Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ուզածդ երկրում այս տոնը նշվում է պետական ամենաբարձր մակարդակով, հասարակական մեծ խանդավառությամբ, որովհետեւ ժողովուրդներն իրենց հիմնական օրենքի մեջ տեսնում են ոչ միայն ազատության եւ անկախության խորհուրդ, այլ նաեւ Սահմանադրությունը համարում են քաղաքացու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության գլխավոր երաշխիք: Ռոբերտ Քոչարյանի իշխանության պայմաններում Սահմանադրության օրը դարձել է չհիշվող տոներից մեկը, եթե չասենք՝ արհամարհված», - մատուցում է «Ժամանակ Երեւան»-ը: - «Հասարակությունը նույնպես այս տոնը իրենը չի համարում՝ հիմնականում այն պատճառով, որ իր առօրյայում տեսնում է, թե ինչպես են Սահմանադրությունը եւ օրենքը խեղճանում ոմանց անպատժելի ամենակարողության առջեւ: Նաեւ այն պառճառով, որ 95-ի հանրաքվեն մեկտեղվեց Ազգային ժողովի ընտրությունների հետ, ինչի պատճառով քաղաքական կոնյուկտուրան նսեմացրեց Սահմանադրության քաղաքական, պատմական նշանակությունը»:

«Սահմանադրության համապատասխան հոդվածը ընդամենը ասում է, որ Սահմանադրության ընդունման օրը հայտարարվում է տոն», - փաստում է «Հայկական ժամանակ»-ը: - «Ու նրանք, ովքեր ընդունում են, որ այդ օրը հուլիսի 5-ն է, ընդունում են նաեւ, որ Քոչարյանը 2008-ի ընտրություններում նախագահի թեկնածու առաջադրվելու իրավունք չունի: Իսկ նրանք, ովքեր կարծում են, որ այդ օրը նոյեմբերի 27-ն է, նշանակում է, որ հակված են սահմանադրական հաշվարկները զրոյից սկսելու տարբերակին, ինչն էլ, բնականաբար, հիմք է տալիս Քոչարյանի «սահմանադրական» առաջադրման համար: Ահա այսպիսի ինտրիգ կա 2005 թվականի նոյեմբերի 27-ի հանրաքվեին հաջորդած հուլիսի 5-ի մեջ, օր, որ կարող է սովորական կարգավիճակ ստանալ օրենսդրական փոփոխությամբ»:

«Յուրաքանչյուր հուլիսի 5-ին Սահմանադրությունը, արդեն շուրջ 10 տարի, «մեծանում է» եւս մեկ տարով, բայց չի «ծերանում», ավելի է թրծվում երիտասարդ պետության՝ դժվարությունների հաղթահարման ճանապարհին», - պատկերում է «Հայաստանի Հանրապետություն» թերթը: - «Յուրաքանչյուր տարի այն ավելի հասկանալի ու գործնական է դառնում հասարակության համար, որի անդամն է ողջ ժողովուրդը՝ ե’ւ իշխանությունը, ե’ւ ընդդիմությունը, ե’ւ, ընդհանրապես, յուրաքանչյուր մարդ: Բոլորը Սահմանադրության ենթականերն են՝ նրանով օժտվելով իշխանությամբ, քանզի երբ երկրի հիմնական օրենքում նշվում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, նշանակում է՝ «պետությունը մենք ենք», այսինքն՝ բոլորս...»:

Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը «Ժամանակ Երեւան» թերթի հարցազրույցում ասում է. - «Առաջին նախագահի հետ մինչեւ այժմ էլ մեր հարաբերությունները շարունակվում են, հաճախ հանդիպում ենք, տարբեր հարցեր քննարկում, կարծում եմ՝ փոխադարձաբար անկեղծ, մանավարդ որ՝ մեր քննարկած հարցերը առնչվում են պետությանը, նրա ապագային: Ի դեպ, ճշգրիտ լինելու համար ասեմ նաեւ, որ նույնքան անկեղծ եմ նաեւ իմ վերաբերմունքում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, եւ բազմիցս են եղել դեպքեր, երբ քննարկվող հարցերի առնչությամբ իր հետ համաձայն չեմ եղել, արդյունքում նախագահ Քոչարյանն ասել է, որ իմ հիմնավորումները ճիշտ են»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «թե՛ առաջին եւ թե՛ երկրորդ հայտարարությունները ցույց են տալիս, որ կողմերին առաջադրված սկզբունքներին այլընտրանք չի տրվելու եւ առանձնապես սպասելու հակվածությունն էլ չի նկատվում», - գնահատում է «Ազգ»-ը:

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցում շեշտադրում է. - «Եթե նախագահները Սանկտ-Պետերբուրգում հանդիպելու որոշում կայացնեն, դա հիանալի կլինի... Իհարկե, մենք կողջունենք այդ քայլը: Սակայն Մեծ ութնյակը, իսկ իրականում ռուսական կողմը պետք է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին հրավիրի Սանկտ-Պետերբուրգ: Ես առայժմ այդպիսի հրավերի մասին տեղեկություն չունեմ»: Թղթակցի հարցին, թե ե՞րբ է Հայաստան ժամանելու ՀՀ-ում ԱՄՆ նոր դեսպան Ռիչարդ Հոգլանդը, եւ ո՞րն էր դեսպան Էվանսին ետ կանչելու իրական պատճառը, Մեթյու Բրայզան պատասխանում է. - «Դեսպան Հոգլանդը կգա Հայաստան հաստատվելուց անմիջապես հետո, կարծում եմ՝ մեկ-երկու շաբաթից: Ինչ վերաբերում է դեսպան Էվանսին, ապա նա հրաշալի մարդ է, նա հիանալի դեսպան էր եւ այստեղ մեր բոլորի գնահատելի գործընկերը: Ընդհանրապես ազնիվ չէ ասել, թե նա ետ է կանչվել, մարդիկ նաեւ ասում են, թե նա հեռացվում է դիվանագիտական ծառայությունից: Դա ճիշտ չէ: Ընդհանրապես յուրաքանչյուր դեսպան ծառայում է նախագահին, իսկ դա նշանակում է, որ նա պետք է հետեւի նախագահի վարած քաղաքականությանը: Իսկ նախագահ Բուշի քաղաքականությունը այդ սարսափելի իրադարձությունների՝ հայերի զանգվածային սպանությունների վերաբերյալ շատ հստակ է, քանի որ նա ամեն տարի իր ուղերձում նշում է այդ մասին: Իհարկե, եթե որեւէ մեկը համաձայն չէ նախագահի քաղաքականության հետ, կարող է իր սեփական որոշումները կայացնել, սակայն դրանք չպետք է հրապարակայնորեն արտահայտվեն»:

«Հանրապետական կուսակցությունը կողմ է առաջարկվող սկզբունքներին» վերնագրի ներքո «Առավոտ»-ը ներկայացնում է հարցազրույց Հայաստանի խորհրդարանի խոսնակ, ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի հետ, ուր վերջինս, մասնավորապես, նշում է. - «Կարծում եմ, որեւէ մեկը չի կարող դեմ լինել այստեղ արձանագրված սկզբունքին, որ ազգերի ինքնորոշման իրավունքը պետք է կիրառվի ԼՂ խնդրի կարգավորման ընթացքում եւ պետք է անցկացվի հանրաքվե: Հաջորդ սկզբունքը՝ ասվում է, թե հակամարտության լուծման միակ ուղին խաղաղ կարգավորումն է: Ավելին՝ ասվում է նաեւ, որ երկու երկրների ղեկավարներն իրենց ժողովուրդներին պետք է նախապատրաստեն խաղաղության, այլ ոչ թե պատերազմի: Դժվարանում եմ որեւէ մարդ տեսնել Հայաստանում, որը դեմ կլինի այս սկզբունքներին»: Իսկ Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Համլետ Հարությունյանը «Հայոց Աշխարհ»-ում նշում է. - «Համամիտ եմ հայկական կողմից հնչող տեսակետին, թե Մեթյու Բրայզայի հայտարարություններից նավթի հոտ է գալիս»:

«Ռոբերտ Քոչարյանի Իրան կատարելիք այցը բավական նուրբ որոգայթներ է պարունակում, եւ ՀՀ գործող նախագահը ստիպված է լինելու տհաճության մեծ պոտենցիալ պարունակող հարցեր քննարկել այդ երկրի ղեկավարների հետ», - կարծում է «Հայկական ժամանակ»-ը: Իսկ «Հայոց Աշխարհ»-ը այսպես է մատուցում. - «Ե’վ քաղաքական, ե՛ւ տնտեսական ոլորտներում առկա է փոխադարձ հետաքրքրությունների մի լայն շրջանակ, որի հետագա հստակեցման ու նաեւ հարստացման առաջադրանքը խոստանում է խիստ հագեցած դարձնել ՀՀ նախագահի ներկա աշխատանքային այցը Իրանի Իսլամական Հանրապետություն»։

Այսօրվա թերթերի զգալի մասը ներկայացնում է «Ազգ», «Առավոտ», «Չորրորդ իշխանություն», «168 ժամ», «Իրավունք», «Հայկական ժամանակ», «Տարեգիր» թերթերի գլխավոր խմբագիրների հայտարարությունը, ուր, մասնավորապես, ասվում է. - «Նպատակ չունենալով միջամտել քննության ընթացքին, դատապարտելով անմեղության կանխավարկածի խախտմանն ուղղված յուրաքանչյուր դրսեւորում, մենք` հայաստանյան լրատվամիջոցների ներքոստորագրյալ ղեկավարներս պահանջում ենք օրենքով սահմանված կարգով փոխել «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի խափանման միջոցը, կալանքը փոխարինելով գրավով, կամ ստորագրությամբ չհեռանալու մասին»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG