Մատչելիության հղումներ

«Հայաստանը Թուրքիայի հետ բանակցությունների նոր փուլ չի պատրաստում»


«Մենք բանակցությունների նոր փուլի չենք պատրաստվում», - «Ազատություն» ռադիոկայանին այսօր հայտնեց Հայաստանի արտգործնախարարության մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ մեկնաբանելով Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գերատեսչությունների միջեւ ընթացող բանակցությունների մասին լուրերը:

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղար Նամիկ Թանը հայտարարել է, որ Թուրքիայի եւ Հայաստանի արտաքին գերատեսչությունների ներկայացուցիչները երկու երկրների հարաբերությունների բարելավման նպատակով բանակցությունների չորրորդ փուլի համար նախապատրաստական աշխատանքներ են տանում:

«Բանակցությունների նախորդ երեք փուլերը ոչ մի արդյունք չտվեցին, եւ հիմա քիչ հույս կա, որ ինչ-որ առաջխաղացում կլինի», - ասել էր Նամիկ Թանը:

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակը նաեւ հիշեցրել էր երկրի վարչապետ Ռեջեփ Էրդողանի առաջարկությունը Հայոց ցեղասպանության հարցի ուսումնասիրության նպատակով հայ եւ թուրք պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու մասին:

«Հայաստանի նախագահը, ի պատասխան այդ նամակի, առաջարկել էր միջկառավարական հանձնաժողովի մակարդակով ուսումնասիրել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հնարավորությունները», - այս առթիվ նշեց Վլադիմիր Կարապետյանը:

Պատասխանելով նախորդ երեք փուլերի արդյունքների մասին հարցին, Կարապետյանը ասաց. - «Մենք բազմիցս նշել ենք, որ շփումները թուրքական կողմի հետ տեղի են ունեցել տարբեր մակարդակներով: Չէի ասի, թե շատ ակտիվ էին, հիմնականում դիվանագիտական մակարդակով շփումներ էին»:

«Ազատություն» ռադիոկայանի աղբյուրները Հայաստանի դիվանագիտական շրջանակներում հայտնեցին, որ Նամիկ Թանի հայտարարությունը ինչ-որ առումով անակնկալ էլ, որովհետեւ «կողմերի միջեւ ներքին պայմանավորվածություն էր ձեռք բերվել՝ բանակցությունների մասին խոսել միայն այդ դեպքում, եթե որոշակի արդյունք լինի»:

«Երկակի իմաստ ունեցող հայտարարություն էր», - նշեց նաեւ Վլադիմիր Կարապետյանը՝ չբացառելով, որ նախորդ երեք անգամների մակարդակով դիվանագիտական շփումները երկու երկրների միջեւ շարունակվեն:

«Տեսնենք ինչպիսին կլինեն զարգացումները, համապատասխան ձեւով կաձագանքենք», - եզրափակեց Հայաստանի արտգործնախարարության խոսնակը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG