Մատչելիության հղումներ

Քրեական գործ է հարուցվել ԱՄՆ-ում բնակվող թուրք գիտնականի նկատմամբ


ԱՄՆ-ի Արիզոնայի համալսարանի դասախոս Էլիֆ Շաֆակին Թուրքիայում ներկայացվել է «թուրքերի ինքնությունը վիրավորելու» մեղադրանք: Մեղադրանքը հաստատվելու դեպքում թուրք գիտնականը կարող է դատապարտվել ազատազրկման:

«Ասոշիեթեդ փրես» գործակալության փոխանցմամբ, մեղադրանքը ներկայացվել է Թուրքիայի Քրեական օրենսգրքի վիճահարույց 301 հոդվածով:

Եվրամիությունը բազմիցս նախազգուշացրել է Թուրքիային, որ 301 հոդվածը, որով արդեն մեղադրանք է հարուցվել տասնյակ լրագրողների, հրատարակիչների ու գիտանականների նկատմամբ, կարող է խոչընդոտել կազմակերպությանն անդամակցելու Թուրքիայի ջանքերին:

Թուրքիայի քաղաքացի տիկին Շաֆակը հայտնել է, որ դատարանի առջեւ է կանգնելու ԱՄՆ-ում դասավանդելու ընթացքում գրած «Ստամբուլի սրիկաները» գրքի ազգությամբ հայ գործող անձանցից մեկի՝ «թուրք մսագործներ» արտահայտության համար:

Գիրքը լույս է տեսել Թուրքիայում անցած մարտին: Արդեն վաճառվել է ավելի քան 50 հազար օրինակ:

Շաֆակը նաեւ հայտնել է, որ դատական նիստի օրը նշանակված չէ: Ինքը գործի մասին տեղեկացել է թուրքական մամուլից, սակայն առայժմ դատախազությունից կամ դատական ատյաններից որեւէ հաստատում չի ստացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG