Մատչելիության հղումներ

ԱՄՀ-ի գործադիր տնօրենը բարձր է գնահատում Հայաստանում գրանցվող շարունակական տնտեսական աճը


Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր տնօրենը այսօր Երեւանում անդրադառնալով Հայաստանում վերջին հինգ տարիներին արձանագրվող շարունակական տնտեսական աճին, ասաց, որ դրան «նույնիսկ Չինաստանը չի կարողանում հասնել»:

«Դա շատ լավ է, իմ կարծիքով», - հավելեց նա: - «Իհարկե, անելիքներ դեռեւս շատ կան, բայց Հայաստանը ճիշտ ուղղությամբ է ընթանում»:

ԱՄՀ-ի գործադիր տնօրեն Ջերոեն Կրեմերսի եւ Համաշխարհային բանկի գործադիր տնօրեն Ժան Վ. վան դեր Կայի այսօր հրավիրած ասուլիսը նվիրված էր Երեւանում վաղը սկսվելիք Հոլանդիայի ենթախմբի երկրների հանդիպմանը, որին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել ԱՄՀ-ի կառավարիչների խորհրդի նախագահը, ենթախմբին անդամակցող երկրների ֆինանսների նախարարներն ու կենտրոնական բանկերի նախագահները:

Հոլանդական խմբում ընդգրկված են 12 անդամ-պետություններ` Հայաս-տանը, Նիդեռլանդների Թագավորությունը, Բոսնիա-Հերցեգովինան, Բուլղարիան, Իսրայելը, Խորվաթիայի Հանրապետությունը, Կիպրոսը, Մակեդոնիայի Հանրապետությունը, Մոլդովայի Հանրապետությունը, Վրաստանը, Ռումինիան, Ուկրաինան:

ԱՄՀ-ի գործադիր տնօրեն Ջերոեն Կրեմերսի փոխանցմամբ, վաղը փակ դռների հետեւում սկսկվելիք երկօրյա հանդիպման նպատակը կարծիքների եւ փորձի փոխանակումն է:

Լրագրողների հարցին, թե ինչպես է վերաբերում վերջին շրջանում Հայաստանում դոլարի փոխարժեքի անկմանը եւ տնտեսության վրա դրա բացասական հետեւանքերին, ԱՄՀ-ի գործադիր տնօրենը արձագանքեց, թե վաղուց սպասում այդ հարցին, սակայն պատասխանեց շատ հակիրճ. - «Ես կարծում եմ, որ Կենտրոնական բանկի հիմնական եւ առաջնային խնդիրը սղաճը ցածր պահելն է, ինչը իսկապես համապատասխանում է ժողովրդի շահերին»:

Դիտարկմանը, թե արտադրողները եւ արտահանողները մտահոգված են դոլարի փոխարժեքի անկմամբ, ինչի արդյունքում իրենք վնասներ են կրում եւ արդեն մտածում են արտադրությունը տեղափոխել Հայաստանի սահմաններից դուրս, ինչի մասին երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասել էր, մասնավորապես, «Գրանդ հոլդինգ»-ի նախագահ Հրանտ Վարդանյանը, Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը արձագանքեց. - «Այն ձեռնարկությունները, որոնք մրցունակ չեն, կամ պետք է փակվեն, կամ պետք է սնանկանան, կամ պետք է տեղափոխվեն այնպիսի տարածքներ, որտեղ նրանք կարող են իրենց գործունեությունը ապահովել: Մենք ստեղծում ենք միջավայր մրցունակ ձեռնարկությունների համար»:

«Մենք մշտապես մեր ձեռներեցների ուշադրությունը հրավիրում ենք, որ տնտեսական աճի պայմաններում անխուսափելիորեն տեղի է ունենում ռեալ էֆեկտիվ փոխարժեքի փոփոխություն, եւ փրկությունը դա արտադրողականության աճն է», - հավելեց նա:

Իսկ հարցին, թե, չնայած մեծ քանակությամբ դոլարային հոսքին (ինչպես պնդում է Կենտրոնական բանկը), Երեւանի փոխանակման կետերում հատկապես երեկոյան ժամերին հնարավոր չէ դոլար գնել, Սարգսյանը պատասխանեց, որ իրենք ներկայումս իրականացնում են ստուգումներ փոխանակման կետերում եւ արձանագրում են «համատարած խախտումներ»:

«Այդ պրոբլեմը գոյություն ունի, եւ այն ստեղծում են փոխանակման կետերը», - շարունակեց նա: - «[Այդ արտարժույթը] մտնում է ստվերային տնտեսությունը, իսկ դրանք արգելված գործառույթներ են: Մենք պետք է խիստ պատիժներ կիրառենք այդպիսի սուբյեկտների նկատմամբ»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG