Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«168 ժամ» թերթն այսօր տպագրել է «Ադրբեջանի մտավորականների ներկայացուցիչների» նամակը հայ ժողովրդին: Նամակում ասված է. - «Եթե մոտ ապագայում բանակցային գործընթացում լուրջ փոփոխություններ տեղի չունենան, ապա 2007-֊ի գարնանը կամ ամռանը պատերազմը կվերսկսվի: Մենք չենք պնդում, որ պատերազմի դեպքում մենք անպայման կհաղթենք, թեեւ ադրբեջանցի ազգաբնակչությունը դրանում խորապես համոզված է: Սակայն անգամ պարտության դեպքում ժողովրդի բարոյական ոգին նույնը կմնա, եւ նոր հաղթանակը Հայաստանին ոչինչ չի տա: Մենք դիմում ենք ձեզ, որպեսզի նախաձեռնեք Հայաստանում գոնե 5 շրջանի՝ Աղդամի, Ֆիզուլիի, Զանգելանի, Ջեբրայիլի եւ Ղուբաթլիի վերադարձման հարցով հանրաքվեի անցկացումը: Հանրաքվեի դրական արդյունքը կբարձրացնի հայ ժողովրդի իմիջը միջազգային հանրության, նաեւ Ադրբեջանի աչքին: Եվ այս բարի կամքը Հայաստանի իշխանություններին «քարտ֊ բլանշ» կտա խաղաղ պայմանագիր կնքելու գործում»: Ադրբեջանի մտավորականների ներկայացուցիչների այս նամակի տակ դրված է 101 ստորագրություն:

«Առավոտ»-ի տեղեկացմամբ, «Մարդու իրավունքներ 96» կուսակցության վարչությունը հայտարարություն է արել Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի՝ Հանրապետական կուսակցությանը անդամագրվելու կապակցությամբ: Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է. - «Պաշտպանության նախարարի հայտարարությունը՝ կուսակցական դառնալու մասին, ոտնահարում է ոչ միայն «Կուսակցությունների մասին» օրենքի պահանջները, այլեւ բացահայտորեն ուղղված է Հայաստանում հաստատված սահմանադրական կարգի խախտմանը: Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ պաշտպանության նախարարը փորձ է անում խաթարել զինված ուժերի չեզոքությունը քաղաքական հարցերում: Այս պայմաններում Հայաստանի նախագահը պարտավոր կլինի նաեւ միջոցներ ձեռնարկել Հայաստանի սահմանադրական կարգը խախտող կուսակցության գործունեության արգելման ուղղությամբ»:

Իսկ Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, պատգամավոր Գագիկ Մինասյանը «Հայոց աշխարհ»-֊ին հայտնել է. - «Առաջիկա կանոնադրական փոփոխություններից հետո Սերժ Սարգսյանը նաեւ կընտրվի Հանրապետական կուսակցության խորհրդի կազմում, որովհետեւ բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք կուսակցության անդամ են, նաեւ դառնում են խորհրդի անդամ»:

Ռազմա֊քաղաքական թեման՝ բայց արդեն փոխնախարարի մակարդակով, շարունակում է «Իրավունք»֊-ը. - «Հուլիսի 14-֊ին պաշտպանության փոխնախարար, գեներալ լեյտենանտ Մանվել Գրիգորյանի ծննդյան արարողությունը տեղի է ունեցել «Մուսալեռ» ռեստորանում: Ռեստորանի հարկի տակ հավաքված են եղել Հայաստանի քաղաքական էլիտայի գրեթե բոլոր ներկայացուցիչները՝ բացառությամբ նախագահի: Պաշտպանության փոխնախարարն այդ օրը գրեթե բոլոր բարձրաստիճան հյուրերից զենք է նվեր ստացել: Իսկ ահա գործարար պատգամավոր Գագիկ Ծառուկյանը ինչ֊-որ «օբյեկտի» բանալիներ է նվիրել գեներալին, բայց թե ո՞ր օբյեկտի մասին է խոսքը, առայժմ պարզել չհաջողվեց: Մանվել Գրիգորյանին իրենց երգով ողջունել են ճանաչված ռաբիս երգիչ Արամ Ասատրյանը եւ երգչուհի Շուշան Պետրոսյանը»:

«Չնայած բազմաթիվ հարցումներին՝ Մաքսային պետական կոմիտեի աշխատակիցները մշտապես հրաժարվում են հրապարակել Հայաստան ապրանքներ ներկրող ընկերությունների անունները՝ պատճառաբանելով, թե դրանք առեւտրային գաղտնիք են եւ հրապարակման ենթակա չեն», - շարադրում է «Տարեգիր»-ը՝ բացահայտելով. - «Իրողությունն այն է, որ այդ տվյալների հրապարակման դեպքում, ի վերջո, հայտնի կդառնա, որ Հայաստան ամենամեծ ծավալի ապրանք ներմուծողներից մեկը Մաքսայինի պետի տեղակալ Գագիկ Խաչատրյանն է: Մեր աղբյուրի փոխանցմամբ, միայն 12 անուն ապրանք ներկրում է այդ պարոնը՝ սկսած խմիչքից, վերջացրած կոնֆետեղենով: Ու, բնականաբար, Խաչատրյանի ապրանքները հայկական շուկա են մտնում առանց մաքսատուրքի վճարման, ասել է թե՝ մաքսանենգ ճանապարհով»:

«Հայկական ժամանակ»֊-ը ավետում է. - «Երեկ առավոտյան մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանը դուրս է գրվել «Նաիրի» բժշկական կենտրոնից: Բուժման արդյունքներն այսպիսին են՝ Դուրյանը գտնվում է միանգամայն գիտակից վիճակում, կարողանում է խոսել, ինքնուրույն սնվել, ճանաչում է իր հարազատներին եւ օգնությամբ կարողանում է քայլել»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG