Մատչելիության հղումներ

Մամուլի ազգային ակումբը գտնում է, որ իշխանությունները փորձում են «զսպաշապիկ հագցնել լրատվամիջոցներին»


Հայաստանի մամուլի ազգային ակումբը այսօր հայտարարել է, որ քրեական գործ հարուցելով «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի նկատմամբ, Հայաստանի իշխանությունները փորձում են «զսպաշապիկ հագցնել լրատվամիջոցներին»:

«Հայաստանի ընդդիմադիր մամուլը վերստին դարձավ իրավապահ մարմինների թիրախ. Հայաստանի գլխավոր դատախազը հրահանգ է ստացել քառամյա վաղեմությամբ փաստի առթիվ քրեական գործ հարուցել նորընծա «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի դեմ: Ընդդիմադիր թերթի խմբագիրն ամբաստանվում է պարտադիր զինվորական ծառայությունից կեղծիքով խուսափելու համար»,֊ - ասվում է հայտարարության մեջ:

Երեկ ձերբակալվել էր Երեւանում եւ Լոս Անջելեսում տպագրվող «Ժամանակ» թերթի խմբագիր, 30-ամյա ՀՀ քաղաքացի Արման Բաբաջանյանը: Նրա նկատմամբ քրեական գործը հարուցվել էր շաբաթ օրը՝ «2002 թվականի նոյեմբերին փաստաթղթեր կեղծելու եւ խաբեության ճանապարհով ժամկետային զինվորական ծառայության զորակոչից խուսափելու փաստի առթիվ»:

Մամուլի ազգային ակումբը կարծում է, որ «զինծառայությունից ազատվելու փաստաթղթերի իսկությունը ստուգելու համար 4 տարին մեծ ժամկետ է, ուստի կասկած է առաջանում, որ ընտրություններից առաջ փորձ է կատարվում կանխարգելիչ միջոցառմամբ զսպաշապիկ հագցնել լրատվամիջոցներին՝ ոտնահարելով խոսքի ազատության սահմանադրական իրավունքը»:

Գլխավոր դատախազությունը երեկ տեղեկացրել է , որ Բաբաջանյանը «հարցաքննվել է որպես կասկածյալ եւ պաշտպանի ներկայությամբ հարցաքննության ընթացքում տվել է խոստովանական ցուցմունք՝ հաստատելով, որ կատարել է փաստաթղթերի կեղծիք՝ ժամկետային զինվորական ծառայության զորակոչից խուսափելու համար»:

Հայաստանի գլխավոր դատախազության շենքի մոտ այսօր բողոքի ցույց էին կազմակերպել թերթի աշխատակիցները, իրավապաշտպան կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, լրագրողներ:

Ցույցի մասնակիցներից «ժամանակ» թերթի գործադիր տնօրեն Մանուկ Սուքիասյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ արժանահավատ չի համարում դատախազության հայտարարությունը, թե Բաբաջանյանը դատապաշտպանի ներկայությամբ խոստովանական ցուցմունք է տվել: «Քանզի դատապաշտպան ինքը չի ունեցել», - փաստարկեց նա՝ նաեւ տեղեկացնելով, որ այսօր միայն Բաբաջանյանը ունի դատապաշտպան: Սուքիասյանը կարծիքով նաեւ, սա այն դեպքն է, երբ գործի քննությունը կարող էր ընթանալ առանց կալանքի. - «Լիովին նման գործերի պրակտիկան թույլ է տալիս, որ այդ մարդը ազատության մեջ գտնվելով այդ խնդիրները պարզաբանում ստանան»:

Ըստ վիճակագրության, սակայն, ժամկետային զինծառայությունից խուսափելու համար 2005 թվականին քրեական գործ է հարուցվել 76 մարդու նկատմամբ եւ բոլորի համար էլ խափանման միջոց է ընտրվել կալանքը:

«Տվյալ պարագայում խոսքը վերաբերում է միջին ծանրության քրեորեն հետապնդելի հանցանքի, որը շոշափում է երկրի պաշտպանունակության խնդիրները, եւ նման դեպքերում սովորաբար կիրառվում է կալանք: Այս առումով Արման Բաբաջանյանը բացառություն չէ», - պարզաբանեց Գլխավոր դատախազության խոսնակ Սոնա Տռուզյանը:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG