Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 1-ը հուլիսի)

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը «168 ժամ»-ի հարցազրույցում հայտնում է. - «Այս պահին ունենք 300-ից ավելի գրասենյակներ, 200 հազարից ավելի անդամներ, եւ աշխատանքներ են տարվում կուսակցական կառույցների ընդլայնման ուղղությամբ: Հանրապետությունում ունենք 2000-ից ավելի ակտիվ խորհրդի անդամներ: Ես այս կուսակցությունով ուզում եմ մի լավ բան անել»: «Եթե 2007 թվականի խորհրդարանական ընտրություններում «Բարգավաճ Հայաստան»-ը բացարձակ մեծամասնություն ունենա, գիտե՞ք, թե ում եք վերապահելու վարչապետի պաշտոնը» հարցին Գագիկ Ծառուկյանը պատասխանում է. - «Ոչ, չգիտենք, ու մենք նախապես ոչինչ չենք կարող ասել: «Բարգավաճ Հայաստան»-ից պաշտոն կստանա նա, ով կկարողանա այդ ծանրությունը տանել ու իր աշխատանքով ապացուցել, որ ինքը լավ է աշխատում, իսկ պատասխանատվություն կկրի կուսակցության եւ անձամբ իմ առջեւ»:

«Այսպես թե այնպես, Հանրապետական կուսակցության արտահերթ համագումարը կլինի կուսակցության նախընտրական միջոցառումների սկիզբը, եւ, հնարավոր է, այդ միջոցառումները իրենց թափով գերազանցեն այն, ինչը բեմականացրեց եւ շռայլ հովանավորեց Գագիկ Ծառուկյանը», - գրում է «Գոլոս Արմենիի»-ն: - «Անորոշության շրջանն ավարտվեց, շատ երկար ոչ մեկը եւ ոչինչ չէր խանգարում Ծառուկյանին՝ կառուցելու «Բարգավաճ Հայաստան»-ը: Հուլիսի 22-ից խաղի մեջ կմտնի ՀՀԿ-ն, եւ այդպիսով իշխանամետ ընտրազանգվածը կբաժանվի ՀՀԿ, «Բարգավաճ Հայաստան» եւ «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցությունների կողմնակիցների միջեւ»: Նշելով, թե կես տարի պահանջվեց, մինչեւ հայտնի դարձավ, թե Սերժ Սարգսյանը որ կուսակցության հետ կգնա ընտրությունների, մեկնաբանը արժեվորում է. - «Իսկ երբ կողմնորոշվում են ծանր քաշայինները, նախընտրական դաշտը ձեռք է բերում ավելի պարզորոշ ուրվագծեր»:

«Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի առանձնասենյակի պատուհաններն անցյալ տարի փոխվեցին, եւ տեղադրվեցին զրահապատ ապակիներով պատուհաններ», - իմիջիայլոց հիշեցնում է «Հայկական ժամանակ»-ը։ - «Այս օրերին, երբ վարչապետը Հայաստանում չէ, նրա առանձնասենյակ տանող միջանցքի պատուհանները եւս, որոնք նայում են կառավարության բակ, փոխվում են։ Ըստ ամենայնի, տեղադրվող նոր պատուհանները նույնպես զրահապատ են»։

«Հայոց Աշխարհ»-ը վերլուծում է. - «Ներքաղաքական զարգացումների ներկա փուլի հիմնական առանձնահատկությունն այն է, որ Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները խորհրդարանական ընտրություններից մեկ տարի առաջ հասցրել են որոշակի «արագություն բացել» եւ սկիզբ առնող մրցավազքում նկատելիորեն առանձնանալ ու կտրվել իրենց հետապնդողներից»։ Անդրադառնալով նաեւ ընդդիմադիր ճամբարին՝ թերթը նշում է. - «Ընդդիմությունը կարծես չի էլ նկատում, որ հենց սկզբից ինքն այնքան է սկսում հետ մնալ արդեն բարձր տեմպեր հավաքող ներքաղաքական մրցավազքի մեջ, որ աշնանը ակտիվանալու նրա խոստումները ավելի շատ ինքնասփոփանքի համար արտասանվող պարապ խոսքեր են թվում»։

Նույն թերթը փոխանցում է Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի կարծիքը, թե այսօր Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերը կլինեն նաեւ հաջորդ խորհրդարանում։ - «Ընդդիմության ճամբարը կունենա 30 կամ քիչ ավելի պատգամավորներ, մնացած տեղերը կբաշխվեն մյուս կուսակցությունների միջեւ»։

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը «Չորրորդ իշխանության» հարցազրույցում նշում է. - «Կուսակցությունն աշնանը կհրավիրի իր Գերագույն ժողովը, եւ այդտեղ կկանխորոշվի մեր մարտավարությունը խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Ըստ էության, քանի որ Գերագույն ժողովից անմիջապես հետո պետք է սկսվեն խորհրդարանական ընտրությունները, կարծում եմ, որ կքննարկվի նաեւ նախագահի թեկնածուի հարցը»:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի՝ նախորդ շաբաթ արած հայտարարություններն ուղղակի ցայտնոտի մեջ գցեցին Հայաստանի իշխանություններին: Եվ արդյունքում Բրայզան իր հայտարարություններով անուղղակիորեն ստիպեց Քոչարյանի վարչախմբին՝ սենսացիոն ինքնախոստովանությունների գնալ», - գրում է «Ժամանակ Երեւան» թերթը: Մեջբերելով նախագահի մամուլի խոսնակի հայտարարությունը, ուր ասվում էր, թե վերջին 7-8 տարիների ընթացքում քննարկված բոլոր երեք նախագծերն էլ մերժել է հենց ադրբեջանական կողմը՝ թերթը բխեցնում է. - «Վիկտոր Սողոմոնյանը հաստատում է, որ ժամանակին Քի Ուեսթում Հայաստանը պատրաստ է եղել ստորագրելու փաստաթղթի տակ, սակայն դրան դեմ է եղել Ադրբեջանը: ժամանակին Ռոբերտ Քոչարյանը պատրաստ էր դիմել դավաճանության, պատրաստ էր ուղղակիորեն ծախել Մեղրին՝ հերթական անգամ թքած ունենալով Հայաստանի Սահմանադրության եւ ընդհանրապես հասարակության վրա»:

Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը «Առավոտ»-ում նշում է. - «Ղարաբաղում եւ Հայաստանում իրավիճակը փրկելու համար ամեն րոպե իշխանությունները պետք է պատրաստ լինեն հրաժարվել իրենց աթոռներից: Իհարկե, շատ կասկածում եմ, որ իրենք դա կանեն, որովհետեւ որոշ մարդիկ իրենք իրենց Լյուդովիկոսի տեղն են դրել եւ մտածում են, թե իրենք Հայաստանն են... Ընդդիմության խնդիրը այս իրավիճակում պետք է լինի շատ արագ այս իշանություններին այլընտրանք ստեղծելը»:

Արձագանքելով ռուսական «Գազպրոմ»-ի նիստի ժամանակ ընկերության փոխնախագահ Ալեքսանդր Ռյազանովի հայտարարությանը, թե «Գազպրոմ»-ը մտադիր է գնել Իրան - Հայաստան գազամուղը՝ «Հայկական ժամանակ»-ը մատնանշում է. - «Այս հայտարարությունը հետաքրքիր է նրանով, որ ո՛չ հայկական, ո՛չ էլ առավել եւս իրանական կողմերը չեն հայտարարել գազամուղի իրենց հատվածը վաճառելու մտադրության մասին... Անկախ սրանից, սակայն, եթե Ռուսաստանը որոշել է, նշանակում է կգնի գազամուղի առնվազն հայկական հատվածը»:

Իսկ «Չորրորդ իշխանություն» թերթի գնահատմամբ՝ քանի որ «ռուսների որեւէ ցանկություն մեր իշխանավորները չեն կարող մերժել, ապա կարելի է համարել, որ Իրան - Հայաստան գազատարը արդեն ռուսների ձեռքում է»:

«168 ժամ»-ը, լավատեղյակ աղբյուրներ վկայակոչելով, գրում է. - «Օրերս ձերբակալել են ԱԺ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի հորեղբորը՝ Անշարժ գույքի պետական կադաստրի Քանաքեռ - Զեյթունի ստորաբաժանման ղեկավար Սարգիս Բաղդասարյանին: Պատճառն այն է, որ հողի աճուրդների համար քաղաքացիների մուծած գումարները, ինչը բավական մեծ թիվ է կազմում, բյուջե չեն մուտքագրվել»: Ըստ թերթի, Սարգիս Բաղդասարյանն ու նրա տեղակալն իրենց դիմումների համաձայն ազատվել են աշխատանքից: Բացի այդ, այս գործի շրջանակներում ձերբակալվել են կադաստրի եւս 4-5 աշխատակից: «Այժմ Սարգիս Բաղդասարյանը գտնվում է ազատության մեջ, սակայն իրավապահները քննում են չարաշահումների վերաբերյալ այդ գործը», - գրում է «168 ժամ»-ը:

«Առավոտ»-ի փոխանցմամբ, Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի մամուլի քարտուղար Արմինե Օհանյանը, որը նաեւ աշխատակցում է «ժամանակ Երեւան» օրաթերթին՝ ազատվել է աշխատանքից: Վերջինս, հաստատելով այս լուրը, ասում է. - «Ինձ առաջարկեցին ընտրություն կատարել՝ կա’մ հրապարակումները, կա’մ մամուլի քարտուղարի պաշտոնը: Եվ ես ընտրեցի առաջինը»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG