Մատչելիության հղումներ

Վերաքննիչ դատարանը մերժում է Բաբաջանյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու միջնորդությունը


Չորեքշաբթի առավոտյան Քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը դռնփակ նիստում մերժեց «Ժամանակ Երեւան» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի փաստաբանի վերաքննիչ բողոքը՝ անփոփոխ թողնելով Բաբաջանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը:

Փաստաբան Ռոբերտ Գրիգորյանը բողոքարկել էր Երեւանի Կենտրոն եւ Նորք – Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի՝ հունիսի 27-ի որոշումը Արման Բաբաջանյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին՝ միջնորդելով խափանման միջոց ընտրել գրավը:

Հունիսի 26-ին ձերբակալված Բաբաջանյանը մեղադրվում է ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու նպատակով 2002 թվականին կեղծ փաստաթղթեր ներկայացնելու մեջ:

Նախքան դատական նիստը Ռոբերտ Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզմունք էր հայտնել, թե բողոքը կբավարարվի, քանի որ այն հիմնավորված է, եւ, բացի այդ, դատարանին է ներկայացվել մի խումբ պատգամավորների միջնորդությունը, որով օրեսնդիրները երաշխավորել են, որ Արման Բաբաջանյանը ազատության մեջ գտնվելիս կդրսեւորի պատշաճ վարքագիծ:

Դատական նիստից հետո փաստաբանը ասաց, որ հավանաբար կդիմի ավելի բարձր՝ Վճռաբեկ ատյանի դատարան:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG