Մատչելիության հղումներ

Միկլոշ Հարաշտի. - «Հայաստանյան հեռուստատեսային դաշտում բազմակարծություն չկա»


Մամուլի ազատության հարցերով Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտին հայաստանյան իր եռօրյա «գնահատող այցի» ավարտին հրավիրած ասուլիսում, հայտարարեց, որ «իրական բազմակարծությունը այս երկրում [Հայաստանում] հետ է մնում հնարավորությունների սահմանից եւ ինչ-որ առումով սահմանափակ է»:

Հարաշտին հուլիսին ԵԱՀԿ մշտական խորհրդին զեկույց է ներկայացնելու Հայաստանում մամուլի ազատության հետ կապված խնդիրների վերաբերյալ:

Հայաստանյան այցի ընթացքում ԵԱՀԿ պաշտոնյան հանդիպումներ է ունեցել երկրի նախագահի, Ազգային ժողովի նախագահի, լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Իսկ բուն զեկույցը հիմնված է լինելու ավելի խորը ու երկարաժակետ վերլուծությունների, վիճակագրության եւ ուսումնասիրությունների վրա:

Միկլոշ Հարաշտին այսօր ներկայացրեց ապագա զեկույցի հիմնական դրույթներից մի քանիսը. - «Չնայած, ես կարծում եմ, Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել այս ոլորտում օրենսդրությունը բարելավելու առումով, իրական բազմակարծությունը այս երկրում հետ է մնում հնարավորութուների սահմանից եւ ինչ-որ առումով սահմանափակ է: Մենք գտանք, որ տպագիր մամուլում բազմակարծությունը կատարյալ է: Բայց, մենք կարծում ենք, որ բազմակարծություն չկա իրականում ավելի ազդեցիկ հեռուստատեսային դաշտում»:

«Երկիրը որոշակի քայլեր ձեռնարկել է հեռարձակվող լրատվամիջոցների դաշտում... Ինստիտուցիոնալ առումով հեռուստատեսային դաշտում կարող է լինել բազմակարծություն, բայց խնդիրն այն է, որ հեռուստատեսությամբ հասարակական երեւույթների գործնականում անկախ ու օբյեկտիվ լուսաբանումը բացակայում է կամ թերի է», - ամփոփեց Հարաշտին:

Որպես առաջխաղացում նշվեց, որ վերջին շրջանում լրագրողների հանդեպ չեն եղել ֆիզիկական բռնությունների, ոտնձգություների, ձերբակալություների դեպքեր:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք քնարկվե՞լ է «Ա1+»-ի խնդիրը, եւ ինչո՞վ են բացատրում իշխանությունները արդեն մի քանի տարի այս խնդիրը լուծելու եվրոպական կառույցներից հնչող կոչերի անտեսումը, ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը արձագանքեց, թե իր բոլոր զրուցակիցները իրենք են անդրադարձել խնդրին. - «Նրանք բացատրում էին, ինչը ես, իհարկե, գիտեի, որ հարցն այժմ գտնվում է Ստրասբուրգում՝ Մարդու իրավունքների միջազգային դատարանում: Ես, իհարկե, գիտեմ, որ «Ա1+»-ին 11 կամ 12 անգամ մերժել են լիցենզիա տրամադրել: «Ա1+»-ը կարող է լինել այն օրինակը, որի վրա կարելի է մատնանշել լիցենզավորման գործընթացի հետ կապված խնդիրները այս երկրում: Իհարկե, ես առաջարկել եմ լուծել խնդիրը, քանի որ կա պատրաստ անկախ խմբագրակազմ, որը սպասում է լիցենզավորման»:

Բայց խնդրի երկարաժամկետ լուծումը, որքան կարելի էր հասկանալ, ԵԱՀԿ պաշտոնյան հենց լիցենզավորման գործընթացի մեջ է տեսնում: Այս թեմային, ինչպես նաեւ «Ա1+»-ի խնդրին մանրամասն անդրադարձ կլինի նաեւ հաշվետվության մեջ:

Այն, որ լիցենզավորող հանձնաժողովի անդամներին նշանակում է մեկ անձ, բազմիցս քննադատության է արժանացել ինչպես Հայաստանում, այնպես էլ Արեւմուտքում: Այս առումով Միկլոշ Հարաշտին ընդգծեց սահմանադրական բարեփոխումների արդյունքում սպասվելիք փոփոխությունների կարեւորությունը՝ հավելելով, որ ԵԱՀԿ առաջարկություններից մեկը կլինի հենց լիցենզավորող հանձնաժողովի գործունեության մոնիտորինգի բարելավումը:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG