Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 17-ը հունիսի)

Ազգային ավիացիոն միավորման նախագահ, ԽՍՀՄ վաստակավոր օդաչու Դմիտրի Ադբաշյանը, «168 ժամ» թերթում անդրադառնալով հայկական ինքնաթիռի վթարի պատճառների մասին վերջին օրերին շրջանառվող տարաբնույթ վարկածներին, ասում է. - «Մեր գլխի տակ փափուկ բարձ են դնում, ասելով, թե դժվար է մեղադրել մարդկանց, մանավանդ օդաչուին, զոհվածին, սակայն, ինչ արած, ստիպված ենք դա անել՝ մեղավորն օդաչուն էր: Սակայն ես այս վարկածը չեմ ընդունում: Ես պնդում եմ այն վարկածը, որի մասին ասել եմ՝ օդանավն անկառավարելի վիճակում ընկել է, այսինքն՝ օդաչուները չէին կառավարում ինքնաթիռը ընկնելուց առաջ: Ինչու՞ է ընկել ինքնաթիռը: Որովհետեւ կորցրել է արագությունը: Իսկ արագությունը կորցնելու պատճառը կարող էր լինել այն, որ օդանավը կարող էր մտնել վտանգավոր օդային հոսանքների մեջ»: «Իսկ ուղեւորների, բարձրաստիճան պաշտոնյաների ճնշումը կարո՞ղ էր շեղել օդաչուի ուշադրությունը կամ սխալ կողմնորոշվելու պատճառ դառնալ», - հարցնում է թղթակիցը: Դմիտրի Ադբաշյանը պատասխանում է. - «Պրոֆեսիոնալ մարդու համար այդպիսի բան հնարավոր չէ: Գրիգոր Գրիգորյանի համար էլ, կարող եմ ասել, հնարավոր չեմ համարում՝ նա իսկական պրոֆեսիոնալ էր: Եթե իր վրա ճնշում լիներ, դա կձայնագրվեր»:

«Հայոց աշխարհ»-ը գրում է. - «Հայաստանում արժեզրկվում է ոչ թե դոլարը, այլ պարզապես տեղի է ունենում դրամի արժեւորում: Դրա համար կարող է լինել ընդամենը մի պատճառ՝ դրամի քանակը չի համապատասխանում անհրաժեշտ պահանջարկին: Անհասկանալի է, թե մայիսին, երբ տեղի ունեցավ դրամի ամրապնդում, ինչո՞ւ սպառողական ապրանքների գներն ավելի առաջանցիկ աճ արձանագրեցին: Գների բարձրացումն առավել էական դրսեւորում է ունեցել հատկապես պարենային ապրանքների շուկայում: Միայն մայիսին այս խմբին դասվող ապրանքների գները բարձրացել են գրեթե նույնքան, որքան տարեսկզբի առաջին չորս ամիսներին միասին վերցված: Դրամի ավելի քան 30 կետով ամրապնդումը չազդեց նաեւ ներկրվող ապրանքների գների վրա: Այս տարվա սկզբին սկսված շաքարավազի գնի բարձրացման միտումները պահպանվեցին նաեւ մայիսին»: Թերթի մեկնաբանը եզրակացնում է. - «Ունենալով գնաճը զսպելու նպատակ, դրամի ամրապնդումը փաստորեն չի հանգեցնում այն ազդեցությանը, ինչ կարող էր լինել նորմալ տնտեսական զարգացումների դեպքում»:

«Հայկական ժամանակ»-֊ը վկայում է. - «Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Մուսա Գուլիեւը, որը վերջերս գտնվում էր Երեւանում, հայրենիք վերադառնալուց հետո այնտեղ պատմել է Հայաստանից ստացած իր տպավորությունների մասին. - «Հայաստանի շրջաններում գրեթե բնակչություն չկա, իսկ եղածն էլ ապրում է ցածր կենսապայմաններում: Այն գյուղերում, որոնք սովորաբար հայ բնակչություն են ունեցել, այսօր կենդանի շունչ անգամ չկա, ինչպես նաեւ կենդանի շունչ չկա այն գյուղերում, որտեղից ադրբեջանցիները քշվել են»: Մուսա Գուլիեւը նշել է նաեւ, որ մյուս բոլոր վայրերից Երեւանի կենտրոնը տարբերվում է իր ճոխությամբ, ինչը, ըստ ադրբեջանցու, արվել է միայն մեկ բանի համար. քանի որ Հայաստան ժամանող արտասահմանցիները, որպես կանոն, բնակվում են Երեւանի կենտրոնում գտնվող հյուրանոցներում, ապա, ըստ Գուլիեւի, կենտրոնի վրա շատ փող է ծախսվում՝ արտասահմանցի հյուրերի աչքում տպավորություն ստեղծելու համար, թե Հայաստանում ամեն ինչ հրաշալի է»:

«Ազգ»-֊ն այսօր հարցազրույց է տպագրել ադրբեջանցի հոգեբան Ազադ Իսազադեի հետ: Թղթակիցը հարցնում է. - «Ադրբեջանի խորհրդարանի անդամների մեջ մի ձեռքի մատների վրա կարելի է հաշվել նրանց, ովքեր մասնակցել են ղարաբաղյան պատերազմին: Մինչդեռ Հայաստանում, սկսած նախագահ Ռոբերտ Քոչարյանից, հենց ղարաբաղյան պատերազմի մասնակիցներն են իշխանության մեջ: Սա չէ՞, արդյոք, պատճառը, որ որոշակիորեն ձգձգվում է հայերի օկուպացված տարածքների վերադարձը»: Ադրբեջանցի հոգեբանը պատասխանում է. - «Այո, ես հասկանում եմ, որ նրանք հաղթել են ղարաբաղյան պատերազմը եւ ունեն իշխանության հավակնություններ: Բայց այսօրվա Ադրբեջանի ողջ ողբերգությունն այն է, որ երկրի իշխանության մեջ ոչ թե նրանք են, ովքեր պարտություն են կրել պատերազմում, այլ նրանք, ովքեր տարբեր պատճառներով դրան չեն մասնակցել: Եվ սա սարսափելի բացասական օրինակ է աճող սերնդի համար, որը տեսնում է, թե որքան աղետալի է հայրենիքի համար կռվածների վիճակը, եւ որքան հաջողակ է նա, ով դա չի արել: Սա մեր հասարակության ապատիայի գործոններից մեկն է»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG