Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 15-ը հուլիսի)

«Արդեն երկար ժամանակ է, ինչ քաղաքական կուլիսներում խոսակցություններ են պտտվում, որ ՀՀ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի թեկնածությունը կարող է ամենահարմարը լինել 2008 թվականի նախագահական ընտրություններում», - գրում է «Հայկական ժամանակ»֊-ը եւ հավելում. - «Նախկինում Վարդան Օսկանյանը Քոչարյանի նախագահական աթոռը ժառանգելու մասին հարցերին պատասխանում էր անորոշ եւ դիվանագիտորեն: Երեկ, սակայն, կարծես թե, առաջին նշանները երեւացին, որ Օսկանյանի նախագահական ապագայի մասին խոսակցությունները անհիմն չեն»:

«Ազգ»-ը մեջբերում է Սերժ Սարգսյանի պատասխանը նախագահական ընտրություններում որպես թեկնածու առաջադրվելու հնարավորության մասին հարցին. - «Բոլոր դեպքերում այդ հարցին մենք կանդրադառնանք Ազգային Ժողովի ընտրություններից հետո: Որովհետեւ, եթե ՀՀԿ-ն եւ նրան սատարող ուժերն ԱԺ-ում չունենան լուրջ ներկայություն, հետագա քայլերի մասին խոսելն անիմաստ է: Իսկ երբ տեսնենք, որ ունենք հենարան՝ ոչ թե քաղաքական, այլ հենարան, եւ եթե տեսնենք, որ մեր ընտրողները, մեր ժողովուրդը, մեր գաղափարներին, մեր ծրագրերին հավանություն են տալիս՝ իսկ ինչո՞ւ չէ»:

«168 ժամ»-ի փոխանցմամբ, Ազատական առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը հայտարարել է, որ կա Լեւոն-Տեր-Պետրոսյանի վերադարձի հասարակական եւ քաղաքական պահանջ: -«Պետք է ազնիվ լինենք: 1997-98 թվականներին այն, ինչ ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը, իրականացել է: Նա Նոստրադամուսը չէ, ուղղակի լուրջ, հեռուն նայող քաղաքական գործիչ է եւ հստակ հասկանում էր, թե ինչ կարող է լինել: Եվ դա բաց ասաց հասարակությանը»:

«Ժամանակ Երեւան» թերթի տեղեկություններով՝ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի նախկին ղեկավար եւ «Նոր երկիր» կուսակցության նախագահ Արտաշես Թումանյանը վաճառում է Հայաստանում ունեցած իր բիզնեսը: - «Առայժմ վաճառում է Անիի տուֆի հանքերը եւ Անիի կայարանի շրջակայքում ունեցած անասնապահական ֆերման», - գրում է թերթը:

«Մոտ ապագայում կարող է ի հայտ գալ աջ-ազատական կուսակցությունների համագործակցության նոր ձեւաչափ, որտեղ ներգրավված կլինեն երեք կուսակցություններ՝ ՄԱԿ-ը, ՀՔԴՄ-ն եւ «Արժանապատիվ ապագան», - ներկայացնում է «Առավոտ»-ը՝ նշելով. - «Այս գործընթացներին քաջատեղյակ աղբյուրը, իր հերթին հաստատելով այս տեղեկությունները՝ միաժամանակ ճշտում արեց, որ աջ ուժերի այս հնարավոր նոր միավորումը կոչված է սատարելու ոչ թե Ռոբերտ Քոչարյանին, այլ՝ Սերժ Սարգսյանին: Այդ միավորման առանցքային դեմքը լինելու է Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը, որն այս օրերին Երեւանում է»:

«Հայոց Աշխարհ»-ի վերլուծաբանի կարծիքով, այն չափազանցված սպասումները, որոնք ողջ աշխարհում նկատվում են Մեծ ությնակի գագաթնաժողովից, գոնե Հարավային Կովկասի առնչությամբ լուրջ հիմքեր չունեն: «Քանի դեռ չեն հստակեցվել ԱՊՀ տարածքում առկա հակամարտությունների կարգավորման հիմնարար սկզբունքները եւ չեն հստակեցվել դրանք յուրաքանչյուր կոնկրետ դեպքում կիրառելու քաղաքական տեխնոլոգիաները, ակնհայտ է, որ Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովը առավելագույնը կարող է հայտարարություններ անել՝ հորդորելով հակամարտությունների մեջ ներքաշված երկրներին ու ժողովուրդներին՝ պահպանել խաղաղությունը եւ շարունակել երկկողմ ու բազմակողմ բանակցությունները»։

Հայաստանի արտգործնախարարի երեկվա ասուլիսից
«168 ժամ»-ը փոխանցում է. - «Վարդան Օսկանյանը հայտարարեց, թե ինքը դրական է գնահատում համանախագահների կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման սկզբունքների բացահայտումը»: Անդրադանալով այս ամսվա վերջին սպասվող ԵԱՀԿ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի այցին տարածաշրջան, թերթը մատուցում է. - «Վարդան Օսկանյանի խոսքերով, իրենք Բրայզայի մոտ վերահաստատելու են իրենց դիրքորոշումը, այն է՝ հայկական կողմը համաձայն է բանակցությունների սեղանին դրված այսօրվա սկզբունքների հետ»:

Ի պատասխան «Առավոտ»-ի հարցադրմանը, թե այսօր՝ սառեցված հակամարտության պայմաններում, հնարավո՞ր են շփումներ հայերի ու ադրբեջանցիների միջեւ՝ Ադրբեջանի «Մուսաֆաթ» կուսակցության դիվանի անդամ Հիքմեթ Հաջիզադեն ասում է. - «Հիմա այդ շփումները բավականին բարդ են: Ադրբեջանում ասում են, որ այդպիսի շփումները ձեռնտու են հայերին, որովհետեւ այդպես նրանք բթացնում են մեր զգոնությունն ու մոռացնել տալիս հակամարտության հետեւանքները»:

«Առավոտ»-ը տեղեկացնում է. - «Մալաթիայում կրկին կրակոցներ հնչեցին, այս անգամ՝ հուլիսի 13-ի գիշերը, ավտոմեքենայի ղեկին նստած Արմեն Նովիկովի վրա»: - «Տուժողը մասնակցել է «ՏԷՑ-ի կռուգի» «հերոսամարտին»: Նրա վրա կրակելու շարժառիթը «ՏԷՑ-ի վրեժխնդրությունն» էր»:

«Հայկական ժամանակ»-ը ավելի է մանրամասնում. - «ՏԷՑ-ի կռուգում Տեր-Հարությունյանը սպանվել էր հենց Նովիկովի արձակած գնդակից: Արմեն Նովիկովը դատապարտվեց 5 տարի ազատազրկման: Դա տեղի ունեցավ անցած տարվա մայիսի 1-ին, ինչը նշանակում է, որ ըստ դատավճռի` Նովիկովը պետք է գտնվեր կալանավայրում: Բայց դա, ինչպես տեսնում եք, այդպես չէ: Եվ հարց է ծագում, ինչպե՞ս է սպանության համար մեղադրված անձը հայտնվել ազատության մեջ»: Թերթը պարզել է, որ Արմեն Նովիկովը կալանավայրից ազատ է արձակվել 2005 թվականի հոկտեմբերի 18-ին՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի որոշմամբ: «Նման որոշում է կայացվել հատուկ բժշկական հանձնախմբի եզրակացության հիման վրա: Ըստ պաշտոնական տեղեկատվության, հանձնաժողովը, քննելով Նովիկովի առողջական վիճակը, նրա մոտ հայտնաբերել է այնպիսի հիվանդություններ, որոնց առկայության դեպքում դատապարտյալը ազատ է արձակվում», - գրում է թերթը եւ շարունակում. - «Հայաստանի գլխավոր դատախազության՝ երեկ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հարձակման մասնակիցներից մեկի ինքնությունը պարզված է, եւ խոսքը Լ. Ղազարյանի մասին է: Դատախազությունը այս անձի անունը լրիվ չի գրում, որպեսզի մարդիկ գլխի չընկնեն, որ խոսքը Լեւոն Ղազարյանի մասին է, նույն ինքը՝ Չարբախի Լյովիկը՝ ՏԷՑ-ի կռուգի ռազբորկայի մասնակից, որը նշված դատավարության ընթացքում Նովիկովի հետ նստած է եղել ամբաստանյալի աթոռին եւ դատապարտվել է երկու տարի ազատազրկման: Հիմա արդեն հասկանալի է, որ նա էլ է վաղաժամկետ ազատ արձակվել»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG