Մատչելիության հղումներ

ԱՄՀ-ն կշարունակի աջակցել Հայաստանի մակրոտնտեսական կայունության ապահովմանը


Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր կառավարիչ Ռոդրիգո դե Ռատոն վերահաստատել է, որ ԱՄՀ-ն առաջիկա տարիներին եւս կշարունակի արտոնյալ վարկեր հատկացնել Հայաստանի կառավարությանը՝ երկրի մակրոտնտեսական կայունության ապահովման նպատակով:

Մասնավորապես, մինչեւ 2008 թվականի կեսերը Հայաստանը հիմնադրամից կստանա Աղքատության կրճատման աջակցման վարկի երկրորդ՝ 34 միլիոն դոլարի տրանշը։

Համաշխարհային բանկի եւ ԱՄՀ-ի բարձրաստիճան ղեկավարությունը Երեւանում շաբաթավերջին մասնակցում էր Համաշխարհային Բանկի եւ Արժույթի Միջազգային Հիմնադրամի Հոլանդիայի խմբի երկրների հանդիպմանը, որին մասնակցում էին նաեւ խմբի անդամ 12 երկրների ֆինանսների նախարարները եւ կենտրոնական բանկերի նախագահները:

Հանդիպման առաջին օրվա ավարտին ԱՄՀ-ի ղեկավարը գնահատական տվեց Հայաստանի տնտեսական ձեռքբերումներին՝ դրանք բնութագրելով «լավագույններից մեկը» տարածաշրջանի երկրներում:

«Վերջին մի քանի տարիներին Հայաստանի տնտեսական ցուցանիշները տպավորիչ են եղել. գրանցվել է երկնիշ տնտեսական աճ եւ շատ ցածր սղաճ, երկրի արտաքին պարտքի դիրքը բարելավվել է։ Ու ամենակարեւորը՝ կրճատվել է աղքատությունը եւ ավելացել զբաղվածության մակարդակը , բարելավվել է հարկահավաքը», - արձանագրեց Ռոդրիգո դե Ռատոն՝ հավելելով, թե ինքը նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի եւ տնտեսական թիմի հետ կայացած հանդիպումների ընթացքում քննարկել է, թե ինչպես կարելի է «այդ ցուցանիշները դարձնել կայուն, տեւական, ու միջնաժամկետ հեռանկարում այն վերածել կրճատված աղքատության»։

Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր կառավարիչը ասուլիսում ասաց նաեւ, որ կառավարությունը պետք է ավելացնի հարկային եկամուտները՝ թափանցիկ եւ անխտրական ճանապարհով, կրճատի հարկային արտոնությունները, ինչպես նաեւ ուժեղացնի հարկային եւ մաքսային վարչարարությունը։

Ինչ վերաբերում է Կենտրոնական բանկին, ապա ըստ դե Ռատոյի, այդ կառույցը պետք է ուժեղացնի ֆինանսական վերահսկողությունը, բարելավի բանկային հատվածի կորպորատիվ կառավարումը, նվազեցնի տոկոսադրույքները, ինչի հետեւանքով կավելանան ներդրումները։

Անդրադառնալով վերջին տարվա ընթացքում հայկական դրամի ուժեղացմանն ու դոլարի արժեզրկմանը՝ դե Ռոտան ասաց. - «Գնաճի դեմ ուղղված կենտրոնական բանկի քաղաքականությունը լավ քաղաքականություն է, քանի որ այն, այսպես ասած, ցածր գնաճի պատմություն է ձեւավորում։ Գլոբալացվող աշխարհում դա շատ կարեւոր է... Դա ամրապնդում է երկրի կայունության մակարդակը, նվազեցնում է դոլարիզացման մակարդակը, մեղմում է էներգակիրների գների աճի հարվածները, խթանում է ներդրումները»:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG