Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյան. «Այս պահին կոնտակտ չկա Ադրբեջանի հետ»


«Այս պահին կոնտակտ չկա Ադրբեջանի հետ», - երեքշաբթի օրը հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: - «Միացյալ Նահանգների նոր համանախագահողի այցելությունն է լինելու տարածաշրջան: Միգուցե դա պատճառ հանդիսանա ինչ-որ կոնտակտներ հաստատելու եւ նաեւ ծրագրելու, թե հաջորդ քայլերը ինչ պետք է լինեն»:

Օսկանյանը մեկ անգամ եւս հաստատել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հուլիսի 22-ի հայտարարությունը, իր մեկնաբանությամբ, չի նշանակում, թե Մինսկի գործընթացն ավարտված է. - «Առաջարկվող փաստաթուղթը իդեալական չէ, բայց ընդունելի է բոլոր կողմերի համար, որ ցանկություն ունեն կոմպրոմիսի ճանապարհով հասնել խնդրի լուծմանը»:

Հայաստանի արտգործնախարարը լրագրողների հարցերին պատասխանեց Լիբանանի արտգործնախարար Ֆաուզի Սալլոուխի հետ համատեղ ասուլիսում: Սալլոուխը նույնպես խոսեց ղարաբաղյան հակամարտության մասին՝ ասելով, թե չի կարծում, որ հակամարտությունը կրոնական հիմք ունի:

«Մենք պատրաստ ենք ջանքեր գործադրել, ինչպես նաեւ օգնել նրանց, ովքեր պատրաստ են լուծել այս հակամարտությունը Ղարաբաղի ժողովրդի եւ Ադրբեջանի կառավարության միջեւ՝ խաղաղ հիմունքներով: Վստահ ենք, որ պատերազմները չեն կարող լուծել խնդիրը: Խաղաղ բանակցությունները եւ դիվանագիտությունը կհանգեցնեն խնդրի խաղաղ կարգավորմանը», - ասաց Լիբանանի արտործնախարարը:

Պատասխանելով Վերին Լարս անցակետի ժամանակավոր փակման կապակցությամբ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարցին, Վարդան Օսկանյանը ասաց, որ այդ ուղղությամբ «ակտիվ աշխատանքներ են տարվում»: Արտգործնախարարը շնորհակալության հայտնեց վրացական կողմին՝ կուտակված հայաստանյան բեռնատարների մի մասին Հարավայի Օսիայի սահմանով անցնելու հնարավորություն տալու համար:

«Ռուսական կողմի հետ աշխատանքները տարվում են, կապի մեջ ենք: Հուսով ենք, որ լուծումներ կլինեն», - հավելեց Օսկանյանը:

Ռուսաստանյան ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությանը, մինչդեռ, այսօր Ռուսաստանի արտգործնախարարությունում ասել են, թե «Վրաստանը պետք է ըմբռնումով մոտենա Վերին Լարս անցակետի ժամանակավոր փակմանը»:

«Ռուսաստանը հասկանում է նաեւ Հայաստանի բնակչության եւ ապրանքարտադրողների համար առաջացած բոլոր դժվարությունները եւ միջոցներ է ձեռնարկում դրանք մեղմելու համար», - ասել են Ռուսաստանի արտգործնախարարությունում:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG