Մատչելիության հղումներ

Ուսանողների մի մասն այլեւս չի օգտվի տարկետման իրավունքից


Այս տարի դիմորդներին՝ բուհերում դիմումների ընդունման նախավերջին օրը անակնկալ էր սպասում. վերջին պահին պարզվել է, որ նրանց մի մասը բուհ ընդունվելու դեպքում պետք է բանակ գնա:

Խոսքը, մասնավորապես, Ռուս-սլավոնական, Ֆրանսիական համալսարանների եւ Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի դիմորդների մասին է, որոնց մեծ մասն այս տարի այլեւս չի օգտվելու պարտադիր զինծառայությունից տարկետման իրավունքից:

Կառավարությունը նախատեսում է այս տարի սահմանափակել այս երեք բուհերում զինծառայությունից տարկետման իրավունքով ընդունվողներին հատկացված տեղերի թիվը: Եթե մինչ այժմ այստեղ ընդունվող բոլոր տղաներն ազատվել են բանակից՝ առանց սահմանափակումների, ապա այս տարվանից յուրաքանչյուր բուհում տարկետման իրավունքից կօգտվի առաջին կուրսի 20-ից ոչ ավելի ուսանող. մնացածը կգնան բանակ:

Այս որոշման նախագիծը կառավարության նիստում քննարկվել է միայն երեկ, երբ այս բուհերում արդեն հաստատված տեղերի թվով եւ մասնագիտություններ գծով դիմում-հայտերի ընդունելությունը վաղն ավարտվում է, իսկ ընդունելության քննություններին մնացել է ընդամենը մեկ շաբաթ: Այս անակնկալը խիստ դժգոհություն է առաջացրել այս բուհերի ղեկավարների շրջանում, որոնք մինչեւ այսօր անտեղյակ էին:

«Շատ զարմացած եմ, որ այդպիսի որոշում կարող է ընդունվել մի համալսարանի վերաբերյալ, որը միջպետական հիմնադրամ է, եւ իմ կառավարությունն այդ մասին տեղյակ չէ», - նշում է Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Պոլ Ռուսեն: - «Ոչ ոք չի խորհրդակցել իմ դեսպանի հետ: մանավանդ Ֆրանսիայի նախագահի սպասվող այցից առաջ ես սա համարում եմ խիստ զարմանալի»:

«Հիմա մենք փաստի առաջ ենք կանգնել, բայց ով արել է, թող նա էլ պատասխան տա», - մեկնաբանում է Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի ղեկավար Սերգեյ Պիչախչյանը:

Պատասխանատուները այստեղ որեւէ խնդիր չեն տեսնում: Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կառավարության այս քայլը բնութագրեց «միանգամայն նորմալ»՝ հիմնավորելով, որ այս բուհերում ընդունելությունը տարիներ շարունակ իրականացվել է առանց իրավական հիմքի եւ կառավարության կողմից դաշտը կանոնակարգելու խնդիր կար. - «Վերջին պահ չէ՝ սա ստիպված քայլ էր: Ես որպես նախարար չէի կարող թույլ տալ, որ առանց իրավական հիմքի ընդունելության քննություններ սկսվեր: Այս բուհերի տեղերը չէին հաստատվել կառավարության նիստում, փաստորեն, օդի մեջ էր նրանց թվաքանակը, եւ դա կանոնակարգվել է»:

Բուհերի ղեկավարների համար այս փաստարկները բոլորովին համոզիչ չեն. նրանք ունեն իրենց փաստարկները: «Դրանց շուրջ համաձայնության չգալու դեպքում հնարավոր է ծագեն միջկառավարական խնդիրներ», - նշում է Պոլ Ռուսեն: - «Եթե սա տարածվի ընդունվածների ընդհանուր թվաքանակի կեսի վրա, մենք բավարարված կլինենք, իսկ եթե ավելի քչերի՝ դա շատ վատ «օգնություն» կլինի մեզ: Սա մի խնդիր է, որն արդեն դուրս է իմ՝ որպես ռեկտորի իրավասություններից, որովհետեւ սա միջկառավարական հիմնադրամ է, եւ մեզ չբավարարելու դեպքում ֆրանսիական կառավարությունը կմիջամտի»:

Կրթության եւ գիտության նախարարի վկայությամբ՝ այս երեք բուհերում տարկետման իրավունքով հատկացվող տեղերի թիվը կհաստատվի առաջիկա օրերին՝ կառավարությունում վերջնական խորհրդակցությունից հետո:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG