Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Այսօր Բաստիլի գրավման օրն է», - ազդարարում է «Ժամանակ Երեւան» թերթը՝ արժեվորելով. - «1789 թվականի հուլիսի 14-ի գլխավոր նշանակությունը ակնհայտ է՝ ավտորիտար ռեժիմները դատապարտված են»:

«Բեղմնավորումը եղել է եւ այժմ հղիացման շրջանում է: Այ երբ կլինի ծնունդը, որը կոչվում է համագումար, այն ժամանակ արդեն կարելի է ասել, որ կուսակցությունը գոյություն ունի, եւ մենք այդ կուսակցության մարտիկներն ենք: Այժմ կուսակցությունը հղիության շրջանում է», - «Իրավունք»-ում պարզաբանում է «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Լյովա Խաչատրյանը: Ի պատասխան հարցին, թե հղիություն հավերժ չի տեւում, պատգամավորը պատասխանում է. - «Քանի որ մարդ էակն է կուսակցության հիմքում կանգնած, բջիջը մարդն է, կարծում եմ, որ կուսակցության ծնունդը եւս կտեւի մինչեւ 9 ամիս, 9 օր, եթե ժամանակից շուտ «չվիժի»»:

«Այսօր Հայաստանում «ընտրություններ» հասկացությունը գրեթե պաշտոնապես վերացվում է, եւ ներկայումս հենց այդ գործընթացի ամենաակտիվ փուլն է», - գրում է «Չորրորդ իշխանություն»-ը: - «Նախապես որոշվում է, թե որ քաղաքական ուժը պիտի «հաղթի» ընտրություններում, եւ ըստ այդմ պաշտոնյաներն ու օլիգարխները համալրում են քաղաքական այդ ուժի շարքերը... Ոչ մի դիմադրություն չկա: Ընդդիմությունը ընդամենը արձանագրում է իրավիճակը, իսկ հասարակությունը անտարբեր է: Այս համընդհանուր «իդիլիան» խախտում են միայն հատուկենտ լրատվամիջոցներ... Բոլորը հասկանում են, որ Հայաստանում քաղաքական կյանք գոյություն ունի միայն թերթերի էջերում: Քանի դեռ թերթեր կան, իշխանությունները ստիպված են որոշ ձեւականություններ պահանջել... Բայց նյարդերն այլեւս չեն դիմանում: Ու սրանք որոշել են վերջ տալ ձեւականություններին: Դրա համար էլ լրագրողների նկատմամբ հարձակումներն արդեն բացահայտ են»:

«Այսօր ՀՀԿ կազմում կա 32 հազար կուսակցական, որը Հայաստանի պայմաններում նորմալ թիվ եմ համարում։ Մանավանդ՝ եթե նկատի ունենանք, որ այլ քաղաքական ուժեր հայտարարում են 60-70 հազարի մասին, ինչը լուրջ չէ։ Եվ եթե վարչական լծակ օգտագործելու ցանկություն ունենայինք, թող ոչ ոք չկասկածի, որ կուսակցության թվակազմը վաղուց անցած կլիներ 100 հազարից։ Բայց թվաքանակը մեզ համար ինքնանպատակ չէ», - «Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում ասում է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը՝ ուղենշելով. - «Մենք իհարկե ձգտելու ենք ապագա Ազգային ժողովի ընտրություններում ստանալ այնքան քվեներ, որ կարողանանք խորհրդարանում որակյալ մեծամասնություն ձեւավորել։ Սա մաքսիմում խնդիրն է, որը յուրաքանչյուր քաղաքական ուժ դնում է իր առջեւ, բայց, կարծում եմ, ՀՀԿ-ն ունակ է այդ խնդիրը լուծել»։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Առավոտ»-ին տեղեկացրել են, որ Հայաստանից այս պահին դատարան է դիմել արդեն 449 հոգի, որոնցից միայն 299-ը՝ 2005 թվականին. - «Հայաստանյան դիմումներից առայժմ միայն մեկն է համարվել ընդունելի, իսկ 21 գործ ներկայացվել է կառավարությանը՝ պատասխանի համար»: «Ա1+» հեռուստաընկերության գործի մասին «Առավոտ»-ի հարցին ի պատասխան՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ներկայացուցիչն ասաց. - «Ենթադրվում է, որ առաջիկա 6 ամսվա ընթացքում որոշում կկայացվի այս գործի վերաբերյալ»: «Նկատենք», - գրում է թերթը, - «որ խոսքն առայժմ միայն այն որոշման մասին է, թե արդյոք ընդունելի՞ է այս գործը, թե՞ ոչ»:

«Արմավիա»-ի սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցում ասում է. - «Ստեղծված իրավիճակը շատ բարդ է: Իմ տեղեկություններով, վթարի պատճառները քննող հանձնաժողովը երեկ (այսինքն` հուլիսի 12-ին Երեւանում գտնվելիս) նիստ է գումարել, որի ընթացքում որոշել են վթարի պատճառների քննության ժամկետը երկարաձգել... Նրանք հաստատում են, որ դիսպետչերը սխալ է եղել: Բայց ասում են, որ նա չի եղել վթարի պատճառը: Դիսպետչերը նպաստել է վթարին, բայց ասել, որ նա է վթարի հիմնական մեղավորը, ես էլ եմ կարծում, ճիշտ չէ»:

«Սեւանը դարձել է նաեւ յուրօրինակ կոյուղատար, քանի որ մաքրման կայանների բացակայության պատճառով շրջակա բնակավայրերի կոյուղաջրերը լցվում են լիճը: Ընդհանրապես, հանրապետության 32 մաքրման կայաններից ոչ մեկն այսօր չի աշխատում», - գրում է «Ազգ»-ը՝ բերելով հետեւյալ տվյալները. - «Տարեկան 4 հազար տոննա գոմաղբ, 80 տոննա ֆոսֆատներ, 290 տոննա նիտրատներ եւ ավելի քան 115 տոննա նավթամթերք լցվում է Սեւանա լիճ»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG