Մատչելիության հղումներ

Արման Բաբաջանյան. «Իմ ձերբակալության նպատակը եւս մի լրատվամիջոց լռեցնելն է»


«Ժամանակ Երեւան» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը, որը մի քանի օր առաջ ձերբակալվել է զինծառայությունից խուսափելու եւ փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով, այսօր հայտարարություն է տարածել, որտեղ պնդում է, թե իր ձերբակալության նպատակն է՝ «լռեցնել եւս մի լրատվամիջոց»:

«Իմ ձերբակալությունը եւ կալանումը բացառապես մեկ նպատակ են հետապնդում՝ Հայաստանում լռեցնել ապօրինի ռեժիմի հեռացմանն ու օրինական իշխանության հաստատմանը հետամուտ, անկախ ու անկաշառ եւս մի լրատվամիջոց»,֊ - ասված է հայտարարության մեջ:

30֊-ամյա Արման Բաբաջանյանը ձերբակալվել է հունիսի 26-֊ին, ինչից հետո նրան մեղադրանք է ներկայացվել: «Ժամանակ Երեւան» թերթի խմբագիրը կալանվել է երկու ամսով եւ, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց թերթի պատասխանատու խմբագիր Լիզա Ճաղարյանը, այժմ գտնվում է Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում:

«Հայաստանի ապօրինի ռեժիմը՝ հանրապետության նախագահական նստավայրում նյութված սցենարով եւ գլխավոր դատախազության կատարմամբ, իմ դեմ քաղաքական հետապնդում է իրականացնում»,֊ - ասված է Արման Բաբաջանյանի հայտարարության մեջ:

«Ժամանակ Երեւան» թերթը խստորեն քննադատում է Հայաստանի ներկա իշխանություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG