամենը 5 րոպե էինք Հանրապետական կուսակցության գրասենյակում, եւ կուսակցության բոլոր հեռախոսներով հուլիսի 22֊-ի արտահերթ համագումարի հրավիրատոմս էին խնդրում»:

Հայաստանի վարչապետի խորհրդական Ստեփան Մարգարյանը «Հայոց Աշխարհ»-֊ում կարծիք է հայտնում. - «Կարող է պարադոքսալ թվալ, բայց Ջավախքի հայաբնակ երկու շրջանների պաշտոնական գրագրությունը, դատավարությունները վրացերենին զուգահեռ նաեւ հայերեն լեզվով վարելը կարող է նպաստել բնակչության վրացերեն սովորելուն։ Որովհետեւ եթե հիմա հայերենը թույլատրված չէ, մարդիկ ընդդիմանում են նաեւ վրացերեն սովորելուն։ Իսկ երբ լինի երկու լեզուների համատեղ գործածություն, բնակչության առնվազն այն շերտը, որը ավելի մեծ հավակնություններ ունի, քան զուտ հողագործությամբ զբաղվելը, կսկսի սովորել նաեւ վրացերեն, որպեսզի կարողանա պետական համակարգում աշխատել»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG