Մատչելիության հղումներ

«Ա1+»-ը «ֆորս մաժորային իրավիճակում»


Երկուշաբթի օրը «Ա1+» հեռուստաընկերության աշխատակազմը Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության վերահսկողության ներքո վերջնականապես ազատեց երկար տարիների ի վեր զբաղեցրած տարածքը Գրիգոր Լուսավորիչ փողոցում:

Շենքում, որը պատկանում է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիային, հեռուստաընկերության կոլեկտիվի վերջին հանգրվանը մի փոքր սենյակ էր, որտեղ նրանք տպագրության են պատրաստում «Այբ-Ֆե» շաբաթաթերթի առաջիկա հինգշաբթի լույս տեսնելիք համարը, որը, ամենայն հավանականությամբ, գոնե որոշ ժամանակ նաեւ վերջինը կլինի:

Ստեղծված իրավիճակը գնահատելով «ֆորս մաժորային»՝ «Ա1+»-ի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը այլ ելք, քան ժամանակավոր հարկադիր պարապուրդն է, չի տեսնում:

«Վերջնականապես մենք մեր զբաղեցրած տարածքը հանձնեցինք ակադեմիային եւ մի նոր «ֆորս մաժորային» փուլ ենք մտնում, որտեղ անելանելիության խնդիր ունենք», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մովսեսյանը:

Կառավարությունը, ինչպես խոստացել էր, «Ա1+»-ին նոր տարածք հատկացրել է Բուզանդի փողոցում: Հատկացված տարածքը, սակայն, Մովսեսյանի խոսքերով, իրավաբանորեն որեւէ մեկի չի պատկանում, ուստի հնարավոր չէ դրա վարձակալության վերաբերյալ պայմանագիր կնքել: Ուստի հարցականի տակ են ինչպես շաբաթաթերթի հրատարակումը, այնպես էլ «Ա1+» ինտերնետային էջի ամենօրյա թողարկումները:

«Մենք ունենք պայմանավորվածություններ ու պայմանագրեր տարբեր գործընկերների հետ, եւ այդ պայմանագրերի կատարումը, իհարկե, լուծելու խնդիր չէ», - ասաց Մովսեսյանը՝ ավելացնելով. - «Ես չեմ պատկերացնում, թե լուծումը երբ է լինելու եւ ոնց»:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG