Մատչելիության հղումներ

Մինսկի խմբի համանախագահները «իմաստ չեն տեսնում շարունակելու ինտենսիվ միջնորդական դիվանագիտությունը»


«Մենք չենք տեսնում իմաստ այս պահին շարունակելու վերջին մի քանի ամիսների ինտենսիվ միջնորդային դիվանագիտությունը», -֊ ասված է հունիսի 22-֊ին Վիեննայում՝ ԵԱՀԿ մշտական խորհրդում Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ, որի տեքստն չորեքշաբթի օրը հրապարակել է Հայաստանում ԱՄՆ֊-ի դեսպանատունը:

«Մենք նաեւ իմաստ չենք տեսնում՝ նախաձեռնելու լրացուցիչ հանդիպումներ Նախագահների միջեւ, մինչեւ նրանք չցուցադրեն մնացած անհամաձայնությունները հաղթահարելու բավարար քաղաքական կամք: Իհարկե, համանախագահները կշարունակեն մնալ հասանելի երկու կողմերին հավատարմորեն եւ անկողմնակալ կերպով ծառայելու որպես միջնորդ», -֊ Վիեննայում հայտարարել են միջնորդները: - «Մենք պարտավոր ենք Ձեզ, այս խորհրդին, որը ֆինանսավորում է ապահովել չափազանց ակտիվ բանակցությունների վարման համար, միջազգային հանրությանը եւ որ ավելի կարեւոր է Հայաստանի ու Ադրբեջանի լայն խավերին ծանոթացնել այն հիմնական սկզբունքներին, որոնք ներկայացվել են երկու Նախագահների քննությանը»:

«Այս սկզբունքները ներառում են հայկական զորախմբերի փուլային դուրսբերումը Լեռնային ղարաբաղը շրջապատող ադրբեջանական տարածքներից՝ հատուկ մոտեցում ցուցաբերելով Քելբաջարի ու Լաչինի շրջանների նկատմամբ: Հետեւելու է այս տարածքների ապառազմականացումը: Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը որոշելու համար ապագայում նախատեսվում է հանրաքվե կամ համընդհանուր քվեարկություն, որի ժամկետը սահմանված չէ: Կողմերը պարտավորվելու են շարունակել բանակցությունները այդ հանրաքվեի ժամկետն ու ձեւաչափը որոշելու համար: Որոշակի միջանկյալ պայմանավորվածություններ կլինեն, որոնք կապահովեն Լեռնային Ղարաբաղի շփումը միջազգային աջակցություն ցուցաբերողների հետ: Կտեղակայվեն միջազգային խաղաղապահ ուժեր: Կստեղծվի համաձայնագրի իրականացման հարցերով համատեղ հանձնաժողով: Միջազգային ֆինանսական աջակցություն կապահովվի ականազերծման, վերականգնողական աշխատանքների եւ ներքին տեղահանվածներին նախկինում օկուպացված եւ Լեռնային Ղարաբաղի պատերազմից տուժած տարածքներում բնակեցնելու նպատակով: Կողմերը հրաժարվում են ուժ կիրառելուց կամ այդպիսի սպառնալիքներ ներկայացնելուց ու ապահովում են միջազգային եւ երկկողմ անվտանգության երաշխիքներ ու հավաստիացումներ: Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի որոշման նպատակով անցկացվելիք հանրաքվեի կամ համընդհանուր քվեարկության գաղափարի մասով կուզենայինք նշել, որ դա պետք է լինի երկու կողմերի բանակցային համաձայնության արդյունքը: Պետք է լինեն համապատասխան նախադրյալներ, որպեսզի քվեարկությունն անցկացվի մի միջավայրում, որտեղ չկա պարտադրանք, իսկ իրազեկ քաղաքացիներն ունեն իրենց դիրքորոշումները կշռադատելու լայն հնարավորություններ՝ հրապարակային եռանդուն բանավեճերից հետո»:

«Որպես համանախագահներ, մենք սպառել ենք մեր երեւակայությունը այս սկզբունքները ճանաչելու, ձեւակերպելու եւ վերջնական տեսք տալու մեջ: Մենք չենք հավատում, որ լրացուցիչ այլընտրանքային տարբերակները, որ առաջ կքաշվեն միջնորդների կողմից կողմերի հետ լրացուցիչ հանդիպումների ընթացքում, կբերեն այլ արդյունքների», - գրում են համանախագահները՝ շարունակելով. - «Հիմա ժամանակն է, որ երկու Նախագահները ձեռնամուխ լինեն կարգավորման գործընթացում առաջխաղացում կատարելուն: Սա միակ ճանապարհն է՝ ամրապնդելու այն դրական արդյունքները, որոնք արդեն ձեռք են բերվել բանակցությունների վերջին երկու տարվա ընթացքում, որպեսզի ավելի ուշ կարիք չլինի բանակցությունները վերսկսել զրոյից: Մենք պատրաստ կլինենք նորից մասնակցել, եթե իրոք կողմերը որոշեն շարունակել բանակցությունները այն քաղաքական կամքով, որը մինչեւ այժմ բացակայել է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG