Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի նորաստեղծ մարմինը սկսեց աշխատանքը


Այսօր Ժնեւում իր աշխատանքը սկսեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների նորաստեղծ խորհուրդը:

Ելույթ ունենալով խորհրդի առաջին նիստում, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանը նշեց, որ նոր մարմնի աշխատանքը պետք է նշանավորի անցյալից հրաժարվելու իրողությունը:

Նախկինում գործող Մարդու իրավունքների հանձնաժողովի գործունեությունը հարուցել էր շատ պետությունների դժգոհությունը: Նորընտիր խորհրդում եւս տեղ են գտել այնպիսի երկրներ, որոնցում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը մեծ կասկածների տեղիք է տալիս՝ Կուբա, Սաուդյան Արաբիա, Ռուսաստան, Ադրբեջան եւ այլն:

Հայաստանը, որը նախկին հանձնաժողովի անդամ էր եւ նույնպես դիմել էր նորաստեղծ խորհրդի անդամության ակնկալիքով, մայիսին չընտրվեց:

47 անդամ ունեցող խորհուրդը, որն առաջին անգամ ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից, նիստեր կգումարի տարին երեք անգամ, մինչդեռ նախկին հանձնաժողովը հավաքվում էր տարին մեկ անգամ:

Խորհրդի առաջին նիստին մասնակցելու նպատակով վաղը Ժնեւ կժամանի Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, որն այսօր մեկնել է Ուկրաինա:


Աննա Կարապետյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG