Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունում ԱՄՆ֊-ի ներկայացուցիչ Սթիվեն Մաննին փոխարինելու է ԱՄՆ֊-ի պետքարտուղարի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով տեղակալի օգնական Մեթյու Բրայզան», - գրում է «Հայկական ժամանակ»-ը: - «Այս տեղեկատվությունը այսօր արդեն կհերքվի կամ կհաստատվի, որովհետեւ հենց այսօր Փարիզում նախատեսված է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ` համանախագահների մասնակցությամբ: Եվ ահա, մեր տեղեկություններով, հանդիպմանը Բուխարեստում իր հեռանալու մասին հայտարարած Սթիվեն Մաննի փոխարեն ներկայանալու է Մեթյու Բրայզան»:

«Ընդդիմության ճամբարում գաղտնի բանակցություններ են ընթանում», - գաղտնազերծում է «Գոլոս Արմենիի»-ին: - «Տեղեկատվության կազմակերպված արտահոսքը վկայում է, որ կիսաբաց դռների հետեւում ընթացող բանակցությունները վերաբերում են ամերիկամետ նախընտրական դաշինքի ստեղծմանը: Դրա մեջ մտնելու են՝ Արթուր Բաղդասարյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Հովհաննես Հովհաննիսյանը եւ Արամ Զավենի Սարգսյանը»: Իր իսկ բարձրացրած հարցին՝ «Ի՞նչ է ստացվում, երբ միավորվում են 4 ոչ անցողիկ ուժեր», թերթը պատասխանում է. - «Արդյունքում ստացվում է մեկ՝ ընտրողների համար քիչ գրավիչ դաշինք»:

«168 ժամ»-ը շարադրում է. - «Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Սիլ կոնցեռն»-֊ը «Արմենտել»-֊ի միակ հայ պոտենցիալ գնորդը չէ: Մեր տեղեկություններով, ընկերության 90 տոկոս բաժնետոմսերի գնման հայտ է ներկայացրել նաեւ Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը: Նա լոնդոնաբնակ բիզնեսմեն է, ով մինչ վերջերս «Ալկատել» ընկերության խորհրդի նախագահ Սերժ Չուրուկի խորհրդականն էր: Ի դեպ, ազգությամբ հայ Չուրուկին, որն անցյալ տարի Հայաստան էր այցելել, ընդունել էր նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հարկ է նկատել նաեւ, որ «Ալկատել»-֊ը «Վիվա Սելլ»-֊ի սարքավորումների մատակարարն է: Արմեն Սարգսյանը նաեւ աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկի՝ «Բրիթիշ փեթրոլիում»-֊ի խորհրդականն է՝ անցումային տնտեսությամբ երկրներում»:

«Եթե դուք կարծում եք, որ հայաստանցիներին անչափ հուզում են Ազգային ժողովի նախագահի հրաժարականը, Բուխարեստում ղարաբաղյան բանակցությունների հերթական ձախողումը կամ դոլարի արժեզրկումը, ապա չարաչար սխալվում եք», - մատուցում է «Առավոտ» օրաթերթը: - «Համենայն դեպս, «Առավոտ»֊-ի պատվերով անցկացված APR Group ընկերության հեռախոսային հարցման համաձայն, այդ ամենը մեր քաղաքացիներին բավականին քիչ է հուզում: Սոցիոլոգները խնդրել են բնակիչներին նշել վերջին շրջանի երեք կարեւորագույն իրադարձությունները, եւ նրանց 37 տոկոսը առաջին տեղում է դրել Թուրինի շախմատային օլիմպիադայում հայ շախմատիստների հաղթանակը, 24,8 տոկոսը ՝ A320 աերոբուսի վթարը, 22,9 տոկոսը՝ «Եվրատեսիլ»֊-ում Անդրեի հաջողությունը: Նույնիսկ Ռուսաստանում հայերի հանդեպ հաճախակի դարձած բռնությունները՝ որպես կարեւորագույն իրադարձություն, առաջին տեղում է դրել հարցվածների ընդամենը 5,4 տոկոսը»:

«Երկրի բարձրաստիճան ղեկավարությունը շարունակում է թալանել սեփական ժողովրդին» վերնագրի ներքո «Իրավունք»-ը գրում է. - «Ավելի ու ավելի համոզիչ է դառնում այն կարծիքը, որ դոլարի փոխարժեքի հետ կապված գործում է մոտավորապես հետեւյալ մեխանիզմը՝ փոխարժեքը նվազեցնում են 5֊-10 դրամով, սպասում են մի քանի օր եւ նորից կրկնում նվազեցման գործընթացը եւ այլն: Ու այդ կերպ, ըստ մեր աղբյուրների, 1 դոլարի փոխարժեքը կկայունանա 400֊-410 դրամի սահմաններում: Այնուհետեւ, ըստ լավատեղյակ աղբյուրների, հնարավոր է, որ մի որոշ ժամանակահատված անգամ դոլարի փոխարժեքի աճ տեղի ունենա (տղերքը պիտի էժան նախընտրական դոլարներ աշխատեն), որին կրկին կհաջորդի անկումը: Մեր աղբյուրը չի բացառում, որ տարին կեզրափակվի 1 դոլարը 370-֊380 դրամի սահմաններում»:

«Բաղրամյան փողոցով անցնողին կարող է թվալ, թե զբաղեցրած տարածքից վտարվելու հերթը հասել է Ռոբերտ Քոչարյանին եւ նախագահի աշխատակազմին՝ Արմենչիկով հանդերձ», - ազդարարում է «Տարեգիր»-ը: - «Մասնակիորեն քանդված է նստավայրի պարիսպը: Բակում հայտնվել է քանդող բրիգադը: Մի քաղաքացի խնդրեց մեր թերթի միջոցով ընդդիմությանը հայտնել, որ ստեղծված իրավիճակում պահը նպաստավոր է միանգամայն սահմանադրական ճանապարհով նախագահական նստավայր ներխուժելու, գրավյալ տարածքից Քոչարյանին հեռացնելու եւ իշխանափոխություն իրականացնելու համար»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG