Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ռուսական կողմը, առանց նախազգուշացման եւ պայմանավորվածության, փակել է «Վերին Լարս» անցակետը, որի պատճառով դժվար կացություն է ստեղծվել Հայաստանի համար», - արձանագրում է «Հայոց Աշխարհ»-ը՝ մեջբերելով վարչապետ Անդրանիկ Մարգարյանի խոսքերը. - «Առայժմ չեմ ցանկանում քաղաքական ենթատեքստ տալ, բայց մի բան պարզ է՝ Ռուսաստանը եւ Վրաստանը պայմանավորվածություն ունեն, որ սահմանային ռեժիմի փոփոխության դեպքում, պետք է տեղյակ պահել երեք ամիս առաջ: Այս անգամ այդպես չի արվել, որ վրացական կողմն էլ Հայաստանին տեղյակ պահեր: Դիվանագետներն աշխատում են այդ ուղղությամբ, տեսնենք, թե ինչ կստացվի, բայց իհարկե, դրությունը շատ ծանր է»:

«Ավելորդ ենք համարում եւս մեկ անգամ կրկնել այն պարզ ճշմարտությունը, որ Ռուսաստանը փաստորեն հերթական անգամ ցույց տվեց, որ թքած ունի Հայաստանի վրա էլ, Հայաստանի հետ ռազմավարական դաշնակցության վրա էլ», - խտացնում է «Չորրորդ իշխանություն»-ը: - «Իհարկե, ասել, թե Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում այս իրավիճակը շտկելու ուղղությամբ, չի կարելի: Մերոնք կտրուկ միջոցների են դիմում: Շա’տ կտրուկ: Մասնավորապես, Ռուսաստանի իշխանություններին խնդրել են մեկ ամսով հետաձգել Վերին Լարսի վերականգնման աշխատանքները, մինչեւ Հայաստանում ծիրանի սեզոնը վերջանա»:

Անվտանգության հարցերով Հայաստանի նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը «Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում ասում է. - «Կարծում եմ՝ կարգավորման բանակցային գործընթացը շարունակություն կունենա, չնայած թերահավատ որոշ հայտարարությունների։ Ֆորմատը կքննարկվի Մինսկի խմբի շրջանակներում»։ «Միջնորդներն այն տպավորությունն ունեն, թե 18 տարի չկարգավորված հակամարտության շուրջ կարելի է համաձայնություն ձեւավորել մեկ տարում։ Ինչը սկզբունքորեն անիրականանալի էր՝ նկատի ունենալով հատկապես ադրբեջանական կողմի ոչ կոնստրուկտիվ դիրքորոշումը», - ասում է Հայաստանի նախագահի խորհրդականը։

«168 ժամ»-ի փոխանցմամբ՝ արդբեջանցի լրագրող, հրապարակախոս Ալեքպեր Ալիեւը Երեւանում տեղի ունեցած միջազգային սեմինարում ասել է. - «Ադրբեջանի իշխանությունների ռազմական հռետորությունն արդեն դարձել է բարի ավանդույթ: Հայկական կողմի հետ ամեն մի այդպիսի անարդյունք հանդիպումից հետո հայտարարում են, թե «հարկ եղած դեպքում մեր բանակը շատ կարճ ժամանակներում կարող է ազատել գրավյալ տարածքները»: Եվ իշխանությունները իրենք էլ են լավ հասկանում, որ «հարկ եղած դեպքում» հայտարարությունը հասարակության մոտ դարձել է ծիծաղի առարկա»: «Ադրբեջանը հակասությունների երկիր է», - բնորոշում է ադրբեջանցի լրագրողը: - «Եթե իմանան, որ հայ ես, փողոցում կարող են ե’ւ սպանել, ե’ւ գրկել: Այժմ Ադրբեջանում ապրող հայերի 95 տոկոսը կանայք են: Կան երթուղային տաքսու վարորդներ, ուսուցչուհիներ: Բայց ոչ ոք նրանց բան չի ասում, թեեւ, նրանք էլ չեն կարող փողոցում ասել, որ հայ են»:

«Պարզվում է` մեր քաղաքականները քաղաքական դաշտ ձեւավորելու մեկ տարբերակ ունեն. կամ պետք է մտնեն ՀՀԿ, կամ «Բարգավաճ Հայաստան»», - ուղեգծում է «Ազգ»-ը: - «Երկու քաղաքական ուժ պատրաստվում է պայքարել նույն դաշտում, նույն խորհրդարանական մեծամասնությունը գրավելու համար, կարելի է ասել` միմյանց դեմ: Ավելորդ չէ հիշեցնել, որ նրանք փաստորեն համախմբվում են ոչ թե գաղափարների, այլ շատ բան վճռող երկու իշխանական անձերի շուրջը»:

«Հուլիսի 22-ից սկսած Սերժ Սարգսյանը փաստորեն դառնալու է նժդեհական», - գրում է «Տարեգիր»-ը՝ կանխատեսելով. - «Ըստ ամենայնի, շատ մոտ ապագայում Հանրապետական կուսակցություն - «Բարգավաճ Հայաստան» բախումը կդառնա անխուսափելի, որովհետեւ Քոչարյանն իրենից բացի այլ առաջնորդ չի կարողանում պատկերացնել»:

Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը «Առավոտ»-ի հարցազրույցում ասում է. - «Նախընտրական պայքարը վաղուց է մեկնարկել, եւ նախընտրական արշավի վաղաժամ սկսվելը եւս 2007-ի ընտրությունների առանձնահատկություններից մեկն է, ինչը ես բնական եմ համարում: Կարծես լրանում է Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ գործող քաղաքական համակարգի ժամկետը, եւ հասկանալի է, որ այս իրավիճակում ոչ այնքան ընդդիմությունն է ակտիվանալու, որքան իշխանության մաս կազմող քաղաքական ուժերը»:

«Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը «Իրավունք»-ում վստահեցնում է. - «Մենք ոչ մի միավորումից չենք վախենում: Ընդհանրապես մենք վախ չունենք: Մենք մեր վախը շատ շուտ բռնել եւ դատապարտել ենք ցմահ բանտարկության: Ուղղակի կարելի է արձանագրել, որ քաղաքական վերադասավորումներ են տեղի ունենում: Մարդկանց որոշելիքն է, թե ում հետ պետք է քայլեր կատարեն: Մեզ նման հարցերը չեն մտահոգում»:

«Տարեգիր»-ի տեղեկություններով՝ «Արմատ» կենտրոնում ձեւավորվել է քաղաքական նոր խորհուրդ, որի շրջանակում հանդիպում են տարբեր քաղաքական ուժեր. - «Այդ հանդիպումներին մասնակցել են Ազատական առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը եւ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը»:

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցում ասում է. - «Կարծում եմ, որ շատ շուտով Հայաստանի քաղաքական դաշտում ստեղծվելու է մի իրավիճակ, երբ նախարարները նշանակվելու են ընտրված պատգամավորների թվից: Խորհրդարանում պատգամավոր ընտրվելն իմ ապագա նպատակներից մեկն է: Մտադիր եմ մասնակցել ԱԺ ընտրություններին: Դա չի նշանակում, թե որոշել եմ դարձյալ նախարարական աթոռ զբաղեցնել»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG