Մատչելիության հղումներ

Արդեն ուրվագծվում է բուհական ընդունելության մրցույթի նախնական պատկերը


Այստեղ 1 անվճար տեղի համար արդեն մրցում է 15 դիմորդ, երկրորդ հորիզոնականում իրավագիտության ֆակուլտետն է, որտեղ 1 տեղի համար պայքարում է 12 հոգի: Տնտեսագիտության, արեւելագիտության եւ պատմության բաժիններում մրցակցությունը նախորդ տարվա համեմատ փոքր-ինչ թուլացել է՝ 1 տեղի համար մրցում է 7-10 դիմորդ: Ի զարմանս մասնագետների, վերոնշյալ «հեղինակավոր» մասնագիտությունների հետ այս տարի նույն հորիզոնականում է հայտնվել Պետական մանկավարժական համալսարանի տարրական կրթության եւ մեթոդիկայի ֆակուլտետը, որտեղ այսօրվա դրությամբ 1 անվճար տեղի համար արդեն մրցում է 10 դիմորդ:

Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ամենաթեժ մրցույթը ստոմատոլոգիական ֆակուլտետում է՝ 1 անվճար տեղի համար արդեն պայքարում է 7 հոգի: Փոխարենը վիրաբույժ դառնալու ցանկություն ունեցողներն այս տարի քիչ են: Հանձնաժողովի մասնագետները դա բնական են համարում. եթե ատամնաբույժները ավարտելուց հետո կարող են աշխատանք գտնել ամեն քայլափոխի բացվող մասնավոր կլինիկաներում, ապա վիրաբույժների համար այդ հեռանկարը, մեղմ ասած, իրատեսական չէ:

«Մասնագիտությամբ է որոշվում աշխատաշուկան»,- ասում է բժշկական համալսարանի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի տեղակալ Կոնստանտին Մանուկյանը: - «Եթե մարդը վիրաբույժին դիմում է, երբ դանակը ոսկորին է հասնում, ապա ատամի բացակայության ժամանակ այլընտրանք չունի»:

Այս տարի ավելացել է նաեւ ինժեների «համեստ» մասնագիտությունն ընտրողների թիվը. թեեւ դիմումները կընդունվեն դեռ մի քանի օր, Պետական ճարտարագիտական համալսարանի կոմպյուտերային համակարգերի եւ կիբերնետիկայի ֆակուլտետներում արդեն մրցութային վիճակ է. ըստ նախնական պատկերի, այստեղ 1 անվճար տեղի համար կմրցի 4 դիմորդ:

Ինչեւէ, բուհերը դեռեւս 2-3 հազար դիմորդ էլ այս օրերին սպասում են, ինչը հիմք է տալիս հանձնաժողովներին կանխատեսել, որ բարձր մրցութային ֆակուլտետների վերջնական մրցույթում 1 տեղի համար պայքարողների թիվը շուրջ 10-ով էլ կավելանա եւ նախորդ տարվա համեմատ ավելի թեժ մրցակցություն կծավալվի:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG